Հանրահավաքն էպոսագետի համար չէ
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը չի պատրասվում նախընտրական քարոզչության ընթացքում հանրահավաքներ կազմակերպել:
«Մարզեր կգնամ, բայց հիմնականում կհանդիպեմ իմ թիմի անդամների հետ: Ես բոլոր քաղաքներում էլ շատ լավ թիմեր ունեմ: Բայց միտինգներ չեն լինի: Հիմնական քարոզարշավը լինելու է հեռուստաեթերով` և’ Երևանում, և’ մարզերում՝ մարզային հեռուստաընկերություններով»,- 168.am-ին ասաց Վարդան Սեդրակյանը:
Էպոսագետ թեկնածուի կարծիքով, նախ հանրահավաքներն արդյունավետ չեն և երկրորդը՝ դրանք լավագույն ձևը չեն էպոսի գաղափարը հանրությանը հասցնելու համար:
«Ինչ, որ ես ներկայացնում եմ, ասում եմ, դա հանրահավաքի բան չի: Հանրահավաքն ավելի պարզ է՝ սրանք սրիկա են, գնանք, ջարդենք, փշրենք.. կամ իշխանությունը, որ անում է՝ այ, նրանց ժամանակ թալան էր: Ինձ դա չի հետաքրքրում: Ես չեմ գալիս ոչնչացնեմ, ջարդեմ, փշրեմ, իսկ հանրահավաքներն ավելի շատ ամբոխավարական միջոց են»,- կարծում է Վարդան Սեդրակյանը:
Նախագահի էպոսագետ թեկնածուից հետաքրքրվեցինք, թե իր նախընտրական ծրագիրը՝ «Սասնա ծռեր» էպոսը, որքանով է ընտրողների լայն զանգվածի համար ընկալելի:
Վարդան Սեդրակյանը նշեց, որ ինքը 1998թ-ից թե’ Հայաստանում, թե’ երկրից դուրս սեմինարներ է անցկացնում այդ թեմայով: «Կարող է մարդ նույնիսկ էպոսը կարդացած չլինի, բայց հազարամյակների ընթացքում այդ կոդավորումը կա իր մեջ»,- համոզված է Վարդան Սեդրակյանը: