Ստյոպա Սաֆարյանն առայժմ Արման Մելիքյանին չի կասկածում

«Նորմալ քարոզարշավ չեմ համարում: Էդպես չեն դառնում իշխանության հիմնական մրցակից, էդպես չեն պայքարում: Նորմալ վիճակ չէ, եթե սա է նախագահի թեկնածուների վարքագիծը»,- «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբի երեկվա հայտարարությունը:

««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը և իշխանական ճամբարի կողմից` նրան Սերժ Սարգսյանին պարտված մրցակցի դերում տեսնելու անսքող ցանկությունը, տարատեսակ վերլուծաբանների ու սոցիոլոգների կողմից իրադարձությունների այսօրինակ զարգացման անխուսափելիությունը «կանխատեսող» և «հիմնավորող» ելույթները կեղծիքից ու անօրինությունից ազատվելու մեր ցանկությունը մարող,մեր կամքն ու գործունակությունը կաշկանդող բացահայտ մարտահրավերներ են»,- ասվում է հայտարարության մեջ:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Արման Մելիքյանը ևս Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկելու պատվերով է նման հայտարարություն անում, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես Արման Մելիքյանին ավելի մոտիկից եմ ճանաչում  և առայժմ թույլ չեմ տա ինձ նման կասկածներ հայտնել»:

Հիշեցնենք, որ այսօր հրավիրած ասուլիսում Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ նախագահի թեկնածուներ Վարդան Սեդրակյանն ու Արամ Հարությունյանը Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով են առաջադրվել: Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այլ դրածո թեկնածուներ չկա՞ն այս ընտրապայքարում: «Ժառանգության» գլխավոր քարտուղարը պատասխանեց, որ հունվարի 21-ից՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած, կերևա, թե ով ինչ նպատակ ունի և ո՞րն են իր առավելագույն և նվազագույն սպասելիքները: Ստյոպա Սաֆարյանը նաև համոզմունք հայտնեց, որ նախագահի թեկնածուների կողմից ինքնաբացարկներ կլինեն:

Կարդացեք նաև

«Դեռևս ինքնաբացարկի ժամկետ ունեն, և ես կարծում եմ, որ որոշ թեկնածուներ կգիտակցեն, որ 8 միլիոն կորցնելն այնքան էլ հեշտ բան չէ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ «տեր» ունեցող թեկնածուների դեպքում պատվիրատուները կափսոսեն գումարը, ինչ-ինչ շարժառիթով առաջադրված, սակայն իրենց պարտությունը գիտակցող թեկնածուները ևս, հնարավոր է՝ ինքնաբացարկ հայտնեն:

Տեսանյութեր

Լրահոս