Բաժիններ՝

Ինչպես թակարդն ընկան հայաստանյան բրոքերները

Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան ԶԼՄ-ները գրում են անշարժ գույքի գործակալությունների մասին, որոնք խիստ մտահոգված են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով։ Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաև անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի գործակալությունները, անկախ գործունեության արդյունքներից, գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար ամսական վճարելու են 60.000 դրամ՝ Երևանում և 10.000-50.000 դրամ՝ մարզերում: Այսինքն՝ հարկերի չափը մի քանի անգամ ավելանալու է։

Բնականաբար, անշարժի գույքի շուկայում առկա պասիվության պայմաններում այս փոփոխությունը հարուցել է շուկայի մասնակիցների դժգոհությունը, և անշարժ գույքի 27 գործակալություններ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով իրենց մտահոգություններն ու հնարավոր ռիսկերը։

Նշենք, որ անշարժ գույքի շուկան իրոք լավ վիճակում չէ։ Գնորդների և գործարքների թիվը նվազել է, անշարժ գույքի գները շարունակում են անկում ապրել։ Բացի այդ, համացանցը զգալիորեն նվազեցրել է միջնորդական ծառայությունների պահանջարկը։ Բրոքերների բաց նամակում նշված ռիսկերն ամբողջությամբ իրատեսական են՝ դաշտում ստվերի մեծացում, բրոքերական շատ կազմակերպությունների լուծարում, անշարժ գույքի և շինարարության ոլորտում ներդրումների նվազում, և այլն։ Եվ այս ամենի համատեքստում պետության մոտեցումը՝ փաստացի ճգնաժամային վիճակում գտնվող ոլորտում ավելացնել հարկերի չափը՝ առանց գործունեության արդյունքները հաշվի առնելու, իրոք կարելի է դաժան համարել։ Դա նմանվում է թիկունքից հարվածի։ Սակայն, որքան էլ զարմանալի թվա, այդ «հարվածի» մեղավորը ոչ միայն և ոչ այնքան «հարվածողն» է, որքան «հարված ստացողները»՝ անշարժ գույքի շուկայի մասնակիցները։ Ինչպես ասում է ժողովուրդը, նրանք իրենք իրենց գլխին «սարքեցին»։ Նման կարծիք կարելի է հայտնել երկու հիմնական պատճառով. 1. Անշարժ գույքի շուկայի մասնակիցներն ինչ-որ տեղ չարաշահեցին իրենց համար ստեղծված նպաստավոր պայմանները։ 2012 թվականին նրանք հայտնվեցին պարզեցված շահութահարկի դաշտում և ազատվեցին պարտադիր լիցենզավորման պահանջից ու 50 հազար դրամ լիցենզավորման վճարից։ Սակայն նրանցից շատերը ծախսերն ուռճացնելու միջոցով շատ քիչ հարկ էին վճարում։ Ըստ երևույթին, սա լցրել է հարկային մարմինների համբերության բաժակը, և նրանք որոշել են հարցը միանգամից լուծել. փողը գանձել՝ անկախ գործունեության արդյունքներից։ Պատկերավոր ասած, փողը սեյֆից հանելու և պետական գանձարանին փոխանցելու փոխարեն, նրանք նախ՝ լցնում են ձախ գրպանը, հետո որոշակի մասը թողնելով այնտեղ՝ մնացածը տեղափոխում աջ գրպանը։ Հետո դրա կեսը թողնում են աջ գրպանում և մնացածը փոխանցում բյուջե։ Ընդ որում՝ բյուջեի պատասխանատուն դա տեսնում է, սակայն առաջին անգամ ձայն չի հանում, երկրորդ անգամ հոնքերը կիտում է, իսկ երրորդ անգամից հետո միանգամից վերցնում է սեյֆը կամ դրա բանալին։ 2. Սակայն վերը նշվածը դեռ ամենը չէ։ Չնայած գործակալությունները բաց նամակ են գրել, սակայն, ինչպես ասում են, նրանց «լեզուն կարճ» է։ Շուկայի մասնակիցներն այսօր բողոքում են շուկայի ճգնաժամից և պասիվությունից։ Մինչդեռ նախկինում լռում էին։ Երբ Կադաստրի պետական կոմիտեն հայտարարում էր, որ շուկան պասիվ չէ, գործակալությունների մեծ մասը չէր հակադրվում այս կարծիքին։ Երբ լրագրողները մեկնաբանություններ էին խնդրում շուկայի վերաբերյալ, ապա նրանք «по секрету» խոստովանում էին, որ վիճակը վատ է, գործարքներ չեն կատարվում, անշարժ գույքի գները անկում են ապրում, և այլն։ Սակայն ձայնագրվող և հրապարակման ենթակա խոսքում այլ բան էին ասում՝ գերադասելով զերծ մնալ հանրությանը բացասական ազդակներ հաղորդելուց։ Մտածում էին, որ առկա խնդիրների մասին խոսելով՝ կարող են խուճապ ստեղծել և ավելի վատացնել իրավիճակը։ Սա հասկանալի մոտեցում է։ Սակայն հենց այս վարքագիծն է նրանց թակարդը գցել։ Նրանց բողոքներին իշխանությունը կարող է պատասխանել՝ բա մինչև հիմա ինչո՞ւ չէիք բողոքում։ Ուրեմն՝ ոչ մի ճգնաժամ էլ չկա։ Ավելին, չափից դուրս լոյալ վերաբերմունքն իշխանության հանդեպ ու զգուշավորությունը բերել են նրան, որ օրենքն ընդունելիս (ինչպես իրենք են նշում բաց նամակում) հաշվի չեն առնվել իրենց կարծիքները, չեն եղել հասարակական քննարկումներ, և այլն։ Այսինքն՝ պատկան մարմիններն անգամ հարկ չեն համարել նրանց կարծիքն իմանալ։ Իսկ հիմա արդեն ստիպված են բողոքի ձայն բարձրացնել, քանի որ վիճակն արդեն կրիտիկական է։ Եթե նախկինում լռում էին՝ վախենալով վարչական ճնշումներից, ապա այսօր այլևս գործ ունեն ոչ թե մտավախության, այլ բիզնեսը կործանելու ռեալ վտանգի հետ։ Սա ինչ-որ տեղ կարող է և պետք է դաս լինի նաև տնտեսության մյուս ոլորտներում գործող սուբյեկտների համար, որ գերզգուշավորությունը և տեսակետները հրապարակելուց խուսափելը կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ։ Իսկ այս պատմությունը ցույց է տալիս, թե իրականում ի՞նչ արժեք ունեն, իբր գործարարների շահերը ներկայացնող, տասնյակ կազմակերպությունները, որոնք ամեն օր քննարկում-սեմինար-համաժողովներ են անցկացնում։ Ցույց է տալիս նաև, թե ամբողջ օրը պետություն-մասնավոր համագործակցությունից խոսող պետական ապարատն ինչպես է արհամարհում տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանց վերաբերվելով՝ զուտ որպես փողի աղբյուր։ Եվ վերջապես ցույց է տալիս, թե իրականում ինչ է նշանակում փոքր ու միջին բիզնեսի աջակցություն՝ հայկական տարբերակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս