Հայհոյում են հանուն հայրենիքի
Երեկ հերթական միջադեպն է գրանցվել ԱԺ-ում, երբ պատգամավոր Մհեր Սեդրակյանն իրենից հարցազրույց խնդրող «Ա1+» կայքի լրագրող Մհեր Արշակյանին սպառնացել է` «Կտամ ծնոտդ կպոկեմ» արտահայտությամբ:
Մհեր Սեդրակյանը հետո արդարացել է, որ ինքն ամենևին չի սպառնացել, այլ ուղղակի զայրացել է, որ իրեն չեն թողնում հանգիստ զրուցել, որ իր կամքին հակառակ` նկարահանում կամ ձայնագրում են, և նույնիսկ զգուշացման դեպքում լրագրողները չեն հեռանում, և ինքը ստիպված է լինում վիրավորել, որ գոնե նման կերպ ազատվի լրագրողների «հետապնդումներից»: «Լրագրողները Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսումը դատապարտում են, մենք էլ էինք գաղտնի խոսում, ինչի՞ համար եք ձայնագրում կամ նկարում: Ի՞նչ է` ես չպե՞տք է դատապարտեմ իմ կամքին դեմ նկարելն ու ձայնագրելը: Ի՞նչ տարբերություն` թաքուն գաղտնալսո՞ւմ են, թե՞ բացահայտ կանգնած նկարում ու ձայնագրում են մարդկանց զրույցը»,- ավելի ուշ ասել է է Մհեր Սեդրակյանը:
Պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքին անդրադարձել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով այս առիթով ասել է. «Որպես ԱԺ փոխնախագահ`ափսոսում եմ, և որպես կուսակցական` Հանրապետական կուսակցության անունից ներողամտություն եմ հայցում կատարվածի առթիվ»:
Մհեր Սեդրակյանը հանրային գործիչ չէ, և, մեղմ ասած, չի սիրում, երբ լրագրողները նրան հարցեր են տալիս:
Նա չի համարում, որ ինքը պատգամավոր է ընտրվել, որպեսզի պատասխանի լրագրողների հարցերին, այլ որովհետև` դրանով պետք է ցույց տա, որ Էրեբունիում ինքն այնքան հեղինակություն և ազդեցություն ունի, որ կարող է պատգամավոր ընտրվել, արժանի լինել Հայաստանի քաղաքական էլիտայի կազմին, քանի որ որևէ մեկից պակաս չէ:
Ստանալով պատգամավորի մանդատ, նա, իհարկե, մեծ հաճույքով չէր գնա ԱԺ, չէր մասնակցի նիստերին, բայց նրան պարտադրաբար բերում են խորհրդարան, քանի որ ՀՀԿ խմբակցությունն ընդամենը 68 պատգամավոր ունի, և քվեարկությունների ժամանակ մեկ ձայնն էլ կարևոր է քվեարկության արդյունքի համար, հատկապես, որ Սեդրակյանը քվեարկում է ոչ միայն իր, այլ նաև բացակա պատգամավորների փոխարեն:
Արդյո՞ք երեկ տեղի ունեցածի համար Մհեր Սեդրակյանը մեղավոր է: Այո, քանի որ հենց նա է սպառնացել լրագրող Մհեր Արշակյանին:
Բայց մեղավոր են նաև նրանք, ովքեր Մհեր Սեդրակյանին չեն բացատրել, համոզել, որ նա խորհրդարանում անելիք չունի: Կարծում ենք` դա այնքան էլ դժվար չէր. պետք էր ընդամենն ասել, որ պատգամավոր լինելը ձանձրալի է, քանի որ այնտեղ քննարկվող հարցերի մեծ մասն իր համար ոչ մի հետաքրքրություն չեն կարող ներկայացնել, որ իր նման անհատականության համար անպատվաբեր զբաղմունք է ինչ-որ մեկի հրահանգով կոճակ և կոճակներ սեղմելը, և դա կարող են անել նաև այլ մարդիկ:
Ամենայն հավանականությամբ, այդ դեպքում Մհեր Սեդրակյանը կհամոզվեր, որ պետք է մանդատը զիջել որևէ դպրոցի ուսուցչուհու կամ տնօրենի: Ճիշտ է, դպրոցի ուսուցչուհին կամ տնօրենը քաղաքական գործիչներ չեն, բայց նրանք գոնե չեն սպառնում կոտրել լրագրողների ծնոտները, և ընդհակառակը` իրենց լավ են զգում, երբ իրենցից հարցազրույց են խնդրում, ճշտում իրենց կարծիքը պահի ակտուալ քաղաքական խնդիրների վերաբերյալ, իրենց ցույց են տալիս հեռուստատեսությամբ:
Այդ դեպքում նաև ներողամտություն հայտնելու կարիք չի լինի: Թե չէ անվերջ կարելի է սպառնալ և անվերջ ներողամտություն խնդրել:
«168 ԺԱՄ»