ՀՀՇ-ի Գևորիկը` Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանում (տեսանյութեր)
Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած որոշ միջադեպեր վկայում են այն գորշ իրականության ու հեռանկարի մասին, որ շարունակվելու է Հայաստանում փետրվարի 18-ին հաջորդող հինգ տարիների ընթացքում: Խոսքը մասնավորապես անցած շաբաթվա վերջին Դավիթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Չեբուրաշկայի րեչ» ասող և հունվարի 28-ին Եռաբլուրում դժգոհող կանանց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի մասին է:
Առաջին հայացքից՝ դրանք կարող են թվալ ոչ այնքան կարևոր, ընթացիկ նշանակության միջադեպեր: Իրականում, սակայն, այդ միջադեպերը, մեկը՝ ծիծաղաշարժ, մյուսը` տխուր նրբերանգներով, արտահայտում են մի կողմից՝ այն արժեքային, մշակութային հոգեվիճակը, որով ապրում է Հայաստանը, մյուս կողմից` իշխանության` արխաիկ վիճակին հասնելու ընթացքը, որը կարող է շատ ավելի վտանգավոր դառնալ ընտրություններից հետո:
«Չեբուրաշկայի» պատմության մեջ իրականում շատ ավելի մտահոգիչ էր Սերժ Սարգսյանի պատասխանն այդ կնոջ ցնդաբանություններին, քան ինքնին փաստը, որ որևէ դրդապատճառով քաղաքացին կարող է այդքան նվաստանալ: Հիշեցնենք` Սերժ Սարգսյանն այդ կնոջ «րեչին» ի պատասխան՝ հայտարարել էր. «Շնորհակալ եմ, ես երևի կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե երևանցիների գոնե կեսն այդպես մտածեր: Ես շատ երջանիկ կլինեի»:
Այս պատմությունն իրականում ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Այդքան տխուր չէր լինի, եթե բարձրագույն իշխանության ներկայացուցիչները կարողանային վեր կանգնել շողոքորթությանը, քծնանքին տրվելու գայթակղությունից: Մինչդեռ Ս. Սարգսյանն ուղիղ տեքստով հայտարարում է, թե երազում է, որ երևանցիների գոնե կեսը տհաճություն արտահայտող մտածողություն ու ստորաքարշություն ցուցանող վարքագիծ ունենար: Այսինքն` այդ պատասխանից կարելի է ենթադրել, որ հանդիպումից հետո իր քարոզչությամբ զբաղվողներին ու նման «մասովկաներ» կազմակերպողներին Ս. Սարգսյանը ոչ միայն չի նախատել այս ծիծաղելի շոուի համար, այլ գուցե նույնիսկ պարգևատրել է:
Հունվարի 28-ին Եռաբլուրում տեղի ունեցածը նույն երևույթի արտահայտությունն է` հակառակ դրսևորմամբ:
Եռաբլուրում Ս. Սարգսյանին մոտենում է մի կին և լացակումած դժգոհում, որ աշխատանք չունի, չի կարողանում ապրել, և այլն… Ի պատասխան՝ Ս. Սարգսյանն ասում է «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես…»: Հանուն արդարության՝ նշենք, որ այդ կինը հայտնի է խղճահարության արժանանալու իր նմանատիպ վարքագծով և տարիներ շարունակ այդկերպ գումարներ է ստանում տարբեր տրամաչափի պաշտոնյաներից և գործարարներից, ինչի մասին, ի դեպ, բարձրաձայնում է նաև Ս. Սարգսյանի հետ Եռաբլուր այցելած ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Սակայն Ս. Սարգսյանի վերը նշված պատասխանը դժվար է արդարացնել անգամ այդ հանգամանքով, այդ կնոջ` ով լինելը և մուրացկանությամբ զբաղվելու դրդապատճառները հաշվի առնելով: Իրականությունն այն է, որ Երևանում կան տասնյակ-հազարավոր քաղաքացիներ, ովքեր կամ իսկապես աշխատանք չունենալով ու ծանր պայմաններից դրդված, կամ ուղղակի մուրացկանի հոգեբանությամբ՝ դիմում են անցորդներին:
Բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես այդպիսի քաղաքացիների հետ շփվում են միայն այն ժամանակ, երբ նրանց թիկնապահները նախապես չեն կարողանում «չեզոքացնել վտանգը»: Այս միջադեպին կարելի էր չանդրադառնալ, եթե օրերս հերթական անգամ հարցազրույց տված չլիներ նախկինում՝ ՀՀՇ-ի, ներկայումս՝ «ՀՀԿ-ի Գևորիկը», ով հպարտորեն հայտարարում է, թե որքան առատաձեռն են եղել հանրապետական պաշտոնյաները, այդ թվում` Ս. Սարգսյանը, իր նկատմամբ: Եռաբլուրում Ս. Սարգսյանին մոտեցած կնոջ և ՀՀՇ-ի Գևորիկի տարբերությունը մեկն է: Վերջինս` դավիթաշենցի կնոջ նման, մշտապես մեծարում է պաշտոնյաներին ու արժանանում նրանց հիացմունքին ու բարեգթությանը:
Եռաբլուրում Ս. Սարգսյանին մոտեցած կինը, մեծ հավանականությամբ, կարժանանար նույնպիսի ջերմ վերաբերմունքի, եթե ոչ թե հեծկլտալով փչացներ տոնական տրամադրությունը և տեսախցիկների նկարահանած կադրերը, այլ «օրհներ» իշխանությանը` այսքան «ուրախ կյանքի համար»:
Իրականում այս իրավիճակի մեղավորը միայն իշխանությունն ու Սերժ Սարգսյանը չեն:
Կարելի է հատ-հատ դիտել 2008 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում Ս. Սարգսյանի բոլոր հանդիպումների, ելույթների տեսագրությունները: Դրանցում այն ժամանակվա նախագահի թեկնածուն ուշադիր էր իր արտասանած յուրաքանչյուր նախադասության, բառի նկատմամբ:
Որովհետև այն ժամանակ իշխանության թեկնածուի քարոզարշավին զուգահեռ՝ ընթանում էր ընդդիմության, համաժողովրդական շարժման քարոզարշավը, ամեն օր Հայաստանի բնակավայրերից որևէ մեկում բազմամարդ հանրահավաքներ էին տեղի ունենում, որոնցում Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ կամ նրա թիմակիցներն անդրադառնում էին Ս. Սարգսյանի արտասանած յուրաքանչյուր մտքին, ամեն մի նախադասությանը:
Այսինքն` այն ժամանակ առկա էր ընդդիմության քննադատությունից խուսափելու, գոնե քննադատության ավելի շատ առիթներ չստեղծելու մտավախությունը, ինչը, մեծ հաշվով, իշխանությանն ուղեկցեց նաև Ս. Սարգսյանի նախագահության հինգ տարիների ընթացքում:
Հիմա չկա ընդդիմություն, չկա որևէ մեկի կողմից իրական քննադատության ենթարկվելու վտանգ, և Ս. Սարգսյանն ազատորեն քաղաքացիների հետ շփվում է այնպես, ինչպես ցանկանում է: Նախընտրություն է տալիս չեբուրաշկայակերպ կանանց քծնանքին ու հանդիմանում է սոցիալապես անապահով կնոջը: Նա «վաստակել» է այդ իրավունքը:
Ավելի ճիշտ, դա նրան շնորհել են բոլոր ընդդիմադիրներն՝ առանձին-առանձին ու միասին վերցրած: Եվ եթե 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում մեծ դժվարությամբ դառնալով նախագահ՝ Ս. Սարգսյանն իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում, գուցե անգամ ենթագիտակցորեն, գործում էր՝ աչքի առաջ ունենալով քննադատվելու վտանգը, ինչը, լավ կամ վատ, ազդեցություն ուներ, ապա փետրվարի 18-ից հետո նա վայելելու է իշխանության արխաիկության վիճակը, որևէ մեկին հաշվետու չլինելու ազատությունը` դրանից բխող բոլոր հետևանքներով: