
Տղան մեղադրվում է հարբած վիճակում մորը բռնաբարելու փորձ կատարելու մեջ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում այսօր տեղի է ունենալու ալկոհոլային հարբածության վիճակում մորը բռնաբարելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Վահան Խաչատուրյանի գործով դատական նիստը:
Դատարանից 168.am-ին տեղեկացրին, որ նիստը դռնփակ է, և չեն կարող ասել`դատաքննությունն ի՞նչ փուլում է: Գործով նախագահող դատավորն Արմեն Վարդապետյանն է: Մեղադրյալ Վահան Խաչատուրյանի պաշտպանությունն, ըստ datalex տեղեկատվական համակարգի, իրականացնում է Տիգրան Գրիգորյանը: Վահան Խաչատուրյանը կալանավորված է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ըստ datalex տեղեկատվական համակարգի` մեղադրական եզրակացության համաձայն`1976-ին ծնված Վահան Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011-ի մայիսին, ժամը 24.00-ի սահմաններում իրենց` Նոր Նորքի 8-րդ զանգվածի 29 շենքի 7 բնակարանում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, նույն բնակարանում բնակվող մոր` Վալյա Ջանջուղազյանի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, ամբողջովին մերկ վիճակում մտել է վերջինիս ննջասենյակ:
Նախապես վերցրած խոհանոցային դանակի սպառնալիքով մորից պահանջել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, միաժամանակ պատռել է վերջինիս հագին եղած գիշերանոցը, այնուհետև քարշ է տվել իր ննջասենյակ և փորձել բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ մայրը համոզելու եղանակով` սեռական ակտը քիչ անց իրականացնելու պատրվակով, կարողացել է մի պահ դուրս գալ սենյակից և դիմել փախուստի: