Ադրբեջանը գնելու է թուրքական արտադրության T-129 ATAK տիպի 60 ուղղաթիռ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանը գնելու է թուրքական արտադրության T-129 ATAK տիպի 60 ուղղաթիռ: Ադրբեջանն արդեն իսկ դրանք պատվիրել է Թուրքական Օդագնացության ու տիեզերական արդյունաբերական ընկերությանը (TAI):
Թուրքիայում այդ ուղղաթիռների զանգվածային արտադրությունը մեկնարկելու է այս տարի: Այդ ուղղաթիռները կարող են զարգացնել մինչև 300 կմ/ժամ արագություն և թռիչքներ իրագործել ամեն տիպի եղանակային և վատ տեսանելիության պայմաններում:
Ադրբեջանական կողմի վրա T-129 ATAK տիպի 60 ուղղաթիռի գնումն արժենալու է 3 միլիարդ դոլար: Ադրբեջանից բացի, տվյալ ուղղաթիռների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄԷ-ն, Մալայզիան, Պակիստանն ու Հորդանանը: Ներկայումս Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը երկրի զինված ուժերին ապահովում է ռազմական տեխնիկայի 50 տոկոսով:
Հիշեցնենք, որ ըստ «թուրքական Վիկիպեդիայի»՝ T-129 Atak-ի առաջին փորձնական թռիչքն իրականացվել է 2011թ. օգոստոսի կեսերին: Ուղղաթիռի երկարությունը կազմում է 14.6 մետր, բարձրությունը` 3.4 մետր, լայնությունը` 4.5 մետր, դատարկ քաշը` 2.9 տոննա, առավելագույն թռիչքային քաշը` 5 տոննա, առավելագույն ռազմական բեռնվածությունը` 1.2 տոննա, առավելագույն արագությունը` 269 կմ/ժամ (145 հանգույց), առավելագույն հեռահարությունը` 561 կիլոմետր, վառելիքի տարողությունը` 750 կիլոգրամ: Անձնակազմը բաղկացած է երկու հոգուց` վարորդ և նշանառու: