Նախագահները, նախարարները, օլիգարխները մտնում են «լոխերի» կատեգորիայի մեջ. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսում խոսեց ղարաբաղյան շարժման նշանակության և խորհրդի մասին:
«Վերջերս մի սիմվոլիկ իրադարձություն տեղի ունեցավ. անգլիական հրատարակություններից մեկը, որն ուսումնասիրում է Հայաստանը, հրատարակեց 1992 թ. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքույկը,- ասաց նա,- Սա Բուտիրկայի բանտում գրված նամակներն են, որոնք այդպես էլ մնացին չուղարկված: Սրանք այն ժամանակվա հուշերն են, բայց սիմվոլիկ է վերնագիրը: Ես այօսր ամբողջ ղարաբաղյան շարժման եղածը-չեղածը, թե այն ժամանակվա մարդն ինչպես էր ապրում, ինչ էր զգում, ինչ իղձեր ու երազանքներ ուներ, այդ ամենը կանվանեի «Չուղարկված նամակներ» հատկապես այսօրվա երիտասարդության համար»:
Աշոտ Մանուչարյանը նշեց, որ իր ցանկությունը կլիներ, որ մենք օգտագործենք ղարաբաղյան շարժման 25-ամյակը և չուղարկված նամակները այդպիսի հազարավոր մարդկանց, ովքեր այն ժամանակվա հերոսներն էին, իսկ այդ ժամանակվա հերոսը, ըստ Ա.Մանուչարյանի, ժողովուրդն էր:
«Շարժումն այն է, ինչը մեզ հուշելու է դեպի ապագա տանող ուղին, այն ուղին, որը մենք կորցրել ենք 25 տարի առաջ և այսօր էլ դեգերում ենք` փորձելով հասկանալ, թե ուր գնանք, հսկայական խմբերով լքում ենք երկիրը, որովհետև շեղված և խեղված է երկիրը: 25 տարի առաջ մեր ժողովուրդն արդեն գտել է այդ ուղին: Հիմա ոչ թե պետք է կրկնենք այդ նույն ուղին, այլ շարունակենք»,-ընգծեց Աշոտ Մանուչարյանը:
Այս համատեքստում Աշոտ Մանուչարյանը հիշեց «Ղարաբաղ» կոմիտեի իր ընկերների, մասնավորապես Համբարձում Գալստյանի մասին, և պատմեց, թե ինչպես է իրենց ձերբակալել խորհրդային «КГБ»-ն և ուղարկել Բուտիրկայի բանտը, որտեղ Աշոտ Մանուչարյանին ուղղված նամակում Համբարձում Գալստյանը գրել է, թե ո՞վ է իրենց մատնել:
Սակայն լրագրողներին, բնականաբար, ավելի շատ հետաքրքրում էին ներքաղաքական իրադարձությունները, և նրանցից մեկը խնդրեց Աշոտ Մանուչարյանին անդրադառնալ նախագահական ընտրություններին:
«Սրբազան գործ է»,- ի պատասխան հեգնեց Աշոտ Մանուչարյանը:
«Այսօրվա քաղաքական հարթության մեջ կատարվող իրադարձությունները Հայաստանի, նրա ճակատագրի և ապագայի հետ որևէ կապ չունեն, նրանք մասն են մոլորակը ոչնչացնող համակարգի գործունեության»,- նշեց բանախոսը:
«Իսկ նախագահական ընտրությունները մրցակցային չե՞ք համարում»,- հարցին Մանուչարյանը պատասխանեց. «Տեր Աստված, «նախագահական», «ընտրություններ» և «մրցակցային» բառերը երեքն էլ կողոպուտի աշխարհի մասնագիտական բառեր են, որովհետև ընտրություն չկա այսօրվա աշխարհում»:
Աշոտ Մանուչարյանը նշեց, որ նույն Եվրոպայում մարդիկ գնում և անում են այն, ինչ անվանում են ընտրություն, և ընտրության հաջորդ օրը հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ և բողոքում են նախագահի դեմ, իսկ «նախագահը», ըստ Մանուչարյանի, կրկին դասվում է վերոհիշյալ բառերի թվին:
«Բայց նախագահն ընդամենը կառավարիչն է համաշխարհային կողոպուտի համակարգի ղեկավարների: Բայց այդ համակարգն ինձ լավագույն ձևով բացատրել են Բուտիրկայում, այս էլ ձեզ ասեմ: Այն ժամանակվա ռուս կրիմինալը առավել անկեղծ էր, քան այսօրվա նախագահները, միջազգային կառույցի ղեկավարները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները, և այդ տղաներն ինձ անկեղծ բացատրեցին, որ Աստված աշխարհը ստեղծել է երեք կատեգորիայի մարդկանցից: Առաջին կատեգորիան, ռուսերեն ասած, «быдло»-ն է, հայերեն` լծկան եզ, դա ժողովրդական այն զանգվածն է, որը պետք է աշխատի և իր քրտինքով բարիքներ ստեղծի: Երկրորդ կատեգորիան «լոխերն» են, հայերեն թարգմանած` օլիգարխիա, պետական գործիչներ և այլն, որոնց խնդիրն այդ «быдло» խավին կողոպտելն է: Եվ երրորդ կատեգորիան այն մարդիկ են, ովքեր գտնում են բանտում, գողերը, ավազակները, մարդասպանները: Նրանք էլ այդ հարստությունը պետք է վերցնեն և վայելեն»,- ասաց Ա.Մանուչարյանը:
Իսկ հարցին, թե նախագահները ո՞ր կատեգորիայի մեջ են մտնում, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց.
«Ես ասացի, որ եկրորդ կատեգորիան «լոխերն» են: Բոլոր այն քաղաքական գործիչները, նախարարները, օլիգարխները, ում դուք գիտեք, դա «լոխերի» համակարգն է` ըստ ռուսական տերմինալոգիայի: Ճիշտ է, ռուս քրեական կրիմինալը «ղայդին» տղերք են, նրանք թույլ չեն տա, որ ինչ-որ անգլիացի, ամերիկացի կամ իսրայելցի լինեն, որոնք չեն երևում աշխարհում: Նրանք հո Ծառուկյան չե՞ն, որ օլիգարխի բիցեպսները կպցնեն ման գան: Համեստ, նիհար, չերևացող մարդիկ են»: