Կդառնա՞ Հրանտ Բագրատյանը կոմպրոմիսային թեկնածու

«Ես 2012 թվականը կանվանեմ ձգձգվող կոնֆլիկտների տարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը` ամփոփելով անցնող տարին` ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

«Ձգձգվող` այն իմաստով, որ անգամ խորհրդարանական ընտրություններին ի զորու չեղան վերջնականապես լուծել այն կոնֆլիկտը, որը հասունացել էր քաղաքական համակարգում և այն քաղաքական միավորների միջև, որոնք որոշակիորեն դիրքավորվել էին ընդդեմ իշխանության»,- շարունակեց Ս.Սաֆարյանը:

Ըստ վերջինիս` խոսքը վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», Հայ ազգային կոնգրեսին, Դաշնակցությանը և նաև «Ժառանգությանը», որոնք քանակական կազմով, թվում էր, թե ԱԺ-ում ստեղծել են բավական վտանգավոր հավասարակշռություն իշխանությունների համար:

«Կարծում եմ` արդեն իսկ ակնհայտ փաստ է, որ Սերժ Սարգսյանը և իշխող կուսակցությունը որևէ մեթոդի առջև կանգ չառան այս տարվա ընթացքում` թուլացնելու ընդդիմադիր այդ ճակատը և չեզոքացնելու այն: Կարծում եմ` կարիք չկա հիշեցնելու այդ մեթոդները, դրանք էին և´ Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված պատմությունը, որն իր մեջ բավական լուրջ ուղերձ էր պարունակում այս կամ այն չափով փող ունեցող բոլոր մարդկանց համար, դրանցից էր «ատկատների» թեման, որի արդյունքում Սերժ Սարգսյանը կարողացավ բավական հնարամտորեն համախմբել իր թիմը և թույլ չտալ, որ փախուստ լինի այնտեղից: Եվ վերջին հաշվով` դա նաև ընդդիմադիր ստրատեգիաների ձախողումն էր, որը հանգեցրեց նրան, որ, ըստ էության, ո´չ ԲՀԿ-ն, ո´չ էլ ՀԱԿ-ը քայլ չկատարացին` նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու համար»,- նշեց պարոն Սաֆարյանը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրմանը, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Եթե ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի դիմակայությունն ավարտվեց բավական վաղ` ի դեպ նաև բավական ծանր վիճակ ստեղծելով ՀԱԿ-ի համար, ինչի պատճառով նաև հետաձգվեց որոշման հրապարակումը, ապա ՀԱԿ-ի պարագայում, այսօր խնդիրը վերաճել է այդ միավորի գոյություն ունենալու-չունենալու, ընտրությունների ընթացքում էլեկտորատ պահելու կամ ստանալու հարցի: Այս կտրվածքով` կարծում եմ` «Ազատություն» կուսակցության առաջնորդի` Հրանտ Բագրատյանի առաջադրումը,  միայն մեկ նպատակ ունի` փորձել շահել այդ կորսվող էլեկտորատը, իսկ թեկնածուն, բնականաբար, կարծես թե մի տեսակ կոմպրոմիսային է դառնում ՀԱԿ-ում առկա բևեռների միջև` այն իմաստով, որ  մարդկային և այլ առումներով առնվազն կա լոյալություն Հրանտ Բագրատյանի նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս