Պայքարող տղաները երբեք անդաստիարակ չեն լինում. Պետրոս Մակեյանը` ՀԱԿ երիտասարդների մասին (տեսանյութ)
«Ինչո՞ւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հունվարի 13-ի որոշումները դարձան աղմուկի, շահարկման առարկա, կարծես թե երկրում ուրիշ խնդիր չկա, և առջևում չեն սպասվում նախագահական ընտրություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հարցադրումը կատարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը:
Պետրոս Մակեյանը նշեց, որ ԺՀԿ քաղխորհրդում ընդունվել է երկու փաստաթուղթ, առաջինը` կապված նախագահական ընտրություններում կուսակցության ձևաչափի հետ, որն ունի նախապատմություն: ԺՀԿ նախագահը հիշեցրեց, որ ՀԱԿ քաղխորհրդի դեկտեմբերի 25-ի նիստին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից մասնակցել է կուսակցության նախագահ Ղուկաս Մեհրաբյանը, ով համաձայնություն է տվել ՀԱԿ-ի հրապարակած որոշմանը, չնայած այն հանգամանքին, որ, ըստ ԺՀԿ քաղխորհրդի որոշման, կուսակցությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի հունվարի կեսերին: Պետրոս Մակեյանն այս կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել իր կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանին, որից հետո` դեկտեմբերի 28-ին, վերջինս դիմել է Մակեյանին և փոխանցել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի պահանջը, որպեսզի ԺՀԿ-ն հստակեցնի իր դիրքորոշումը և այդ պատճառով պետք է հրավիրվի կուսակցության քաղխորհրդի արտահերթ նիստ, որին դեմ է արտահայտվել Պ.Մակեյանը: Իսկ նիստն ի վերջո տեղի է ունենում հունվարի 13-ին:
«Երկրորդ փաստաթուղթը, որի բովանդակային մասը հայտնի չէ, միայն հայտնի է, որ մենք ընդունել ենք փաստաթուղթ, որով փորձում ենք Հայ ազգային կոնգրեսի բարեփոխման կամ ճգնաժամից դուրս գալու ելքեր ներկայացնել մեր գործընկերներին: Դա լուրջ աղմուկ բարձրացրեց, հատկապես, ես կասեի, ավելի ճիշտ Կոնգրեսի նեղ շրջանակի կողմից»,- նշեց Պ.Մակեյանը: Վերջինս ավելացրեց, որ այս առաջարկը իր կուսակցությունը ներկայացրել է դեռ մեկ տարի առաջ: Պետրոս Մակեյանը ներկայացրեց փաստաթղթերի այն փաթեթը, որով կուսակցությունը պետք է մտնի Հայ ազգային կոնգրեսի քաղխորհուրդ, սակայն մինչ այդ կուսակցությունը շարունակելու է բարեփոխումների առաջարկի շուրջ բանակցել գործընկեր կուսակցությունների հետ:
Ըստ Պ.Մակեյանի` ՀԱԿ-ի ղեկավարության փոփոխությունը իրենց ներկայացրած բարեփոխումների միայն եզրափակիչ փուլն է: Իսկ հարցին, թե ՀԱԿ-ի մեջ մտնող ուժերից քանի՞սն են կողմ ԺՀԿ բարեփոխումներին, Պետրոս Մակեյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, մոտ 90 տոկոսը կողմ է:
«Այս ընթացքում մի քանի զարմանալի բաներ եղան, չնայած հիմա ասում են, որ Հայաստանում այնպիսի բաներ են կատարվում, որ այլևս զարմանալու բան չի մնացել, բայց կա: Ցավով պետք է ասեմ, մեր կուսակցությունը ծանր ճանապարհ է անցել. 16 տարի լինել ընդդիմություն, Հայաստանի պայմաններում պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում, և այն մարդիկ` մեր ընկերները, ովքեր դիմացել են և այդ անցել են այդ դժոխքով, այսօր սկսել մրոտել և փորձել քանդել մեր կուսակցությունը, ցավում եմ: Եվ դա հասել է անձնական վիրավորանքի մակարդակի»,- ասաց Պետրոս Մակեյանը,-«Այն, որ մենք 16 տարի ընդդիմություն ենք եղել և անընդհատ եղել ենք քննադատման, զրպարտանքի, մրոտելու, ստի և կեղծիքի թիրախում, պարզ է, բայց որ այս երկու շաբաթվա ընթացքում մեր գործընկերների մի նեղ հատված, սա չի վերաբերում ամբողջական Կոնգրեսին, նմանատիպ գործելաոճով փորձում է այդպես վարվել իր գործընկերների, իր պայքարի ընկերների հետ, կներեք, դա արդեն ընդունելի չէ»:
Պետրոս Մակեյանը խոսեց նաև այն մասին, որ իրեն մեղադրել են Կոնգրեսի երիտասարդներին «անդաստիարակ» կոչելու մեջ:
«Ասեմ, դա ընդհանրական երիտասարդության հետ կապ չունի, դրանք 4-5 հոգի են, որոնք հայտնի են, անուններով չգիտեմ, դեմքերով գիտեմ: Բայց մոռանում են, որ Կոնգրեսի ամբողջ պայքարի երիտասարդության կորիզը եղել է «Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը, երիտասարդությունը, այդ թվում` իմ երեխաները: Ի տարբերություն որոշ կուսակցապետերի, ովքեր իրենց երեխաներին փեշերի տակ էին պահում կամ արտերկիր էին ուղարկում, իմ երեխաները, փաստորեն քրական հոդվածները իրենց վրա, միշտ եղել են պայքարի առաջին գծում»,- ընդծեց Պետրոս Մակեյանը,-«հիմա ինձ փորձում են մեղադրել, որ ես այդ պայքարող տղաներին անդաստիարակ եմ ասել: Պայքարող տղաները երբեք անդաստիարակ չեն լինում, դա էդ ցցվող, իրենց ցույց տվող խումբն է, որը կա, իսկ պայքարողները հետ են քաշվել»:
Այս համատեքստում ԺՀԿ նախագահը նշեց, որ իրենց կուսակցության երիտասարդները ակտիվ գծից հետ են քաշվել 2011 թ. հոկտեմբերի շուրջօրյա նստացույցից հետո, երբ հասկացել են, որ նստացույցը ոչ թե միտված է պայքարի ակտիվ փուլ մտնելուն, այլ իշխանությունների հետ բանակցությունները շարունակելուն, որին դեմ է եղել ԺՀԿ-ն: