Ծառուկյանը խորհրդարան էր եկել՝ ԲՀԿ վերակողմնորոշումը լեգիտիմացնելու
Երեկ ԱԺ-ում մեծագույն իրադարձություն էր. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մեկ տարվա ընթացքում վերջապես մի 20 րոպե ժամանակ էր գտել ԱԺ գալու համար։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի թիմակիցներն ու մամուլի քարտուղարը ԱԺ նախորդ երկու նստաշրջաններին նրա բացակայությունը պայմանավորում էին այն հանգամանքով, որ Ծառուկյանը չափազանց կարևոր գործով է զբաղված։ Չնայած պետք է նկատի ունենալ, որ Ծառուկյանի միակ և հիմնական գործն ԱԺ-ում է, քանի որ նա հաստիքացուցակով ԱԺ պատգամավոր է։
Բայց այդ այցը նշանավոր էր ոչ միայն ֆորմալ, այլև բովանդակային իմաստով։ Այն պահին, երբ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցում նախագահական ընտրություններին, իսկ ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին, կարելի էր միայն գուշակել, թե քաղաքական դաշտի ո՞ր կողմում է լինելու Ծառուկյանը։ Երեկ գալով խորհրդարան, նա տվեց նաև այդ հարցի պատասխանը։ Խնդիրը միայն այն չէ, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարը խորհրդարանի դահլիճը լքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ընկերակցությամբ, և այն էլ՝ ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքով։
Երեկ տեղի ունեցավ առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող մի քվեարկություն, որը բացահայտեց թե քաղաքական դաշտի ո՞ր հատվածում է իրեն պատկերացնում ԲՀԿ-ն։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը ներկայացրել էին որոշման մի նախագիծ, որով առաջարկում էին ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով ՀՀ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար։ Այս որոշման նախագիծը գլխադասային՝ Բնապահպանության հարցերի հանձնաժողովում չէր ստացել բացասական եզրակացություն, և, որպեսզի այն մտներ ԱԺ օրակարգ, խորհրդարանը պետք է իր քվեարկությամբ դրա մասին որոշում կայացներ։
Երբ հարցը դրվեց քվեարկության՝ այն ստացավ 16 կողմ և 64 դեմ ձայն։ Խորհրդարանական երեք ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները կողմ էին քվեարկել, իսկ ՀՀԿ և ՕԵԿ ներկայացուցիչները՝ դեմ։ Իսկ ի՞նչ էին արել ԲՀԿ ներկայացուցիչները՝ նրանք չէին մասնակցել քվեարկությանը, բոյկոտել էին քվեարկությունը։
Առաջին հայացքից թվում է, որ տեղի ունեցածի մեջ ոչ մի արտառոց բան չկա, ԲՀԿ-ն երբեք էլ չի հայտարարել, որ ինքն ընդդիմություն է կամ իշխանություն, այլ հանդես է եկել՝ որպես այլընտրանք, և այս քվեարկության ժամանակ էլ չի պաշտպանել ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ երբ քննարկվում էր Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը, ԲՀԿ-ն հստակ հայտարարում էր, որ իրենք կողմ են ընդդիմության այդ առաջարկին և նույնիսկ իրենց խմբակցության անդամ պատգամավորին վիրահատությունից էին հետ բերում, իսկ մեկ այլ պատգամավորի՝ Մոսկվայում «տրապի տակից» էին հետ վերադարձնում Երևան։ ԲՀԿ-ն ընդդիմության նման դեմ էր քվեարկում բյուջեին ու կառավարության մյուս նախաձեռնություններին։ Բայց դա՝ մինչև այն պահը, երբ ԲՀԿ-ն կորոշեր, որ չի մասնակցում նախագահական ընտրություններին։ Դրանից հետո ԲՀԿ-ն վերակողմնորոշվել է։
Դրա ապացույցը երեկվա ԲՀԿ-ի բոյկոտն էր, որը նույնն է, ինչ ՀՀԿ-ի կամ ՕԵԿ-ի դեմ քվեարկելը։ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված որոշման նախագիծն օրակարգ մտցնելու համար պետք էին կողմ ձայներ։ Իսկ թե դրա ընդունմանը դեմ արտահայտվողները դեմ էին քվեարկում, թե բոյկոտում էին քվեարկությունը՝ որևէ նշանակություն չունի, դրանից կողմ ձայների քանակը չէր ավելանում։
Պետք է նկատի ունենալ մի հանգամանք ևս. ԲՀԿ-ն ՀՀԿ-ի տեսակետը պաշտպանեց մի այնպիսի հարցում, որն իր էությամբ քաղաքական չէր, այլ տնտեսական և էկոլոգիական էր։ Բայց այն քաղաքական էր այլ առումով. այն պետք է ցույց տար՝ արդյոք ԲՀԿ-ն նախկինի նման շարունակելո՞ւ է կողմ քվեարկել ընդդիմության նախագծերին, թե՞ անցնելու է իշխանության՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմը։ Երեկվա քվեարկությունը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն վերակողմնորոշվել է, Ծառուկյանը խորհրդարան էր եկել այդ վերակողմնորոշման ակտին ներկա գտնվելու, իր ներկայությամբ այդ վերակողմնորոշումը լեգիտիմացնելու համար։ Պատահական չէ, որ հենց այդ քվեարկությունից հետո Գալուստ Սահակյանն ընկերակցեց նրան։