ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն առաջարկում է նախընտրական նոր մարտավարություն

«Ասպարեզում հայտնվեցին այն մարդիկ, որոնց կարող ենք գնահատել որպես Հայաստանի քաղաքական դաշտի երկրորդ էշելոնի ներկայացուցիչներ»,- այսօր մամլո ասուլիսում ասաց ԼՂՀ նախկին արտգործախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը` նշելով, որ նկատի ունի երեք քաղաքական ուժերի ղեկավարներին` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին:

«Ըստ էության` ստեղծվեց մի իրավիճակ, որ առաջադրվողներից որևէ մեկը առայժմ չի առաջարկել ընտրություններում հաղթելու իրական սցենար: Մենք պատրաստել ենք այդ սցենարը»,- հայտարարեց Արման Մելիքյանը:

Վերջինս անդրադարձավ նաև առաջադրված մյուս թեկնածուներին` մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանին. «Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկնաբանելով իր առաջադրումը, մի այսպիսի բավական ոգևորիչ հայտարարություն արեց` ասաց. «փետրվարի 18-ին միմյանց հետ են մրցելու Սերժի Հայաստանը և Րաֆֆիի Հայաստանը»: Չկա´ Սերժի Հայաստան, չկա´ Րաֆֆիի Հայաստան, կա Հայաստան, որտեղ ժողովուրդը զրկված է ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորությունից: Եվ այս առումով` թե´ նախագահն է, ըստ էության, նշանակված, թե խորհրդարանական ուժերն են, ըստ էության, գործարքով խորհրդարան մտել, որովհետև չի եղել ընտրություն, որի արդյունքների հետ համաձայնենք»:

Արման Մելիքյանի կարծիքով` իշխանությունները հասցրեցին նրան, որ քաղաքական ուժերը հնարավորություն չունեն ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու, բայց դրա հիմնական տուժողը, ըստ նրա, հասարակությունն է, և եթե հասարակությունն այսօր իրեն պաշտպանելու միջոցներ չձեռնարկի, մենք կունենանք քաղաքական մենաշնորհով և շատ մշուշոտ ու տխուր ապագայով պետություն:

Կարդացեք նաև

Արման Մելիքյանը հենց այս «տխուր» հեռանկարից խուսափելու նպատակով է բացատրում իր առաջադրումը, քանի որ նշեց, որ  հապաղել է մինչև այլոց առաջադրումը և չի բացառել բոյկոտը, բայց  որոշեց առաջադրվել և առաջարկել նոր օրակարգ և նախընտրական նոր մարտավարություն` ողջ հասարակությանը և քաղաքական դաշտին:

Խոսելով այդ նոր մարտավարության մասին` Արման Մելիքյանն ասաց, որ նախևառաջ իրենք հրաժարվում են իշխանություններին որևէ բան ապացուցելու սովորույթից:

«Մեր խնդիրն է ապահովել, որ ընտրությունները լինեն իրավաչափ, և դրա համար մտածված է բավական յուրօրինակ մեխանիզմ: Մենք սկսելու ենք ստուգել ընտրությունների իրավաչափությունը մինչև ընտրությունները` քարոզարշավի առաջին իսկ օրվանից: Այսօր և այստեղ ես կստորագրեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուղղված մի նամակ, որում ես առաջարկում եմ իրեն` որպես ընտրությունների իրավաչափությունն ապահովող մարմնի ղեկավար, աջակցել, որպեսզի  հրապարակվեն Հայաստանից հեռացածների քանակային տվյալները, հրապարակվեն այն տվյալները, որոնք կվերաբերվեն Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց Հայաստանում չբնակվող մարդկանց, հրապարակվեն տվյալներն այն մասին, թե քանի հոգի է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից: Սա մեր առաջին քայլն է այս ուղղությամբ»,- ասաց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Արման Մելիքյանի մյուս քայլն այն է, որ արդեն իսկ գործարկված է ֆեյսբուքյան էջը, որտեղ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան հայտնել, որ իրենք փետրվարի 18-ին չեն լինելու Հայաստանում և չեն մասնակցելու քվեարկությանը:

«Այս քայլերը ձեռնարկվում են այն նպատակով, որպեսզի պարզ լինի, թե իրականում Հայաստանում ձայնի իրավունք ունեցող քանի մարդ է մնացել»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս