Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը՝ Սասուն Միքայելյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բլից-հարցազրույցը ilur.am-ին:

– Պարոն նախագահ, ինչպե՞ս կմեկնաբանեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում Սասուն Միքայելյանի հրապարակած հոդվածը։

– Ես այնքան բարձր եմ գնահատում Սասուն Միքայելյանի հսկայական վաստակը Հայաստանի անկախության վերականգնման և Արցախի ազատագրման գործում, որ ինձ թույլ չեմ տա մեկնաբանել նրա հոդվածը։

Բայց չէ՞ որ Ձեր հասցեին լուրջ կշտամբանքներ են արտահայտված նրա կողմից։

Կարդացեք նաև

– Հարկի թե անհարկի, միևնույն է՝ այդ կշտամբանքներն ամենևին չեն փոխի իմ գնահատանքն ու ամենահարգալից վերաբերմունքը մեր ազգի հերոսներից մեկի նկատմամբ։

– Արդյոք դա չի՞ դիտվի որպես խուսափում պատասխանից, մասնավորապես այն հարցի վերաբերյալ, որ նախագահի թեկնածու չառաջադրվելով, Դուք փաստորեն հրաժարվել եք իշխանության դեմ պայքարից։

– Եթե իշխանության դեմ պայքարը առաջադրվելու կամ չառաջադրվելու մեջ է, ապա պետք է ընդունել, որ Հայաստանում այդ առումով ամենաշատը պայքարել են Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը և Արտաշես Գեղամյանը, որոնցից յուրաքանչյուրը, եթե չեմ սխալվում, արդեն երեք-չորս անգամ է առաջադրվել։

– Այնուամենայնիվ մի ցավոտ հարց էլ կա, որը ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլ նաեւ ուրիշներին է հուզում. եթե չէիք առաջադրվելու, ապա ինչո՞ւ մեկ-երկու տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ չբերեցիք։

– Այդ առթիվ գուցե տեղին է հրապարակայնացնել Վանո Սիրադեղյանի հետ կապված մի ուսանելի դրվագ։ ՀՀՇ վարչության նիստերից մեկում ընթացող քննարկման ժամանակ Վազգեն Մանուկյանը, չդիմանալով Վանոյի լուրջ փաստարկներին, հունից դուրս եկավ ու գոռաց. «Վանո, ո՞նց ես հետս վիճում, չէ՞ որ ես եմ քեզ քաղաքական գործիչ դարձրել»։ «Բա ինչի՞ Խաչիկ Ստամբոլցյանին չկարացար դարձնել»,- վայրկենապես հակադարձեց Վանոն, ինչից Վազգենը պարզապես գունատվեց ու պապանձվեց։ Առակս ցուցանէ, որ ընդդիմության դաշտում ոչ ոք ոչ ոքի չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել. քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում։

– Գիտեմ, որ չեք ուզում շարունակել, բայց մի հարց էլ, ու վերջ. ինչպե՞ս եք վերաբերվում ոչ միայն Սասուն Միքայելյանի, այլեւ Նիկոլի, Արամ Սարգսյանի եւ մյուսների այն հավաստիացումներին, որ միեւնույն է, Լեւոնով թե առանց Լեւոնի, իրենք շարունակելու են պայքարը ավազակապետության դեմ։

– Բնականաբար գոհունակությամբ և հաջողության մաղթանքներով, ցանկանալով, սակայն, որ նրանք օր առաջ խոսքից անցնեն գործի։

Տեսանյութեր

Լրահոս