Ադրբեջանում շատերը հասկանում են ղարաբաղյան ողբերգության էությունը
Ադրբեջանի ժողովրդական գրող Ակրամ Այլիսլի «Քարե երազներ» գիրքը բողոքի մեծ ալիք է առաջացրել Ադրբեջանում: Նրա տան դիմաց կազմակերպվում են ակցիաներ, անարգում են նրա գիրքը, նրան հռչակել են հայ և պահանջում են հեռանալ Ադրբեջանից: Ռուսական «Ռեգնում» գործակալությունը հարցազրույց է հրապարակել Ակրամ Այլիսլիի հետ, որը կարող է ավելի ծանրացնել նրա վիճակը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Դուք երկար տարիներ է՝ գրում եք, բայց ձեր ոչ մի մի ստեղծագործություն այսքան բուռն արձագանքի չի արժանացել: Դուք նման բան սպասո՞ւմ էիք:
-Ես չէի մտածում, որ վեպը աննկատ կմնա, բայց չէի սպասում, որ արձագանքը կհասնի այս աստիճանի: Ես միշտ համարել եմ, որ ապրում եմ առաջադեմ, ժողովրդավարական պետությունում, որտեղ Սահմանադրությամբ երաշխավորված են ինքնարտահայտման ազատությունը, խոսքի ազատությունը: Հավանաբար իմ քննադատները թքած ունեն Սահմանադրության վրա, նրանք շահագրռված են իրավիճակի ծայրահեղ թեժացմամբ, և այդ նպատակով առաջին հերթին խեղաթյուրում են վեպի իմաստը, փորձում են այն քաղաքականացնել, երկրորդը՝ օգտագործում են ժողովրդական զանգվածներին, որպեսզի դրանով ցույց տան իրենց գնահատականների անաչառությունը: Այդպիսով նրանք փորձում են իմաստազրկել «Քարե երազների» իմաստը և էությունը, որը գեղարվեստական ստեղծագործություն է և ոչ ավելին:
-Ձեր նկատմամբ ճնշում է գործադրվում: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ ճնշումը ձեզ կարող է ստիպել հրաժարվել գրական գործունեությունից:
-Ես չեմ արել ոչինչ, որից կարող եմ հրաժարվել: Ես երբեք չեմ թաքցրել հայերի և ադրբեջանցիների միջև եղած հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության մասին իմ տեսակետները, իմ կարծիքը միշտ հայտնի է եղել: Ես չեմ փոխի իմ դիրքորոշումը և կշարունակեմ հանդես գալ հանուն խաղաղության, բարեկամության, երկու ժողովուրդների միջև լավ հարաբերությունների հաստատման, ինչն արդեն գոյություն ունեցել է և ինչի կարիքը ես այդքան ունեմ:
-Դուք հանդես եք գալիս հանուն խաղաղության և բարեկամության, բայց դրա դիմաց ստանում եք ձեր տան դիմաց վառվող լուսանկարներ և մեղադրանքներ դավաճանության մեջ:
-Այդ բողոքի ակցիաները կազմակերպված էին: Համոզված եմ, որ իմ տան դիմաց բղավող երիտասարդներից ոչ ոք չէր կարդացել իմ վեպը: Նրանց ակցիան ոչ մի հասարակական նշանակություն չունի, քանի որ բողոքողները հրաման էին կատարում: Բացի այդ, Ադրբեջանում կա այլ երիտասարդություն…Ինձ ամեն օր զանգահարում են, շնորհակալություն են հայտնում, շնորհավորում են վեպիս լույս ընծայման առիթով: Մեր երկրում շատերն արդեն հասկանում են հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ողբերգության էությունը, շատերը խաղաղություն են ցանկանում: Ադրբեջանը արդեն այլ երկիր է, և ես ուզում եմ, որ Հայաստանը նույնպես փոխվի: Ինձ մեղադրում են իմ ժողովրդին դավաճանելու մեջ, բայց ես շատ հավատարիմ եմ նրան և ուզում եմ որ հայերի ու ադրբեջանցիների միջև խաղաղություն լինի, քանի որ մենք ցանկացած դեպքում պետք է ապրենք միասին, կողք կողքի: Մեր ժողովուրդներին խաղաղություն է պետք:
-Դուք պնդում եք, որ ձեր և ձեր ստեղծագործության դեմ իրականացված բողոքի ակցիաները կազմակերպված էին: Դուք նկատի ունեք իշխանությա՞նը:
-Իհարկե:
-Ինչո՞ւ է ինչ որ մեկին, այս դեպքում Ադրբեջանի իշխանությանը, պետք բողոքի արշավ կազմակերպել մի մարդու դեմ, ով երկու ժողովուրդների բարեկամության և բարգավաճման ջատագովն է:
-Որովհետև նրանք շահագրգռված չեն դրանում: Հակամարտությունը նրանցից շատերի կարիերայի համար ցատկահարթակի դեր է կատարել, նրանք դրա շնորհիվ իշխանություն են ստացել, պաշտոններ, և պատերազմը նրանց օգնել է: Ես չեմ տեսնում շահագրգռվածություն, որ հակամարտությունը լուծվի: Տեղի ունեցածի համար մեղավոր են ոչ թե հայերը կամ ադրբեջանցիները, այլ նրանք ովքեր դրա միջոցով բարձրացել են:
-Դուք գրող եք, նշանակում է նաև մտածող: Հայաստանի և Ադրբեջանի, հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների նորմալացման ի՞նչ բաղադրատոմս կառաջարկեիք:
-Դուք հարցնում եք քաղաքականությունից, բայց ես դրանով չեմ զբաղվում: Ես չեմ կարող քաղաքական գործիչներին ասել՝ ինչ կամ ինչպես անել: Միակ բանը, որ կցանկանայի, որ նրանք չմտնեին իմ ստեղծագործության մեջ:
-Չե՞ք վախենում Ձեր կյանքի համար:
-Կյանքն այնպիսին է, որ վտանգը կարող է սպառնալ ամեն քայլափոխի: Ամեն դեպքում, եթե ինձ ֆիզիկապես վերացնեն, ես արդեն ասել եմ,թե ով կարող է կանգնած լինել դրա հետևում:
-Չե՞ք ցանկանում լինել Հայաստանում:
-Տա Աստված ամեն ինչ կարգավորվի, ես մեծ հաճույքով կգնամ Երևան: Կարելի էր կազմակերպել տարբեր միջոցառումներ Հայաստանի և Ադրբեջանի մշակույթի և արվեստի գործիչների հանդիպումներ…Մենք խոսելու և քննարկելու շատ բան ունենք: Ես միշտ դրա կողմնակիցն եմ եղել, հանդես եմ եկել դրա օգտին: Ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց, որ մենք այսքան օտար դարձանք: Թող կրքերը հանդարտվեն, և եթե ես առիթ ունենամ, ապա մեծ ուրախությամբ կգնամ:
-Դուք սկսում եք «Քարե երազները» իրենց հետևից չողբացած ցավ թողած երկրացիների մասին խոսքերով: Դուք ունե՞ք հայ բարեկամներ, ում կարիքն ունեք, կարոտում եք:
-Ես հայերի շրջանում շատ մտերիմներ և բարեկամներ ունեի, որոնցից շատերը այլևս կենդանի չեն: Ես հատկապես կարոտում եմ Հրանտ Մաթևոսյանին, ով մահացել է 2002թ.: Ես կցանկանայի մեկ անգամ ևս հանդիպել նրան:
Կարելի է միայն հպարտանալ այն քաղաքացիական խիզախությամբ որ ունի ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսլին, ով իր վեպով վտանգի տակ է դրել ոչ միայն խաղաղ ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, այլ իր ֆիզիկական գոյությունը: Կարդալով այս հարցազրույցը միտք է առաջանում, իսկ կա՞ Հայաստանում նման մտավորական, նման գրող ով կարող է նույնքան խիզախ լինել, նունյքան համարձակ, որ կկարողանա դեմ գնալ պետական և պաշտոնական քարոզչությանը: Ցավոք, մտքովս այդպիսի գրող կամ ստեղծագործող չի անցնում: