Դեդ Հասանը սպանվել է մեկ կրակոցով. Ռուսաստանի Հետաքննչական կոմիտե (տեսանյութ)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաքննչական մարմինները քրեական գործ են հարուցել այսօր Մոսկվայի կենտրոնում 75-ամյա կրիմինալ հեղինակություն Ասլան Ուսոյանի սպանության գործով, ով հանցավոր շրջանակներում առավել հայտնի է որպես Դեդ Հասան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Վերջինիս տվյալներով՝ Ուսոյանը սպանվել է մեկ կրակոցով. «Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (սպանություն): Հետաքննության վարկածով՝ այսօր Մոսկվա քաղաքի Պովարսկայա փողոցում անհայտ անձը հրազենիով կրակել է Ուսոյանի վրա, ինչից հետո տուժածին տեղափոխել են հիվանդանոց, ուր և նա մահացել է: Հրաձգության ժամանակ հրազենային երկու վնասվածք է ստացել դեպքի վայրում գտնված մի կին, որին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Հետաքննությունը դիտարկում է տարբեր վարկածներ, այդ թվում նաև սպանվածի կրիմինալ գործունեության հետ կապված վարկածներ»:
Իրավապահները պարզել են, որ Ուսոյանի վրա այսօր կրակել են Պովարսկայա փողոցի վրա գտնվող Կինոդերասանի տանիքից: Իրավապահ մարմիններում եղած աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ 2010 և 2013 թվականներին Ուսոյանի դեմ իրագործված մահափորձերը շաղկապված են միմյանց:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի սկզբներին ադրբեջանական Turan լրատվական գործակալությանկայքում տեղադրվել է Յուրի Վերշովի ««Օրենքով գողերը» պատերազմ են նախաձեռնում» խորագրով հոդվածը, որում նշված էր, որ 2013 թվականին ակնկալվում է գողական աշխարհի խոշոր պատերազմ: