Ղարաբաղում տեղական հումքով արևածաղկի ձեթ են արտադրում
ԼՂՀ-ում սկսել են տեղական հումքով արևածաղկի ձեթ արտադրել: Ինչպես NEWS.am-ին հայտնել է «Ռեյսպիդ» ընկերության տնօրեն Նորայր Ստեփանյանը, 2013 թ-ին ընկերությունը ծրագրում է 700 – 750 տոննա արևածաղկի ձեթ արտադրել: Գործարանի նախագծային հզորությունը կազմում է հազար տոննա տարեկան` միայն արևածաղկի ձեթի համար: Ծավալը մեծ չէ: Համեմատության համար նշենք, որ տարեկան Հայաստան է ներմուծվում մոտ 19 հազ. տոննա արևածաղկի ձեթ, ԼՂՀ արտահանվում է (հիմնականում Հայաստանից) մոտ 1,1 հազ. տոննա արտադրանք: Այդուհանդերձ, ընկերությունը մտադիր է ամրապնդվել հայկական շուկայում:
«Նախագծային 1000 տոննա հզորության դեպքում մենք կծանրաբեռնենք երկու մամալիչներն էլ, նրանցից առայժմ աշխատում է միայն մեկը: Արտադրանքի առաջին խմբաքանակը մենք արդեն թողարկել ենք այս տարի»,-հայտարարեց Ստեփանյանը: «Ոսկե կաթիլ» բրենդով ձեթն արդեն իրացվում է Երևանում` «STAR» ցանցի սուպերմարկետներում:
Գործարանը գտնվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Թագավարդ գյուղում և ամբողջությամբ աշխատում է տեղական հումքով: Արևածաղիկ ցանվում է Կովսականում, Արաքս գետի ափամերձ շրջանում: «Այս տարի մենք մոտ 2 հազ. տոննա սերմ ենք ձեռք բերել, դրանց կեսը մեր դաշտերից, իսկ մնացածը` ֆերմերներից: 2013թ. արտադրանքի ծավալը պետք է կազմի 2 – 2,5 հազ. տոննա»,-նշեց Ստեփանյանը:
Ձեթն արտադրվում է առանց ռաֆինացվելու: «Դրա համար սարքավորումներ դեռևս չունենք, ուստի արտադրանքի ապրանքային տեսքը կարող է այն չլինել, ինչին սովոր է գնորդը: Սակայն մենք չենք դադարում հետևել որակին: Վերջերս հերթական ստուգումն է իրականացվել Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտում»,-ասաց Ստեփանյանը: