
Իրաքում պայթեցվել են քրդական կուսակցությունների գրասենյակները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական պայթյուններ, որոնց մի մասը գրանցվել են Քրդստանի Դեմոկրատական կուսակցության և Քրդստանի Հայրենասիրական միության գրասենյակների հարևանությամբ: Այդ ամենի հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ մարդ:
Իրաքի հյուսիսում ընկած Քիրքուք քաղաքում գրանցվել է երկու պայթյուն: Դրանցից մեկն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, ով Քրդստանի Դեմոկրատական կուսակցության գրասենյակից ոչ հեռու գործի է գցել պայթուցիկը: Այդ կուսակցությունը գլխավորում է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին: Երկրորդ ռումբը գտնվել է գրասենյակից ոչ հեռու կայանված ավտոմեքենայում: Այն պայթեցվել է այն ժամանակ, երբ առաջին պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել փրկարարները:
Ամերիկյան Associated Press գործակալության տվյալներով՝ այդ ահաբեկչության հետևանքով զոհվել է 19 և վիրավորվել է գրեթե 200 մարդ: Այդ երկու պայթյունների հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների նվազագույնը վեց աշխատակից:
Մյուս ահաբեկչությունը նույնպես իրականացվել է Իրաքի հյուսիսում՝ Թուզ-Հուրմաթլի քաղաքում՝ Քրդստանի Հայրենասիրական միության գրասենյակի հարևանությամբ: Այդ կուսակցությունը գլխավորում է Իրաքի նախագահ, քուրդ Ջալալ Թալաբանին: Այստեղ ահաբեկչի թիրախում է եղել քրդական անվտանգության ուժերի տեղի բաժանմունքը: Պայթյունի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել է ավելի քան 30 մարդ:
Այսօր մի քանի պայթյուն էլ գրանցվել է Բաղդադում: CNN-ի տվյալներով՝ այսօր Իրաքում պայթյուններից ընդհանուր առմամբ զոհվել է 27 մարդ, մինչդեռ բժիշկների պնդմամբ՝ 50 մարդ: Դեռ ոչ ոք չի ստանձնել իրականացված պայթյունների պատասխանատվությունը: