Ադրբեջանը շարունակում է մնալ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման գոտի. Human Right Watch

Human Right Watch (HRW) հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականին աշխարհի ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին թվով 23-րդ տարեկան զեկույցը:

Զեկույցում՝ Ադրբեջանին նվիրված հատվածում, նշված է, որ Ադբեջանում մթնոլորտը ակնհայտ թշնամական է դարձել քաղաքական ակտիվիստների, անկախ ու ընդդիմադիր լրագրողների համար: Իշխանությունները ձերակալություններն օգտագործում են որպես քաղաքական վրեժխնդրության գործիք և ուժի միջոցով ցրել է խաղաղ ակցիաները:

Զեկույցում ուշադրություն է հրավիրված նրա վրա, որ մայիսին Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի նախաշեմին ադրբեջանական ոստիկանությունը բռնի ուժով ցրել է Բաքվի կենտրոնում անցկացված մի շարք ակցիաներ: Տասնյակ խաղաղ ցուցարարների մտցրել են ավտոբուսներ և ծեծի են ենթարկել, ինչից մի քանի ժամ անց բաց են թողել նրանց:

Զեկույցում խոսք է գնում նաև նախորդ տարվա նոյեմբերին Ադրբեջանի խորհրդարանի կողմից չարտոնված ակցիաների կազմակերպման ու մասնակցության համար նախատեսված տուգանքների կտրուկ մեծացման մասին: Չարտոնված ակցիաների կազմակերպման համար սահմանված տուգանքի չափը հասցվել է 3000 մանաթի (3822 դոլար), իսկ մասնակցության տուգանքը՝ 1000 մանաթի (1274 դոլար):

Ադրբեջանում պահպանվում է քաղաքական շարժառիթներով ազատազրկման խնդիրը: 2012 թվականի հունիսին ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկի պատրաստած զեկույցում նշված էր, որ Ադրբեջանում առկա է 89 քաղբանտարկյալ, որոնցից 9-ը ազատ արձակվեցին այս զեկույցի հրապարակումից անմիջապես առաջ:
Ադրբեջանում շարունակում են անպատիժ կտտանքներն ու չթույլատրված վերաբերմունքը: 2012 թվականի առաջին 8 ամիսներին ստացվել է  այդ մասին 136 դիմում:

2012 թվականին Բաքվի բնակիչներն անշարժ գույքի հարցում տուժել են «Եվրատեսիլի» տենդագին նախապատրաստումից: Ադրբեջանի իշխանությունները 2008 թվականից փոխում են Բաքվի ճարտարապետական տեսքը, ինչն ուղեկցվում է անշարժ գույքի հարյուրավոր օբյեկտների ապօրինի խլմամբ: Դա հիմնականում վերաբերում է միջին խավին, որոնցից գլխավորապես խլում են առանձնատներ ու բնակարաններ՝ զբոսայգիներ, մայրուղիներ ու էլիտար շենքեր կառուցելու համար:

2012 թվականին Ադրբեջանի կառավարությունը շարունակել է խստացնել կրոնի ազատության սահմանափակումները: Դեռևս 2011 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրենսդրական ուղղումներ, որոնց համաձայն, երկրում պետության կողմից չարտոնված կրոնական գրականության պատրաստումը, ներկրումն ու տարածումը պատժվում են քրեական պատասխանատվությամբ:

Զեկույցում նաև խոսք է գնում տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի մասին, որին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանելու համար հունգարական դատարանը 2004 թվականին դատապարտել էր ցմահ ազատազրկման և որը նախորդ տարի արտահանձնվեց Ադրբեջանին:

Բազմաթիվ օտար երկրների կառավարություններ ու միջազգային կառույցներ դատապարտել են Սաֆարովին ներում շնորհելու մասին նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս