Աղքատության պատճառով հայերն Ամանորը իմաստավորում են կերուխումի սեղանի շուրջ
Հայերը Ամանորը դեռևս իմաստավորում են կերուխումի սեղանի շուրջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը: Ըստ նրա՝ պատճառը աղքատության աստիճանն է, քանի որ ուտելիքը դառնում է այն միջոցը, որով մարդ փորձում է ցուցադրել իր ունեցածը, իր պատկերացումները ճոխության, առատության մասին:
Ըստ ազգագրագետի՝ առատ ուտելիքի միջոցով հայերը փորձում են ցուցադրել իրենց սոցիալական դիրրքը. «Տարվա մեջ դա օր է, երբ մարդը առատության միջոցով փորձում է ցուցադրել իր գեղագիտական ճաշակը, իր պատկերացումները ճոխության մասին»:
Խոսելով ցուցամոլության մասին՝ ազգագրագետը նշեց, որ դա ունի պարզ բացատրություն. մարդը դրանով ուզում է ինքնադրսևորվել. «Մարդը Ամանորին ցուցադրում է իր ունեցած առավելագույնը՝ փորձելով դրանով շահել իր ընտանիքի, բարեկամական համայնքի հարգանքը, որպեսզի բոլորը հավատան, որ ինքը կարողանում է ինքնաիրացվել»: Ռուզաննա Ծատուրյանի խոսքով՝ շատ տղամարդիկ հատուկ Ամանորի առթիվ վերադառնում են արտագնա աշխատանքից և ձգտում են իրենց ամբողջ տարվա վաստակած եկամուտն ի ցույց դնել ընտանիքին, որպեսզի այդպիսով ինքնադրսևորվեն:
Ըստ Ռ. Ծատուրյանի, արդեն իսկ նկատվում է որոշակի շերտավորում, հասարակության տարբեր մասեր սկսում են այլ կերպ նշել Ամանորը. «Եթե նախկինում տոնակատարությունների սցենարն ավելի միատարր էր, ընդամենը տարբերվում էր սեղանին դրված ուտելիքների ճոխությամբ, վերջին տարիների սցենարներն ավելի բազմազան են դառնում»:
Ազգագրագետը նաև նշեց, որ մինչ Խորհրդային միությունը հայերը տարեմուտը հունվարի 1-ին չէին նշում: Տարեմուտը նշվում էր հունվարի 6-ին: Ազգագրագետի խոսքով՝ հայերի պատկերացումները փոխվեցին 20-րդ դարի սկզբին Խորհրդային միության պրոպագանդայի միջոցով: