Լևոնի կտակը

Որքան էլ պարադոքսալ է, բայց մինչ օրս էլ նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի քաղաքական դաշտում ավելի շատ քննարկվում է ոչ թե այն հարցը, թե ովքե՞ր են առաջադրել իրենց թեկնածությունը, այլ՝ թե ովքե՞ր չառաջադրեցին և ինչո՞ւ: Այս համատեքստում, իհարկե, կենտրոնական անունների թվում է ՀՀ առաջին նախագահ և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Առաջնորդ» բառն այս դեպքում պատահական չենք ընդգծել, քանի որ առաջնորդի խնդիրն արդեն դարձել է ՀԱԿ-ի գլխավոր հիմնահարցերից մեկը: Ո՞վ կլինի Լևոն Տեր-Պետրոսյանի հետնորդը, ժառանգորդը, այսինքն` ՀԱԿ-ի նոր առաջնորդը: Հետագայում թյուրըմբռնումներից խուսափելու համար, ի սկզբանե փորձենք հստակեցնել Տեր-Պետրոսյանի` քաղաքականությունից հեռանալ-չհեռանալու հարցը, որի հիմնական աղբյուրը նրա հայտնի հարցազրույցն է:

Իհարկե, Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հիմնական մասն այսօր էլ շարունակում է պնդել, որ Տեր-Պետրոսյանի այդ հարցազրույցից չի բխում, թե նա լքում է քաղաքականությունը, և հունվարի 16-ին նրա տված նոր` բլից հարցազրույցը ցույց տվեց, որ նա դեռևս կարող է ինչ-որ կերպ մասնակցել քաղաքական գործընթացներին: Բայց մյուս կողմից՝ ամենևին պարտադիր չէր, որ Տեր-Պետրոսյանն, ասենք, բառացի հայտարարեր` «ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ», որպեսզի դա ավելի հասկանալի լիներ: Եթե քաղաքական գործիչն ասում է, որ «68 տարեկանում մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը», և «ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները», ապա սրանից պետք է եզրակացություն կատարել: Իհարկե, պետք է նաև նշել Տեր-Պետրոսյանի մյուս ակնարկի մասին, որը վերաբերում էր ֆորսմաժորային իրավիճակներին: Խոսքը գնում է Տեր-Պետրոսյանի նշած բացառությունների մասին, երբ «արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն՝ նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկը ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների», օրինակ` Չերչիլ, Ադենաուեր և այլք:

Ինչևէ, վերադառնանք առաջնորդության հարցին: Դեռևս մինչ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու վերաբերյալ հայտարարությունը, մամուլում ակտիվորեն քննարկվում էր ՀԱԿ առաջնորդի ժառանգորդի հարցը, և հիմնականում նշվում էին երկու անուններ` տարբեր «գծերի» մեջ գտնվող` Լևոն Զուրաբյան և Նիկոլ Փաշինյան (երկրորդ «գծի» մեջ կարող ենք համարել նաև Հրանտ Բագրատյանին):  Եվ ՀԱԿ-ի ներսում այս երկու գործիչների կազմավորած թևերից յուրաքանչյուրի ներկայացուցիչները հենց իր նախընտրած «թեկնածուին» են ցանկանում տեսնել՝ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարինող:

Սակայն, կարծում ենք, կոնգրեսականները հաշվի չեն առել մի շատ կարևոր հանգամանք, ինչը հաստատվեց բլից հարցազրույցով: Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իր բնույթով, որպես ղեկավար, անշուշտ, առանձնանում է Հայաստանի նորագույն պատմության հայտնի մյուս ղեկավարներից` անկախ հասարակության մեջ նրա մասին տարբեր և խիստ հակասական կարծիքներից:  Նա երբեք պարզամիտ չի եղել, և, ի տարբերություն այլ ղեկավարների, երբեք հանրության առջև հանդես չի եկել կենացներ հիշեցնող ձևական ճառերով: Նրա յուրաքանչյուր ելույթ ունի իր խորությունը, և դրանցից որևէ մեկը պատահական չի լինում: Հետևաբար` Տեր-Պետրոսյանը երբեք չի հայտարարելու որևէ մեկի անունը, ում կուզենար տեսնել՝ որպես իր փոխարինող:

Անշուշտ, այս պարագայում շատերը կարող են ասել, որ նա ՀԱԿ-ի համակարգող է նշանակել Լևոն Զուրաբյանին և հենց նրան է տեսնում այդ դերում, սակայն, եթե Լևոն Զուրաբյանն ինքը չկարողանա վաստակել իր կուսակիցների, առավել ևս՝ ժողովրդի համակրանքը, նույնիսկ Տեր-Պետրոսյանի ամենաբոցաշունչ և կրակոտ ելույթներն ի պաշտպանություն Լ.Զուրաբյանի, եթե, իհարկե, այդպիսիք լինեն, չեն օգնի:

Այս առումով հետաքրքիր է պարզել, թե ընդհանրապես ինչպիսի՞ նման նախադեպեր կան պատմության մեջ, այսինքն` ինչպե՞ս և ո՞ւմ են ընդհանրապես առաջնորդները թողնում իրենց իշխանությունը` որպես ժառանգություն:

Դիտարկենք մի քանի հայտնի պատմական դրվագներ: 1725 թ. 53 տարեկան հասակում մահացավ ռուսաց կայսր Պետրոս Մեծը, ով իր երկարամյա իշխանավարության ընթացքում կարողացավ Ռուսաստանը դարձնել գերտերություն: Մինչ իր մահը արդեն դրված էր նրա ժառանգի հարցը, թե ո՞վ պետք է ղեկավարի հսկայական կայսրությունը, ո՞վ ունի բավարար հմտություն և իմաստություն` Պետրոսի ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու համար, ո՞վ է արժանավորը: Պետրոս Մեծն ընդունեց գահակալության մասին օրենքը, որի համաձայն՝ ռուսաց ցարն իր կենդանության օրոք ուներ թագաժառանգ նշանակելու իրավունք: Սակայն, ինչպես վկայում են որոշ պատմական աղբյուրներ, կայսրն այդպես էլ չկարողացավ օգտվել իր իսկ սահմանած օրենքից, քանի որ մահվան հոգեվարքում նա ի վիճակի եղավ գրել ընդամենը՝ «սույնով թագավորությունը թողնում եմ…», իսկ մեկ այլ տարբերակով` «ամեն ինչ տվեք…» բառերը:

Իհարկե, սա ավելի շատ առասպելի է նման, քանի որ մի շարք պատմաբաններ հակված են կարծելու, որ Պետրոսը Մեծը ցանկության դեպքում կարող էր նշել իր թագաժառանգի անունը մահվանից շատ ավելի վաղ: Սակայն փաստն այն է, որ Պետրոսի մահից հետո ռուսական գահը բաժին հասավ 6 կայսրերի և կայսրուհիների, մինչև գահին բազմեց իսկապես արժանավորը` Եկատերինա Երկրորդը, ով նրա ուղղակի ազգականը չէր (թոռան կինն էր) և դարձավ Ռուսաստանի պատմության ամենահզոր տիրակալներից մեկը:

Հիշենք ևս մի պատմական դրվագ: 1922 թ. վերջին, երբ Ռուսաստանում իրենց իշխանությունն ամրապնդել էին բոլշևիկները, պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինը գրեց հոդված` «Նամակ համագումարին» վերնագրով` ուղղված Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության համագումարի պատվիրակներին, որը պատմության մեջ ավելի շատ հայտնի է՝ որպես  «Լենինի կտակը»: «Նամակն» ընթերցվեց միայն 1924 թ. մայիսին` Լենինի մահվանից հետո, ՌԿ(բ)Կ 13-րդ համագումարում: Իր «կտակում» խորհրդային առաջնորդը խոսում էր կուսակցական ղեկավարներից 6-ի` Ստալինի, Տրոցկու, Զինովևի, Կամենևի, Բուխարինի և Պյատակովի մասին, ովքեր կարող էին լինել իր հավանական ժառանգորդը: Լենինը բավական խիստ էր արտահայտվում Ստալինի մասին, և համեմատաբար ավելի դրական գնահատականներ էր տալիս Բուխարինին, սակայն չկար որևէ մեկը, ում նա կմատնանշեր՝ որպես կուսակցության նոր առաջնորդ: Իսկ պատմությանն արդեն հայտնի է, թե, ի վերջո, ով դարձավ այդ առաջնորդը: Նա այս դեպքում, երևի թե, ոչ այնքան ամենաարժանավորն էր, որքան ամենաուժեղը:

Եվ, վերջապես, նման իրավիճակ էր ստեղծվել նաև մեկ այլ` շատ ավելի վաղ անցյալի պատմական հերոսի` Ալեքսանդր Մակեդոնացու ժառանգության շուրջ: Ք.ա. 323 թվականին 33-ամյակը չբոլորած Ալեքսանդր Մեծը, ով արդեն հասցրել էր տիրանալ ողջ Առաջավոր Ասիային, մահվան հոգեվարքում էր: Նրա մահիճը շրջապատել էին իր հավատարիմ զինակիցները և զորահրամանատարները` Անտիգոնուսը, Կրատերը, Պերդիկկասը, Պտղոմեոս Լագիդեսը, Սելևկոսը և մյուսները, ովքեր վառվում էին իշխանության տենչով և անհամբեր սպասում էին, թե ո՞ւմ անունը կտա արքան` որպես նոր տիրակալ: Սակայն, երբ արքային հարցրին,  թե ո՞ւմ է թողնում իր հսկայական կայսրությունը, ի պատասխան՝ Ալեքսանդրն ասաց՝ «լավագույնին»: Իսկ թե ինչո՞ւ են այսպես վարվում առաջնորդները, եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:

Մասնագիտությամբ պատմաբան Լևոն Տեր-Պետրոսյանն իրավացի է` քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում: Այլ հարց է, որ իր իշխանության և ոչ իշխանության տարիներին, նա, մեղմ ասած, չի խրախուսել առաջնորդ դարձող գործիչներին: Եթե չասենք, որ իրականում խոչընդոտել է շատերին: Բայց, ինչպես կասեր պատմական գիտությունների դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական գործընկեր Գագիկ Ծառուկյանը, այդ մասին` հաջորդ դասին:

Տեսանյութեր

Լրահոս