«Խորհրդարան մտած ուժերը իշխանությունների նախընտրածն են». Արման Մելիքյան

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը համարում է, որ այսօր Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի: Նրա համոզմամբ, ընդդիմությունն ինքնավարկաբեկվել է և ունակ չէ որևէ բան փոխել քաղաքական կյանքում:

«ՀԱԿ-ը և խորհրդարան անցած մյուս ուժերը չկարողացան հանձնել  քաղաքական սկզբունքայնության քննությունը  և, ըստ  էության՝ տապալվեցին՝ հայտնվելով խորհրդարանում»,- ասում է Արման Մելիքյանը:

Նրա համոզմամբ, խորհրդարանական  ընդդիմադիր կուսակցությունների դաշտը կաթվածահար է եղել, իսկ  իշխանություններն էլ՝ վակուումի մեջ են: «Սա հասարակության կողմից բերում է լուրջ հոռետեսության: Սա մի իրավիճակ է, որը հատկապես Հայաստանի շուրջ ահագնացող զարգացումների կողքին լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- նշեց Արման Մելիքյանը:

Չնայած նման հոռետեսական գնահատականներին, Արման Մելիքյանը համոզված է, որ, այնուամենայնիվ, քաղաքական դաշտում փոփոխություններ կարելի է ակնկալել:

Կարդացեք նաև

Նա կտրականապես  դեմ է այն տեսակետին, թե ընտրությունների ելքը կանխորոշված է, և որ այն կանխորոշվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին որոշմամբ: Արման Մելիքյանը համոզված է, որ երբեք չի կարելի նման կանխատեսում անել, քանի որ կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ: Ըստ նրա՝ արտաքին ազդակներրը ևս կարող են փոխել այդ ելքը:

«Հայաստանն արտաքին ազդեցությունների առաջ բաց է: Բոլոր կողմից ազդակներ կարող են ուղարկվել և ընկալվել որպես գործողության ազդանշան»,- ասաց նա:

Խոսելով արտաքին գործոնների մասին՝ Արման Մելիքյանն առանձնացրեց Ռուսաստանին, և հատկապես՝ ԱՄՆ-ին:

Հետընտրական հնարավոր զարգացումների մասին խոսելիս՝ Արման Մելիքյանը նշեց, որ ինչպես բուն ընտրությունները, այնպես էլ՝ դրանից հետո ստեղծված մթնոլորտն ավելի հանգիստ կլինի, քան նախորդ ընտրությունների ժամանակ էր:

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուներից ո՞վ կպայքարի երկրորդ տեղի համար, Արման Մելիքյանը պատասխանեց.

«Տվյալ պարագայում՝ արդեն էական չէ: Քանի դեռ գործընթացները զարգանում են իշխող ուժի սահմանած խաղի կանոներով, կարևորն առաջին տեղն է: Երկրորդ տեղում կլինի նա, ում կհատկացնի առաջին տեղը: Ընտրությունների զարգացման հայկական ավանդույթը թույլ է տալիս իշխանություններին ընտրություն կատարել՝ ո՞ւմ տալ նախապատվությունն այսօր: Ի վերջո, խորհրդարան մտած բոլոր ուժերը թե’ այս, թե’ նախորդ ընտրություններում՝  իշխանությունների նախընտրած են»:

 

Տեսանյութեր

Լրահոս