Հրանտ Բագրատյանին շատ հարգում է, բայց ձայնը տալու է Սերժ Սարգսյանին
Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ 168.am-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանի հետ
– Պարոն Զադոյան, Դուք եղել եք Հրանտ Բագրատյանի կառավարության անդամ, ինչպե՞ս եք վերաբերվում նրա թեկնածության առաջադրմանը նախագահական ընտրություններում, արդյոք որևէ կերպ աջակցելո՞ւ եք նրան:
– Ես Հրանտ Բագրատյանին շատ եմ հարգում և գտնում եմ, որ ինքն իրոք արդեն պատրաստ է նախագահ դառնալու, բայց գիտեմ, որ շատ դժվար է լինելու, և չի կարողանա հաղթահարել այդ արգելքը:
– Ինչո՞ւ չի կարողանա:
– Որովհետև այդքան ձայն չի հավաքի: Չգիտես` ինչու, մեր ժողովուրդը փոքր միջադեպերը շատ լավ հիշում է, իսկ լավ արած գործը` մոռանում: Որին խոսեցնում ես, բոլորին թվում է, թե սեփականաշնորհումը, որն արեց Հրանտը, բոլորիս պատժեց, այնինչ պետք է ընդունեն՝ որպես դրական քայլ, բայց չեն ընդունում: Եվ երկրորդը` անընդհատ հիշում են, որ ասաց` «կովերի ամուսին» կամ «Մարլբորո եմ ծխում, որովհետև երեքաստղանի հյուրանոցում եմ ապրում». ճղճիմ բաները մեր ժողովրդի մեջ ավելի լավ են նստում, քան լավ գործերը:
– Իսկ, ընդհանրապես, գործող նախագահ Սերժ Սարգսյանի մյուս երեք հիմնական մրցակիցներից` Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան և Պարույր Հայրիկյան, ըստ Ձեզ, ո՞վ ավելի մեծ հնարավորություններ ունի, և արդյոք հնարավոր համարո՞ւմ եք ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը:
– Բացարձակապես ո՛չ, երկրորդ փուլ չի լինի, Սերժ Սարգսյանը միանգամից կանցնի և 63-ից մինչև 72 տոկոսի արանքում կկանգնի: Գտնում եմ, որ այս պահին դա նորմալ է:
– Իսկ ի՞նչ առումով է նորմալ:
– Սերժն այդ փորձն ունի, Սերժն աշխատել գիտի, աշխատելու է նորմալ: Եվ եթե հարցնեք, թե ո՞ւմ եմ իմ ձայնը տալու այս ընտրություններին, ապա իմ ձայնը տալու եմ Սերժ Սարգսյանին, որովհետև ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ: Հիմա պարզապես տարիքից ելնելով` այլևս կուսակցական չեմ, և ես ձայնս տալու եմ Սերժ Սարգսյանին:
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ձեր դիրքորոշումը, այսինքն` Դուք գո՞հ եք նրա իշխանության վարած քաղաքականությունից:
– Եթե համեմատում եմ նախորդ երկու նախագահների հետ՝ այո՛: Սերժ Սարգսյանը հավասարակշռված քաղաքականություն է վարում, պարզապես նա պետք է մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնի ներքին խնդիրներին, իսկ դա, եթե նկատում եք, ինքն արդեն զգացել է և բավական լավ սկսել է գործ անել: Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ով էլ լինի նախագահ՝ նույնը պիտի լինի:
– Կան տեսակետներ, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը գրանցեց տնտեսական աճ, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին` հաղթեց պատերազում, և այլն: Ձեր կարծիքով` ի՞նչ ձեռքբերումներ ունի Սերժ Սարգսյանի իշխանությունը:
– Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածն էր այդպիսին, մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանը ճգնաժամից հետո է նախագահ դարձել, և այդ ճգնաժամն անհրաժեշտ էր հաղթահարել: Այն ժամանակ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր, թե իբր «մեր վրա չի ազդելու, մենք հակակշիռներ կգտնենք», այդպիսի բան չէր կարող լինել, մեր վրա պիտի ազդեր և ազդեց: Եվ այդ հորից դուրս գալը համընկավ Սերժ Սարգսյանի նախագահության հետ: Երկրորդը` Ռոբերտ Քոչարյանի ժամանակ աճը կար, որովհետև, եթե ուշադրություն դարձնեք, այդ աճը մեծամասամբ շինարարությունն էր, հետո շինարարությունը կանգնեց, Հյուսիսային պողոտան կանգնեց, և դրանով էլ անկում եղավ:
– Սերժ Սարգսյանի իշխանությունը հատկապես քննադատության է ենթարկվում այն պատճառով, որ բոլոր անցկացված ընտրությունները մեծամասամբ գնահատվում են՝ կեղծված, և նա իր գլխավորած քաղաքական ուժի կազմում Ազգային ժողով է բերում օլիգարխների և բիզնեսմենների:
– Այդ դեպքում Ձեր աչքերը փակեք և հետ նայեք, տեսեք` ո՞ր իշխանության ժամանակ օլիգարխներ չեն եղել: Օլիգարխներն ավելի շատ Սերժ Սարգսյանին նվեր մնացին Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածից: Մեզ մոտ եղել է միայն մեկ ընտրություն, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջին անգամ նախագահ էինք ընտրում, այդ ժամանակ տեղի ունեցան մաքուր, լավ, ոգևորված և հզոր ընտրություններ, և միանգամից անցավ: Դրանից հետո անընդհատ բոլորի իշխանավարման տարիներին այդ խախտումները եղել են: Եվ հիմա կա հնարավորություն, որպեսզի խախտումներ չլինեն, իհարկե, ընդհանրապես չլինելը բացառվում է, հնարավորինս քիչ լինեն, և մեր վարկանիշը գոնե մի փոքր բարձրանա:
– Իսկ ի՞նչ հիմքեր կան կարծելու, որ այս ընտրություններին խախտումներ չեն լինելու: Օրինակ` նախորդ տարի անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որտեղ, ըստ ընդդիմադիր ուժերի, կրկին ընտրացուցակներն ուռճացված էին, և բացահայտ կերպով բաժանվում էր ընտրակաշառք:
– Այդ սխալ ցուցակ կոչվածը հարաբերական է: Ինչպես ուզում ես` ցուցակը կազմիր, միևնույն է, միշտ սխալներ կգտնվեն, կախված է նրանից, թե ինչպե՞ս ենք այդ սխալները մատուցում: Սա՝ առաջինը: Եվ երկրորդը. ինչ վերաբերում ընտրակաշառք բաժանելուն, այո՛, նախորդ ԱԺ ընտրություններին իրոք կային այդպիսի դեպքեր և՝ բավական շատ, և, կարծես, որոշ մարդկանց էլ պատժեցին: Իսկ հիմա հիմքն այն է, որ այլևս բաժանելու խնդիր չի առաջանա. ցավոք սրտի, մյուս թեկնածուներն այդքան հզոր չեն, որպեսզի ստիպեն այդ գործողությունները կատարել: Սա է հիմքը, որի վրա ես հենվում եմ և մտածում եմ, որ այս անգամ շատ ավելի արդար ընտրություններ կլինեն, և ընտրակաշառք համարյա չեն բաժանի, ավել գումար չեն ծախսի:
– Վերադառնանք Հրանտ Բագրատյանին, հանդիպելո՞ւ եք նրան:
– Եթե ինքն ինձ հրավիրի, ես անպայման կհանդիպեմ, բայց հրավեր չեմ ունեցել դեռևս: Եվ կրկնում եմ, ինքն իրոք արդեն պատրաստ է, ինքը կարող է լավ աշխատել: