Գյուղերում աշխատում է ՀՀԿ-ի «մաֆիան»
168.am-ը Արարատի մարզի Սուրենավան և Տափերական գյուղերում փոքրիկ հարցախույզ է անցկացրել` հետաքրքրվելով գյուղացիներից, թե ի՞նչ սպասելիքներ ունեն նախագահական ընտրություններից:
Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Աղանուշ պապի խոսքով` նախագահական ընտրություններից սպասելիքներ շատ ունի, բայց համոզված չէ, թե կիրականա՞ն այդ սպասելիքները: «Մենք էլ ենք ուզում, որ փոխվի, մենք էլ ենք ուզում, որ ուրիշ ընտրվի, կարգին ընտրություն անենք: ժողովրդի վիճակը դժվար է, ջուրը թանկ ա, ամեն ինչ թանկ ա, գյուղացին չի կարում ապրի, եղածն էլ արտագաղթում են»,- ասաց Աղանուշ պապը: Նրա խոսքերով` հավանական է, որ Սուրենավանը չի ընտրի Սերժ Սարգսյանին: Իսկ հարցին, թե, օրինակ, իշխող կուսակցությունից գյուղացիներին ուղղորդո՞ւմ են, թե ում ընտրեն, տարեց մարդը պատասխանեց. «Չգիտեմ, մաֆիա ա, էլի… Գալիս են, ասում են` էս ձևի…»: Տափերական գյուղի բնակչուհի, հայոց լեզվի և գրականության նախկին ուսուցչուհի Ալվարդ Զաքարյանն էլ այլևս որևէ ակնկալիք չունի ընտրություններից: «Ընտրությունները ոչ մի բան էլ չեն փոխի մեր կյանքում: Ես 40 տարվա մանկավարժ եմ, տունս մի կողմ փլված, որբ երեխա եմ պահել,- ասաց նա` շարունակելով,- Հույսը մեռնում է, նորից չի գալիս հույսը: Հույսը մի անգամ է գալիս»: Իսկ նրա համագյուղացիներից Արամ Պողոսյանն էլ նշեց, որ ընտրության գնալու է, բայց դեռ չգիտի, թե ում է ընտրելու: «Ժողովուրդը դարձել ա անտարբեր, նիհիլիստ ա: Հույս ունենք, որ լավ կլինի»,- ասաց Ա. Պողոսյանը: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե Սերժ սարգսյանի վերընտրվելու դեպքում ինչպե՞ս են պատկերացնում գյուղացիների վիճակը, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Դե իշխանության խոսքը ես չեմ լսել: Իշխանությունները դեռ չեն եկել մեր գյուղ»: