Ընտրություններն ավարտված պարտիա է. Աշոտ Բլեյան

Հարցազրույց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, ով 1994-95 թթ. Հրանտ Բագրատյանի գլխավորած կառավարության կազմում զբաղեցրել է Լուսավորության նախարարի պաշտոնը

– Պարոն Բլեյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրմանը, և արդյոք որևէ կերպ սատարելո՞ւ եք նրան:

– Չէ: Հարգանքով, իհարկե, ես գնահատում եմ Բագրատյանին և կարծում եմ`հետաքրքիր է՝ իրեն, իր առաջարկներն ու մոտեցումները լսելը հատկապես այսօր: Ընդհանրապես հիմա ելքերի  առաջադրման և լուծումների փնտրման շրջան է: Այդ առումով` հետաքրքիր է, առանց իրեն այս նախագահական ընտրությունները շատ ավելի անհետաքրքիր կլինեին: Ի դեպ, ես ավելի շատ նախընտրում եմ կարդալ իր տեքստերը, քան  լսել:

–  Իսկ ընդհանրապես նախագահի թեկնածուներից ո՞ւմ հնարավորություններն եք ավելի մեծ գնահատում:

Կարդացեք նաև

– Իմ  սկզբունքներին դեմ է նման գնահատականներ տալը: Ես ընտրող եմ, ուշադիր լսում եմ, հարգանքով եմ վերաբերվում նախագահի թեկնածուներին: Մի ձայն ու մի քվե ունեմ, չեմ կիսելու (ծիծաղում է.- Ա.Ս.):

– Իսկ մյուս թեկնածուներից որևէ մեկը կարո՞ղ է իրական մրցակից լինել գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար:

Կարծում եմ` ամեն մարդ ոչ թե կողքինի հետ է մրցում, դա իմ մասնագիտության` մանկավարժության մեջ արգելված է, այլ յուրաքանչյուրը պետք է ինքն իր հետ մրցի, այսինքն՝ փորձ անի այդ պայմաններում իր ասելիքն առավելագույնը դրսևորել, որովհետև ամեն մարդ հանդես է գալիս իր քաշային կարգում: Յուրաքանչյուրը պետք է փորձի իր ասելիքը և անելիքը լիարժեքորեն իրականացնել, այդքանով ինքն իր խնդիրը լուծած կլինի, եթե այսօրվա ընտրողի, այսօրվա հայաստանցու համար լինի շիտակ: Մրցելը վատ բան է:

– Խոսքը քաղաքականապես մրցելու մասին է:

– Ես արդեն մի առիթով ասել եմ, որ Հայաստանի ողբերգությունը քաղաքական համակարգի բացակայության մեջ է, դա նաև նշանակում է, որ ընտրությունների նկատմամբ կա հասարակական խոր անվստահություն, սա նշանակում է` ընտրական մեքենան լուրջ խափանումներ է տվել, և այն գործիքը, որով չափում են վստահության քվեն, չի աշխատում: Եվ ընտրությունը հենց սրանով կարող է օգտակար լինել, որպեսզի այդ ուղղությամբ ինչ-ինչ տեղաշարժ կատարվի, կամ ստեղծվեն ինչ-որ հիմքեր դրա համար: Հետո մի մոռացեք, որ մենք կարծես ապրում ենք բուտաֆորիկ իրականության մեջ, կարծես մի տեսակ ամեն ինչ ձևական լինի, ոչ իրական ընտրապայքար է, ոչ իրական գործընթաց, ոչ իրական, շատ անտարբեր, ընտրողները կարծես ստվերներ են: Այդպիսի տպավորություն է: Այսինքն՝ շատ կարևոր է Հայաստանում վերականգնել իրական կյանքը: Եթե լինի իրական կյանք, կլինի նաև Ձեր ասած իրական մրցակցությունը:

Այսօր քաղաքական կյանքը շատ հաճախ գնահատվում է ամայացած, իսկ հասարակությունն ընդհանրապես կարծես անտարբեր է դարձել քաղաքական գործընթացների նկատմամբ: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Ոչ թե անտարբեր է, այլ բուտաֆորիկ, ձևական բան կա: Այն կյանքը, որը կար Ազատության հրապարակում կամ միտինգների վայրում, թեկուզ դահլիճներում, չկա: Չկա իրական ընտրող, ով իրական հարցեր է տալիս իրական թեկնածուին, չկա իրական հիացմունք թեկնածուով, իրական ծափեր, ոգևորություն, դժգոհություն և դեմարշներ:

– Իսկ ի՞նչ պետք է անել այդ իրական կյանքը վերականգնելու համար:

– Բոլորս, բոլոր ընտրողներս բոլոր շերտերում պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրս մեր կյանքն ենք ապրում, ոչ ոքի պետք չէ լիազորել մեր կյանքի տնօրինումը: Ամեն մեկն իր տանը, իր տեղում իր կյանքը պիտի կենդանացնի, ինչպես ես եմ անում: Ես «հավեսով» ապրում եմ, «հավեսով» գործում:

– Այսինքն՝ փորձում եք Ձեր օրինակով քաղաքացիների գիտակցությո՞ւնը բարձրացնել:

– Ես փորձում եմ լիարժեք ապրել իմ կյանքը, և կարծում եմ` այդ ձևով կարող եմ օգտակար լինել նաև իմ ընկերներին, շրջապատին, իմ կրթահամալիրին, հանրության այն մասին, որը հետաքրքրված է ինձնով: Բոլորս անընդհատ կենտրոնացած ենք ուրիշների անելիքների վրա, կարծես թե ժամանակն է, որ ամեն մեկը կենտրոնանա իր վրա:

– Սխա՞լ է միայն ընտրությունների հետ հույսեր կապելը:

– Իհարկե, դա ընդհանրապես ավարտված, տարված պարտիա է, ինչպես ասում են: Ընտրություն կոչվածն ընդամենը մի փուլ է:

Տեսանյութեր

Լրահոս