Կօգնի՞ հայրենի օլիգարխներին ընթերցանությունը

Ինչպես օրերս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր իր տարեկան զեկույցում արձանագրել, ի տարբերություն նախորդ ընտրական գործընթացների, 2012-ի մայիսվեցյան խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններում ուղղակի բռնութան դեպքերը լրագրողների նկատմամբ նվազել էին: Փոխարենն, իհարկե, 2011-2012 թվականներին, «Վիրավորանքի և զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացումից հետո աննախադեպ թվով դատական հայցեր գրանցվեցին ոչ իշխանական լրատվամիջոցների դեմ` հաշվեհարդարը տեղափոխելով ֆինանսկան ճնշումների հարթություն:

«Այս պատմություններից պետք է բոլորը դասեր քաղեն. լրատվամիջոցները և լրագրողները, մանավանդ, երբ խոսքը գնում է քննադատության մասին,  պետք է զգոն լինեն, մանրակրկիտ ստուգեն փաստերը, մյուս կողմից, իհարկե, քաղաքական գործիչները պետք է ուսումնասիրեն, չալարեն և կարդան Եվրոպական դատարանի նախադեպերը, ծանոթանան, տեսնեն, թե քաղաքակիրթ երկրներում ինչպիսինն են հարաբերությունները մամուլի և քաղաքական գործիչների, մամուլի և հայտնի մարդկանց միջև»,- galatv.am-ի հետ զրույցում նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Galatv.am-ի հարցին, թե մասնագետի կարծիքով, այդ ընթերցանություններն ու միջազգային փորձի ուսումնասիրությունները գործնականում դրական արդյունք կարո՞ղ են ունենալ, եթե գործարարը կամ քաղաքական գործիչը  նպատակ ունի փակել տվյալ լրատվամիջոցը կամ ֆինանսական լուրջ հարված հասցնել` իմանալով, որ թիկունքում կա դատական իշխանության աջակցությունը, Աշոտ Մելիքյանն արձագանքել է.

«Այդ ամենը կա, իհարկե, և այդտեղ արդեն լրագրողական հանրությունը  պետք է ոտքի կանգնի, պետք է լրագրողական համերաշխություն ցուցաբերի: Չնայած մեզանում դա շատ դժվար է, որովհետև լրատվամիջոցները բաժանվել են տարբեր քաղաքական և տնտեսական  ճամբարների և սպասարկում են տարբեր քաղաքական շահեր»:

Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, գալիս  է ժամանակ, երբ  լրագրողական համերաշխություն պետք է լինի և միասնական ընդվզում:

Տեսանյութեր

Լրահոս