Նախորդ 5 տարիների ընթացքում քանի՞ ՀՀԿ-ական է ինքնասպան եղել, արտագաղթել և ձերբակալվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ այսօրվա ասուլիսում պատասխանելով հարցերին, թե նախորդ հինգ տարիների ընթացքում քանի՞ հանրապետական է արտագաղթել, քանի՞սն են ձերբակալվել և քանի՞սն են ինքնասպան եղել, ասաց. «Ես չեմ կարող ասել՝ քանիսն են ձերբակալվել: Ոչ թե վերջին տարիներին, այլ ընդհանրապես, ոչ միայն հանրապետական. եթե հանցագործություն է կատարել, ձերբակալվել է: Իսկ արտագաղթելու մասին որոշակի բան ասել չեմ կարող: Իհարկե, եղել են մարդիկ, ովքեր լավ աշխատանք են գտել, գնացել են դուրս աշխատել են, վերադարձել են: Ինչպես ժողովուրդը: Հանրապետականը հրեշտակների կամ իդեալականացված մարդկանց կուսակցություն չէ՝ գալիս են, գնում եմ, հեռացնում ենք կուսակցությունից: Եթե հանրապետականն ունի իր ազգային կողմնորոշումը, արժեհամակարգը՝ բացառվում է, որ որևէ հանրապետական ինսքնասպան լինի, դա բացառվում է»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ համագործակցության շարունակությանն ու նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին սատարելու հավանականությանը, Գալուստ Սահակայնը նշեց. «ԲՀԿ-ն մեզ համագործակցության առաջարկ չի արել: Մենք էլ երբևէ ոչ մի կուսակցությանը չենք առաջարկել համագործակցել մեզ հետ: Իհարկե տարբեր կուսակցություններ իրենց կամքով փորձում են ՀՀԿ-ի հետ համագործակցության դաշտ ստեղծել, ինչը բնական է: Տեղերում տարբեր կուսակցության ներկայացուցիչներ, հնարավոր է նաև՝ ԲՀԿ անդամները՝ որպես անհատ քաղացիներ, համագործակցեն մեզ հետ: Մենք «էստի համեցեք» կուսակցություն չենք, վերջին տարիներին երբ որևէ կուսակցության կողմից համագործակցելու առաջարակություն է լինում, քննարկում ենք հարցը»: