«Կռիվը գնում է ԲՀԿ-ի ընտրազանգվածի համար».Ս.Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ ամենաթույլ դիրքում այս պահին գտնվում է ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը:  Նրա կարծիքով, երեք գործոն են ազդում Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացման վրա. նախ՝ տրված խոստումերը չեն կատարվել և ժողովուրդը դժգոհ է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից, երկրորդ՝ Սերժ Սարգսյանին չի սատարում ԲՀԿ-ն և վերջապես նա միայնակ է պատասխան տալիս երկրում տիրող իրավիճակի համար:

«Այսօր չկա Ռոբերտ Քոչարյանի նման մեկը, որը մեղքերի մի մասը կվերցնի իր վրա: Առ այսօր մարտի 1-ի համար հասարակության մի հատվածը կմեղադրի  Սերժ Սարգսյանին, մի հատվածը կմեղադրվի Ռոբերտ Քոչարյանին, այսինքն՝ պատասախանատվությունը բաշխվում էր»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» գլխավոր քարտուղարը:

Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ քաղաքական որոշ ուժերի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը «մի տեսակ բոյկոտային տրամադրություն ստեղծեց հասարակության մեջ», մարդիկ սպասում էին, որ ընդդիմադիր ուժերի համախմբում տեղի կունենա: Ըստ բանախոսի՝ հասարակությանն ակտիվացնելու խնդիրը  հնարավոր է հաղթահարել արդյունավետ  քարոզարշավի միջոցով:

«Եթե մեզ՝ «Ժառանգությանը», Րաֆֆի Հովհաննիսյանին, հաջողվի էֆեկտիվ, համոզիչ քարոզարշավ տանել, ապա, ես վստահ եմ, որ մասնակցության խնդիրը լուծվելու է»,-հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը: Ստյոպա Սաֆարյանի խոսքով, սկսած 1996-ից իշխանությունները հայտարարում են, թե իշխանություններին այլընտրանք չկա, և խաղն ավարտված է:

Ստյոպա Սաֆարյանի բնութագրմամբ, իշխանությունները դա անում են թե սեփական, թե պատվիրված շուրթերով, մասնավորապես՝ դիմում են վերլուծաբանների և սոցիոլոգների օգնությանը: Ստյոպա Սաֆարյանը պատահական չի համարում սոցիոլոգների՝ Սերժ Սարգսյանի հաղթանակի վերաբերյալ հրապարակած թվերը: Նրա խոսքով, իշխանություններն այդ սոցհարցումների միջոցով փորձում են ցույց տալ, թե ԲՀԿ-ի ընտրազանգվածն աջակցելու է ՀՀԿ թեկնածուին:

«Կռիվը գնում է ԲՀԿ-ի ընտրազանգվածի համար: Սերժ Սարգսյանը և նրա թիմը փորձում են ապացուցել, որ ԲՀԿ-ի շուրջ 30 տոկոսը պիտի կողմնորոշվի դեպի Սերժ Սարգսյանը»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը, սակայն, պնդում է, որ նախընտրական շրջանի անորոշությունը պահպանվում է, ավելին՝ ինտրիգներն ավելանում են, որոնցից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն է:

«Հայաստանի պատմությունը ցույց է տվել, որ շատ ավելի թույլ կամ շատ ավելի վատ կազմակերպված քարոզարշավների արդյունքում ընդդիմադիր թեկնածուները միևնույն է՝ չափազանց լուրջ պրոբլեմ են ստեղծել իշխանության համար, շատերը հաղթել են, պարզապես խնդիրն այլ դաշտում է եղել՝ արդյոք կարողացե՞լ է ընդդիմությունը վերցնել իր հաղթանակը»,- հայտարարեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս