Բաժիններ՝

Լյարդո՞վ, թե՞ գլխով. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Պարույր Հայրրկյանը կրկին խոսեց «չեկիստների» մասին՝ իր դեմ մահափորձի համատեքստում։ Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ամբողջապես չեմ հասկանում, որովհետև «չեկիստ», «կագեբե», «գործակալ» բառերն օգտագործվում են տարբեր իմաստներով։

Օրինակ՝ 94 թվականին, բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ (այն ժամանակ սոցիալական ցանցեր և կայթեր չկային, և հայհոյանքների մեծ մասը հնչում էր բանավոր), արմատական ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանը, ի թիվս այլ մեղադրանքների և հայհոյանքների, ինձ անվանեց «կագեբեի գործակալ»:

Որքան հասկանում եմ, իմ կողմից հարգված այս գործիչը նկատի ուներ ինչ-որ վատ, բացասական երևույթ։ Աոիթ չեմ ունեցել ճշտելու, թե որ մի «կագեբեն» նա նկատի ուներ՝ խորհրդայի՞ն, ռուսակա՞ն, թե՞ հայկական։ Խորհրդային «կագեբեի» գործակալը, իմ պատկերացմամբ, մասնավորապես նա է, ով «խաբար է տալիս», թե ով է խնջույքի ժամանակ անեկդոտ պատմել Բրեժնևի մասին, և հետո այդ պատմողը խնդիրներ է ունենում իր աշխատավայրում։

Բայց 1985 թվականից հետո այդ խնդիրը չկա, և նման նողկալի մատնագրերով զբաղվող մարդիկ իրենց համար գործունեության այլ բնագավառներ են գտել։ Օրինակ՝ դարձել են «ազգային գործիչներ»:

Բայց բացասական իմաստով «չեկիստներն» այսօր էլ գոյություն ունեն։ Օրինակ՝ նրանք, ովքեր գաղտնալսել և տարածել են Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցությունը սրճարանում։ (Եթե նրանք չեն արել, ապա վաղուց կբացահայտեին, մեղավորն էլ վաղուց նստած կլիներ, ինչպես որ դա եղավ մի դերասանուհու դեպքում)։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ իմաստով է նման գաղտնալսումը նպաստել մեր ազգային անվտանգությանը։ Ոչ մի։ Սա հենց այն դեպքն է, երբ հատուկ ծառայությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով։

Հավանաբար, երբ Հայրիկյանը և մնացած այլախոհները խոսում են «չեկիստների» մասին, նրանք նկատի ունեն հենց դա` քաղաքական գործառույթներ ունեցող նմանատիպ կառույցները։

Բայց պետություններն այդ կառույցների միջոցով սեփական երկրում և այլ երկրներում իրականացնում են գործողություններ, որոնք բխում են իրենց՝ այդ պետությունների քաղաքական շահերից։ Խոսքը, հետևաբար, ոչ թե առհասարակ քաղաքական գործառույթների մասին է, այլ այնպիսի գործառույթների, որոնք ուղղված են ոչ թե պետության, այլ իշխանության շահերի բավարարմանը։ Մնում է միայն ապացուցել, որ որևէ պետությանը կամ թեկուզ որևէ երկրի իշխանությանը ձեռնտու է Հայաստանում անկայուն վիճակ ստեղծել։

…Հատված խորհրդային մի հին ֆիլմից, որի անունը չեմ հիշում։ Ձերժինսկին պատժում է իր ստորադաս մի նավաստու, որը «սխալմամբ» գնդակահարել է ինչ-որ մի կասկածելի «ինտելիգենտի»։ Նավաստին արդարանում է. «Ֆելիքս էդմունդովիչ, հակա էր նա, հակա, ես լյարդով էի դա զգում»։ «Հաջորդ անգամ,– խիստ տոնով ասում է «չեկա»-ի ղեկավարը,– կմտածեք ոչ թե լյարդով, այլ գլխով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս