Բաժիններ՝

«Հայ ռեժիսորները տառապում են փարաջանովական հիվանդությամբ». Գոռ Կիրակոսյան

Նոյեմբերի վերջին Հայաստանում էկրան բարձրացավ «Կորած-մոլորվածը Հայաստանում» կատակերգությունը (անգլալեզու տարբերակը` «Lost and found in Armenia»), որի ռեժիսորն ամերիկաբնակ երիտասարդ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն է։ Ֆիլմի դիտումից ստացված արձագանքների և կինոարտադրության ոլորտի խնդիրների մասին 168.am-ը զրուցել է «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի ռեժիսորի հետ։

– Գոռ, Հայաստանում ինչպիսի՞ արձագանք ունեցավ «ԿորածմոլորվածըՀայաստանում» ֆիլմը: Արդարացրե՞ց  Ձեր սպասելիքները:

– Դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ի՞նչ արձագանք ունեցավ, որովհետև ես Հայաստանում չէի գտնվում։ Ինձ հասած լուրերով` ֆիլմը հանդիսատեսի կողմից շատ է սիրվել և մոտ երկու ամսից ավելի է` այն ցուցադրվում է կինոթատրոններում։

Սա թվով Ձեր ո՞րերորդ աշխատանքն է: Մոտ ապագայում ի՞նչ ֆիլմեր են սպասվում:

Կարդացեք նաև

– «Lost and Found in Armenian»-ն իմ երկրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Իսկ հունվարի 24-ին դուրս եկավ իմ երրորդ ֆիլմը` «Bilet na Vegas»-ը։ Այն ողջ Ռուսաստանով և ԱՊՀ տարածքով տրվել է վարձակալության։ Այսօր մոտ 1200 էկրանների վրա ֆիլմը ցուցադրվում է։ Աշխատում եմ նաև նոր ֆիլմի սցենարի վրա. հույսեր կան, որ այս տարի կսկսենք նկարել։ Ֆիլմը կոչվում է «Funeral Business»։

Դուք հիմնականում ստեղծագործում եք կոմեդիայի ժանրում, այլ ժանրերի մեջ Ձեզ փորձե՞լ եք կամ կփորձե՞ք:

– Ես ինձ կոմեդիայի ժանրում շատ հանգիստ եմ զգում, ինձ մոտ դա ստացվում է, որովհետև ունեմ հումորի մեծ զգացում։ Ցանկանում եմ ապագայում այլ ոճի ֆիլմեր ևս նկարել։ Շատ կցանկանամ նկարել պատմական ֆիլմ կամ թրիլեր ոճի ֆիլմ։

Այսօր Հայաստանում ևս  հիմնականում ստեղծվում են կոմեդիաներ: Ձեր կարծիքով` ո՞րն է պատճառը: Լավ վաճառվող «ապրան՞ք» է, դրա՞ համար է շեշտը դրվում նման ֆիլմերի վրա:

– Չէի ասի, որ Հայաստանում միայն կոմեդիա է արտադրվում, ուղղակի, հակառակ մնացած տեսակի ֆիլմերի` կոմեդիան ավելի է աչքի ընկնում։ Կոմեդիան ֆիլմի լավ ժանր է, որովհետև կարողանում է հանդիսատեսին մի քանի ժամով անջատել իր կյանքի հոգսերից և ուրախացնել։ Իհարկե, համաձայն եմ, որ հիմա Հայաստանում կոմեդիան ավելի շատ է հանդիսատես բերում, և այն ավելի լավ վաճառվող «ապրանք» է։

Որպես ռեժիսոր` ի՞նչ եք կարծում, հաջողված ֆիլմ ունենալու համար ի՞նչ է անհրաժեշտ` լավ սցենա՞ր, հայտնի դերասաննե՞ր, մեծ բյուջե՞

– Եվ նաև շատ լավ մարքետինգ է անհրաժեշտ։ Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, և կինոյի մշակույթն այստեղ այնքան էլ զարգացած չէ, և մենք չունենք մեծ հանդիսատեսի քանակ, դժվար է նկարել մեծ բյուջեով ֆիլմ. ծախսված գումարը երբեք չես կարողանա հետ բերել։

– Հայկական կինոարտադրության ռեժիսորական թերությունները որո՞նք են: Ի՞նչ սխալներ եք նկատում:

– Շատ ժամանակ նկատում եմ, որ ֆիլմն անհաջող է, որովհետև այն պատմության հետ կապված մեծ խնդիրներ ունի. ֆիլմը ճիշտ չի պատմվում։ Մենք` ռեժիսորներս, պատմություն պատմող ենք և այն պատմում ենք մեր տեսանկյունով։ Եթե դա չկա՝ ֆիլմը փուչ է։ Ես շատ եմ նկատում, որ հայ ռեժիսորները նաև տառապում են փարաջանովական հիվանդությամբ։ Նրանք փորձում են անել մի այնպիսի ֆիլմ, որն, ըստ իրենց՝ բարձր արվեստ է, և մենք չենք հասկանում այն… Ժամանակները փոխվել են, այդպիսի ֆիլմերով չես կարող զարմացնել այսօրվա հանդիսատեսին։

Ինչո՞ւ Հայաստանում կինոարտադրությունն այդքան արագ չի զարգանում:

–  Հայաստանում չկա դպրոց, ու չկա նաև հանդիսատես։

Խնդիրը որակյալ մասնագետների՞, թե՞ տեխնիկայի բացակայության և հատկացված բյուջեի մեջ է:

– Ցավոք սրտի, Հայաստանում հիմա իրոք մասնագետներ չկան։ Դու կարող ես ունենալ աշխարհի ամենալավ տեխնիկան, բայց եթե մասնագետը չի կարողանում այն օգտագործել ինչպես հարկն է, տպավորություն է ստեղծվելու, թե ֆիլմդ I-phone-ով ես նկարել։

Որպես ռեժիսոր` ի՞նչ եք կարծում, ի՞նչը փոխելու կամ զարգացնելու դեպքում հայկական արտադրության ֆիլմերը կկարողանան մասնակցել միջազգային մեծ փառատոների և մրցանակներով հետ վերադառնալ:

– Այս երկրում շատ բան պետք է փոխվի, որ կարողանանք այդպիսի արդյունք ունենալ։ Պետք է դպրոց ունենալ, երիտասարդ ռեժիսորներին ստեղծագործելու հնարավորություն տալ, կինոարտադրության մեջ գումար ներդնել։ Չեմ կարծում, որ այս փոփոխությունները Հայաստանում շատ արագ տեղի կունենան։ Տասնյակ տարիներ են անհրաժեշտ, որ այն զարգանա։

gorgor4 gor3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս