Ո՞ւմ սատարեց գլխավոր մարքսիստը, կամ՝ «արքունի նոր շքախմբի» ձևավորման անհրաժեշտությունը

Այսօր Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հրավիրվել էր լրագրողների հետ հանդիպման` պատասխանելու հարցին, թե ինչո՞ւ չի առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրություններում: Դավիթ Հակոբյանը նշեց մի քանի պատճառներ, որոնց հիման վրա աննպատակահարմար է գտնում մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին, քանի որ, ըստ նրա, «գաղափարական արքաները» չեն մասնակցում «նախագահական մարաթոնին»:

«Ինչպես կասեր Պոմպեոս Մեծը, երբ Սիցիլիայում կոնսուլության ժամանակ նրան հարցնում էին, թե ինչո՞ւ է նա խախտում օրենքները, նա ժողովրդին ասաց. «Օրենքների և օրինականության մասին մի´ պահանջեք մի մարդուց, ում գոտուց սուր է կախված»: Այսինքն՝ իշխանափոխությունը կատարվում է միայն ուժային լծակների կողմից:

Իսկ եթե ես մտնեի ասպարեզ, ապա ես` իմ բնավորության հատկանիշներով, հալեպցի Լևոնի նման քոչարի չէի պարելու հարթակի վրա, ես գնալու էի գրոհի, իսկ «անգամ ամենավեհ գաղափարները կրող հեղափոխությունը չարժե մեկ երեխայի արտասուքին», ինչպես կասեր Ֆեոդոր Դոստոյեվսկին»,- ասաց Դավիթ Հակոբյանը` ավելացնելով, Ընտրական օրենսգրքի, ըստ նրա՝ հանցագործ կողմերի մասին` բացարձակ ցենզային իրավունք, այսինքն` տարեկան 1 մլրդ դոլար կապիտալ ունեցող քաղաքացին և տարեկան 1000 դոլար կապիտալ ունեցող քաղաքացին պետք է վճարեն միևնույն 8 մլն դրամ ընտրագրավը, ընտրական հանձնաժողովների ձևավորումը վերևից, ոչ թե ներքևից և այլն:

«Ահա այս պայմաններում մտնել քաղաքական մեջլիս՝ առայժմ գտանք աննպատակահարմար, բայց անհրաժեշտության դեպքում выйдем на арену в нужное время, в нужном месте, так что… դուք անհոգ եղեք»,- իրեն բնորոշ տոնով ասաց Դավիթ  Հակոբյանը, սակայն այդպես էլ չասաց, թե երբ է գալու ասպարեզ դուրս գալու «нужное время»-ն, չնայած՝ նա միևնույն ժամանակ նշեց, որ վիճակը Հանրապետությունում «օրհասական է»: Դ. Հակոբյանը նաև չասաց, թե, որպես քաղաքական ուժ, ո՞ւմ թեկնածությանն է աջակցելու:

Կարդացեք նաև

Այդ հարցը նրան ուղղեց «Առաջին լրատվականի» ներկայացուցիչը: Մարքիստը խնդրեց լրագրողին ներկայանալ, և երբ իմացավ, որ նա ներկայացնում է «Հայլուրը», բավական զարմացավ: ««Հայլուրն» այսօր համարձակվել է գալու, դա ուղղակի ողջունելի է, բրավո դեմոկրատիա»,- ժպտալով ասաց նա: Այնուհետև շարունակեց իր բոցաշունչ ձայնով.

«Իշխանությունը պարտադիր կվերընտրվի` իր բոլոր լծակների գործադրմամբ: Եթե Շարմազանովները` արքունի թութակները, հաճախակի կրկնում են, որ Սերժ Ազատիչը մրցակից չունի, ես իմ նախագահին շատ հարգում եմ, որ նա կարողացավ պորտը կտրված Ղարաբաղում, բայց Հայաստանի թագավոր դառնալ, ողջունում եմ նրա համարձակությունը, բայց մրցակից ո՞ւմ հետ: Նա գաղափարական մրցակիցներ շատ ունի և առավել քան ինքը, բայց ուժային և ընտրական տեխնոլոգիաների առումով, այսինքն` իշխանությունը զավթելու հնարավորության առումով` նա մրցակից չունի»:

Հայաստանի գլխավոր մարքսիստը խոսում էր այնպես, կարծես թե գործող նախագահն արդեն վերընտրվել է, և նույնիսկ իմաստ չկա ընտրություններ անցկացնելու: Սակայն նաև նշեց, որ «այս նախագահը գահը վերցնելուց հետո մեկ տարի անգամ դիմանալ չի կարող, եթե նա լուրջ գաղափարական, քաղաքական և տնտեսական ուղեղների շքախումբ չձևավորի»: Նա խոսեց նաև Հայաստանի դեմոգրաֆիական վիճակի` բնակչության վերարտադրության ցածր ցուցանիշների, «ազգի բարոյական անկման» ևարտագաղթի մասին` հորդորելով նախագահին «լուրջ փիքր անել» այս խնդիրների վերաբերյալ:

Այս համատեքստում Դ.Հակոբյանն անդրադարձավ Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակինն` նշելով, որ «կոմպլիմենտարիզմի» քաղաքականությունն այսօր արդեն արհամարված է, և Արևմուտքն ու Հյուսիսը Հայաստանից պահանջում են բյուրեղացնել իր դիրքորոշումը, թե ո՞ր աշխարհաքաղաքական օրբիտայում Հայաստանը պետք է հանգրվանի:

«Տեսեք Եվրոպայի արձագանքը, երբ Ազատիչը գտնվում էր Մոսկվայում` Եվրազեսի վերջնական խորհրդի ժամանակը. «պահանջում եմ վերջնականապես բյուրեղացվել` Եվրոպա՞, թե՞ Հյուսիս»: Իսկ Պուտինը և Ռուսաստանը մինչը 15 թվականը նոր ՆԱՏՕ կձևավորեն»,- ասաց Դ.Հակոբյանը:

«Պատկերացրեք` եթե այս ծանր իրավիճակում մենք նախագահին չսատարենք, նախագահը կհայտնվի այնպիսի ցայտոտնի մեջ, որ գնում է Եվրասիական գեոքաղաքական կենտրոն, Արևմուտքը նրան կհայտարարի ոչ լեգիտիմ, և կսկսվի նույն Բաշար Ասադի ինտերվենցիան (նկատի ունի ներխուժումը Սիրիա,- Ա.Ս.)»:

Ի վերջո, լրագրողի երկար հորդորներից հետո Դ.Հակոբյանը գտավ պատասխան հարցին, թե ո՞ւմ է աջակցելու նախագահական ընտրություններում` նշելով, որ ընտրություններն ամբողջ աշխարհում գաղտնի են պահվում, ինքն էլ, որպես քաղաքացի, իր համոզմունքներն առայժմ պահում է գաղտնի:

«Բայց ամեն դեպքում ազգի իրավիճակը պահանջում է կոնսոլիդացիա, և այստեղ թեկնածուական մանդատներով փարվեզանալու ժամանակը չէ… իսկ նախագահի վերընտրվելու դեպքում նախագահին մենք ունենք մեկ պարտադրանք` չկատարելու դեպքում կսկսենք իմփիչմենթի գործընթացը: Դա նա է, որ, թագավորն ապրած կենա, հարկավոր է և ժամանակն է նոր արքունի շքախումբ ձևավորելու… եթե նա չձևավորի այդ շքախումբը, առաջինը ես եմ նրա դեմ դուրս գալու, բայց այսօր ժամանակը պահանջում է կոնսոլիդացիա, կոնսոլիդացիա, նորի´ց կոնսոլիդացիա»:

Այսքանից հետո մնում է միայն եզրակացնել, թե իրականում ո՞ւմ սատարեց Հայաստանի գլխավոր մարքսիստը:

Հ.Գ. Արևմուտքը, որքան էլ ժողովրդավարությունն օգտագործում է սեփական աշխարհաքաղաքական շահերի համար, չի կարող լեգիտիմ և ժողովրդավարական ճանապարհով ընտրված որևէ թեկնածուի  ճանաչել «ոչ լեգիտիմ»:

Տեսանյութեր

Լրահոս