Քոչարյանի խնամին նույնպես բողոքում է Սերժ Սարգսյանին. բաց նամակ ՀՀ նախագահին
Անշարժ գույքի 27 գործակալություններ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ իրենց բողոքն արտահայտելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հայաստանի «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի կապակցությամբ։
Բաց նամակի տակ ստորագրել է նաև «Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է (փեսայի մայրը)։
Նշենք, որ վերը նշված փոփոխությունների համաձայն՝ արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաև անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը: Իսկ դա նշանակում է, որ անշարժ գույքի գործակալությունները անկախ գործունեության արդյունքներից, գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար ամսական վճարելուեն 60.000 դրամ Երևանում և 10.000-50.000 դրամ (մարզերում):
Բնականաբար, անշարժի գույքի շուկայում առկա պասիվության պայմաններում այս փոփոխությունը հարուցել է շուկայի մասնակիցների դժգոհությունը, և նրանք բաց նամակ են հղել հանրապետության նախագահին, որում նշվում է, թե ինչ բացասական հետևանքների է հանգեցնելու այս փոփոխությունը։
«Մեծարգո պրն Նախագահ,
Սույն նամակը ուղղում ենք Ձեզ, հույս ունենալով, որ այստեղ արծարծված հարցերը համահունչ են մեր երկրում հարկային բարեփոխումների, վարչարարության մեղմացման, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ու ստվերի դեմ պայքարի վերաբերյալ Ձեր սկզբունքային դիրքորոշմանը, ինչը բազմիցս արտահայտվել է Ձեր ելույթներում և ամրագրված է Ձեր նախընտրական ծրագրերի հիմնարար դրույթներում:
Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության օրենքը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաև անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը: Ըստ այդ օրենքի, վերոնշյալ գործունեության համար արտոնագրային վճար վճարողները, անկախ գործունեության արդյունքներից, գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար ամսական վճարելու են 60.000 դրամ (Երևանում) և 10000-50000 դր. (մարզերում):
Հարկ ենք համարում նշել, որ այս օրենքն անընդունելի է ոլորտում գործող տնտեսվարողներիս համար` հետևյալ հանգամանքներից ելնելով.
1. Oրենքն ընդունելիս, մասնավորապես, արտոնագրային հարկ վճարող համարվելու գործունեության տեսակների ցանկն ու վճարման չափերը կազմելիս, հաշվի չեն առնվել ոլորտում տիրող իրավիճակը, տնտեսվարող սուբյեկտների կարծիքները, չեն եղել հասարակական քննարկումներ և այլն: Մինչդեռ հայտնի է, որ զարգացած երկրներում նմանատիպ օրենսդրական նախաձեռնություններից առաջ, նախ կատարվում է շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն (market research), փորձագետների խումբը կատարում է տնտեսագիտական վերլուծություններ, և միայն այդ եզրակացության ու հասարակական քննարկումների հիման վրա է պատրաստվում համապատասխան օրենսդրական փաստաթուղթը:
2. Մեր բազմաթիվ հարցադրումներին ու ահազանգերին ի պատասխան համապատասխան գերատեսչությունները մինչ այժմ չեն տվել բացատրություններ, տնտեսագիտական լուրջ հիմնավորումներ, թե ինչ հաշվարկներից ու վերլուծությունից ելնելով է գրչի մի հարվածով հարկման տվյալ դաշտ բերվել մի ամբողջ բնագավառ, որն այսօր ուղղակի գոյատևում է շուկայի արդեն մի քանի տարի շարունակվող ճգնաժամի պայմաններում:
3. 2008 թ. միջազգային տնտեսական ճգնաժամը, բնականաբար, անդրադարձավ նաև Հայաստանի վրա, և 2008 թ. սեպտեմբերից ՀՀ անշարժ գույքի շուկան սկսեց անկում ապրել, ինչը շարունակվում է մինչ օրս: Այսպես, ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, միայն ք. Երևանում 2012թ.-ին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքների քանակը 2011թ.-ի նկատմամբ նվազել է մոտ 10%-ով, իսկ 2007-ի նկատմամբ՝ ավելի քան 20%-ով:
4. Բացարձակապես անընդունելի ու չհիմնավորված են նաև սույն օրենքով սահմանված դրույքաչափերը, որոնց կիրառման արդյունքում ընկերությունների եկամուտներն ու ծախսերը հավասարվում են, և նման պայմաններում այլևս աննպատակահարմար է դառնում հետագա գործունեությունը:
5. Ըստ վերոհիշյալ օրենքի` ստացվում է, որ ռիելթորական գործունեությամբ զբաղվող սուբյեկտը, անկախ իր գործունեության արդյունքներից՝ աշխատում է շահույթով, թե վնասով, պետք է նախօրոք, մինչև գործունեություն սկսելը, վճարի Օրենքով սահմանված գումարը: Մինչդեռ, անշարժ գույքի շուկան ոչ կանխատեսելի է, և տարվա կտրվածքով, անշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության գործարքների բաշխվածությունը՝ խիստ անհամաչափ: Այսինքն, միջնորդային գործունեությամբ զբաղվողը կարող է, ասենք, 6 ամիս շարունակ աշխատել, ժամանակ ու գումար ծախսել, և միայն 7-րդ ամսում կնքել գործարք ու ստանալ սպասված միջնորդավճարը: Անշուշտ, բացարձակ անընդունելի է հարկատուի կողմից դեռևս չկայացած գործարքի ու չաշխատած եկամուտների համար հարկ վճարելը:
6. Օրենքում խիստ լղոզված ու անտրամաբանական է նաև հետևյալ սահմանումը, ըստ որի` անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման հիմք ընդունվող ելակետային տվյալը գործակալության բոլոր աշխատողների թիվն է: Ստացվում է, որ համապատասխան կազմակերպություններում աշխատող և աշխատանքի արդյունավետությունն ու որակը բարձրացնող սպասարկող անձնակազմի (հեռախոսավարներ, օպերատորներ, իրավաբաններ, վարորդներ, փորձաշրջան անցնող աշխատողներ, անգամ հավաքարարներ) համար նույնպես պետք է վճարվեն վերոնշյալ գումարները: Սա ևս այս օրենքի բացարձակ անընդունելի դրույթների շարքից է` իր կանխատեսելի հետևանքներով, այն է՝ աշխատողների զանգվածային ազատումներ և դրանից բխող սոցիալական խնդիրներ:
7. Ռիելթորների ջանքերի շնորհիվ նախորդ տարիների ընթացքում անշարժ գույքի շուկայում կատարվել են բազմաթիվ ծանրակշիռ գործարքներ՝ Սփյուռքի մեր հայրենակիցների և օտարերկրացիների կողմից: Այսինքն, ոլորտում որակյալ ծառայությունների մատուցումը անուղղակիորեն նպաստել է դեպի Հայաստան ներդրումների հոսքին, տրանսֆերների աճին ու, դրանից ելնելով, շինարարության, մասնավորապես՝ բնակարանաշինության աճին: Անշարժ գույքի շուկայի էլ ավելի թուլացումն իր ուղղակի բասացական անդրադարձը կունենա նաև վերոնշյալ ոլորտների վրա:
Վերոհիշյալ մանրամասն և հանգամանալից բացատրություններից կարելի է հստակ կանխատեսել, թե «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառման արդյունքում ինչ է սպասվում ՀՀ անշարժ գույքի ոլորտին: Թվարկենք.
1. Հարկային դաշտում օրինական գործունեություն վարող ընկերություններում հաշվառված գործակալների և օժանդակող անձնակազմի քանակի կրճատում:
2. Որոշ կազմակերպությունների գործունեության սահմանափակում կամ ամբողջովին դադարեցում:
3. Հարկային դաշտից դուրս նշված բնագավառի գործունեությամբ զբաղվող միջնորդների (այսպես կոչված՝ «սև մակլերների») քանակի կտրուկ ավելացում (և դա այն դեպքում, երբ առանց այն էլ ստվերային դաշտում գործող անձանց դեմ պայքար պետության կողմից գրեթե չի տարվել):
4. Ոլորտի սպասարկման որակի անկում, անվստահության մթնոլորտի ստեղծում և ոլորտի հետընթաց:
5. Անշարժ գույքի և շինարարության ոլորտում ներդրումների էլ ավելի նվազում:
6. Փոքր ու միջին եկամուտներ ունեցող ընկերություններում աշխատատատեղերի կրճատումներն ու եկամուտների նվազումը կհանգեցնեն ավելի գլոբալ հետևանքների՝ արտագաղթի ավելացում, կոռուպցիոն ռիսկերի աճ, տնտեսական իրավախախտումներ, ստվերային հատվածի ընդլայնում և այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ:
Ելնելով վերոհիշյալից` առաջարկում ենք.
1. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում նշված արտոնագրային վճարով հարկվող գործունեությունների ցուցակից հանել անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը և այն ներառել
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկման դաշտ: Համոզված ենք, որ վերջինիս կիրառման արդյունքում շատ ընկերություններ և անհատներ, որոնք մինչև այժմ գործել են ստվերում, կմտնեն հարկման օրինական դաշտ, և այս ոլորտում հարկատուների թիվը էականորեն կավելանա:
Մեծարգո Պարոն Նախագահ,
հույս ունենք, որ Ձեր կողմից ընթացք կտրվի նամակում բարձրացված առաջարկին, քանի որ դա բխում է ոչ միայն ոլորտի ընկերությունների, նրանց աշխատակազմերի ու ընտանիքների, այլև՝ մեր երկրի տնտեսական շահերից:
Հարգանքով՝
Հայաստանի Ռիելթորների և գնահատողների միություն
Հայաստանի Ռիելթորների հասարակական նախաձեռնություն
Մադաթյան Գայանե, «Մադաթյան և որդիներ»
Եսայան Լեռնիկ, «Երկիր»
Ավագյան Գևորգ, «Ագաթ»
Խաչատրյան Վլադիմիր, «Լավ Առաջարկ»
Լոլիտա Դատրինյան, «Գլոբուս»
Արմեն Մացակյան, «Թրաստ Րեա»
Վահե Դանիելյան, «Կենտրոն»
Ալեքսանդր Ծատուրյան, «Ալեքս-Ռ»
Արթուր Նազարեթյան, «10-րդ գիծ»
Ռոբերտ Մարգարյան, «Ամրոց»
Արայիկ Գոջաբաշյան, «ԱՐ-Գո Ռիելթի»
Մարինա Չատինյան, «Բարս»
Արտյոմ Պրիբիլսկի, «Ա.Գ.Բորսա»
Հարության Մարտիրոսյան, «Մ և Մ»
Հրաչյա Բադալյան, «Նռան»
Արտյոմ Վարդանյան, «Ալֆա Ռիելթի»
Էդուարդ Հարությունյան, «Վիվա Ռիելթի»
Դավիթ Ալումյան, «Ռեմաքս Գրուպ»
Հասմիկ Հոսյան, «Մայ Քասթլ»
Արտակ Ղազանչյան, «Էքսկլյուզիվ Ռիելթի»
Հայկ Գյուրջինյան, «Կամար»
Կարեն Հակոբյան, «Մոնոլիտ Ռիելթի»
Վարդան Ավագյան, «Կասկադ Ռիելթի»
Ստեփան Աղեկյան, «Ստեպ Ռեալ Էսթեյթ Սոլյուշնս»
Լևոն Եսայան, «Արևի լույս»
Սամվել Մսրյան, «Լ.Է.Լ Գ.Ա.Ս.Ա»
Սուրեն Մելքոնյան, «Ռիելթի Գրուպ»: