Գիտության ոլորտի երիտասարդացումն ինքնանպատակ չպետք է լինի
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Աննա Բոյաջյանի հետ
– Խոսենք Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում այսօր իրականացվող աշխատանքների մասին:
– Մենք ուսումնասիրում ենք մարդու տարբեր հիվանդությունների ծագման և զարգացման մոլեկուլային և բջջային ախտածին մեխանիզմները: Մենք ուսումնասիրում ենք հիմնականում ծանր ընթացք ունեցող այն հիվանդությունները, որոնք պայմանավորված են և գենետիկական, և շրջակա միջավայրի գործոններով: Այսօր ամբողջ աշխարհում այդ հիվանդությունների նկատմամբ լուրջ ուշադրություն է բևեռված:
Այդ հիվանդություններից են` կաթվածները, հոգենյարդային տարբեր հիվանդությունները, նյութափոխանակության և իմունային համակարգի խանգարման հետ կապված հիվանդությունները, ինչպես, օրինակ` շաքարախտը, նաև օնկոլոգիական հիվանդությունները, և այլն: Այդ բոլոր հիվանդությունները հետաքրքիր են այն հանգամանքով, որ դրանք բոլորը պայմանավորված են որոշակի քանակի գեների մուտացիաների ժառանգմամբ, և այդ ամենին գումարվում են շրջակա միջավայրի ազդեցության գործոնները:
Իմանալով, թե ինչ մոլեկուլային և բջջային մեխանիզմներ են պատասխանատու տվյալ հիվանդության զարգացման և բարդացման համար, հնարավոր կլինի ճիշտ դեղորայքի մշակում, հիվանդի ախտորոշում և բուժում իրականացնել: Այսինքն` այդ ամենը նպաստում է դեղագործության և բժշկության զարգացմանը: Վերջին հինգ տարիների ընթացքում ինստիտուտը բավականաչափ մշակումներ է ունեցել այդ ուղղությամբ և հանդիսանում է այդ բնագավառում 12 արտոնագրերի սեփականատեր:
– Արտերկրո՞ւմ եք արտոնագրեր ձեռք բերել, թե՞ Հայաստանում:
– Հայաստանյան արտոնագրեր են: Բացի արտոնագրերից, մշակումների մասին խոսելիս, պետք է նշել, որ վերջերս մեր իստիտուտի մի խումբ գիտնականներ իրենց կատարած մշակման համար ստացան նաև դրամաշնորհ ԱՄՆ-ի Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամ (CRDF) կազմակերպության կողմից:
Դա հատուկ դրամաշնորհ է, տրվում է, որպեսզի քո նորարարությունը կարողանաս հասցնել մինչև շուկայական պրոդուկտի մակարդակի: Մասնավորապես, խոսքը գերհոգնածության համախտանիշի որոշման մեթոդի մշակմանն է վերաբերում: Մեզ մոտ մշակվել է գերհոգնածության համախտանիշի որոշման մոլեկուլային թեստ համակարգ, որի պահանջարկն, ի դեպ, մեծ է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Այժմ ստեղծել ենք նաև այդ թեստ համակարգի նախատիպը: Այդ մշակման համար մի քանի տարի առաջ մենք արտոնագիր արդեն ստացել էինք, իսկ որպեսզի դա հասցվեր շուկայական պրոդուկտի, այն պետք է ունենար, այսպես կոչված, «user friendly» ինտերֆեյս, որը և արվեց:
– Ինստիտուտի այլ ձեռքբերումների մասին կպատմե՞ք:
– Գիտության մեջ անչափ կարևոր է բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական ամսագրերում հրապարակումներ ունենալը: Այն հասկացողությունը, որ կա հայկական գիտություն, բելգիական գիտություն, ամերիկյան գիտություն և այլն, սխալ է, կա համաշխարհային գիտություն, և մենք պետք է կողմնորոշվենք համաշխարհային չափանիշներով:
Իհարկե, կարելի է խոսել այն մասին, թե ինչպես է զարգանում գիտությունը Հայաստանում, սակայն մենք պետք է ընդհանուր միջազգային չափանիշներով համեմատենք մեզ այլ երկրների հետ: Ինձ համար` որպես գիտնականի, ամենակարևորն այն է, որ մենք հասել ենք նրան, որ մեր ինստիտուտի գիտական ենթամիավորումների գրեթե բոլոր գիտական հետազոտությունների արդյունքները վերջին 5-6 տարիների ընթացքում տպագրվել են ճանաչված միջազգային գիտական ամսագրերում: Այս ամենը ես ամենաշատն եմ կարևորում:
Ասեմ նաև, որ մեր գիտաշխատողներն ակտիվ մասնակցում են նաև տարբեր կազմակերպությունների կողմից անցկացվող միջազգային և ազգային մրցույթներին: Վերջերս, օրինակ, մեր ինստիտուտի 12 երիտասարդ գիտաշխատողներ իրենց հրապարակած հոդվածներին կատարված մեծ թվով հղումների համար հատուկ մրցանակներ ստացան «Տաշիր Գրուպ» ընկերության կողմից: Դա քիչ բան չէ:
Երկրորդ նվաճումն այն է, որ մեզ մոտ շատ են երիտասարդները: Ինստիտուտի գիտնականների մոտ 60%-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Կա մի տարիքային դիապազոն` 35-55 տարեկան, որի բացակայությունը խոչընդոտում էր ինստիտուտում իրականացվող աշխատանքների զարգացումներին:
Մի կողմից` մենք ունենք մեծ թվով երիտասարդներ, մյուս կողմից` տարիքով և փորձառու գիտնականներ, որոնք հիմնականում աշխատում էին արտերկրում: Մենք կարողացանք հասնել այն բանին, որ մեր աշխատակիցներից շատերը, ովքեր ժամանակին գնացել էին արտասահման` ետ վերադարձան: 2006թ.-ի վերջին, երբ ես դարձա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն, նամակ գրեցի բոլորին, որպեսզի վերադառնան, և ասեմ ձեզ, որ, համենայնդեպս, նրանց մի զգալի մասը հետ եկավ, ինչը շատ կարևոր էր, և այդ փաստով մենք շատ ենք հպարտանում:
– Ինչպե՞ս կարողացաք բերել նրանց, քանի որ գրելը մի բան է, իսկ նրանց այստեղ գալը և այստեղ պահելը` մեկ այլ բան:
– Ինքս շատ եմ աշխատել արտասահմանում` Գերմանիայում, Անգլիայում, Ամերիկայում, և որոշ բաներ գիտեմ նաև դրսի գիտական շրջանակների մասին: Օրինակ` այնտեղ շատ լավ պայմաններ են, և քո մտքերի իրականացումը շատ կարճ ժամկետում կարող ես տեսնել, սակայն կարիերայի տեսակետից դրսում այդքան էլ հեշտ չէ: Եթե դու այնտեղ չես ծնվել, ապա չես կարող միանգամից լաբորատորիայի վարիչ դառնալ, և այլն: Դու, իհարկե, շատ լավ պայմաններում կապրես և կաշխատես, սակայն երիտասարդների մոտ ոչ միայն լավ ապրելու ձգտում կա, այլև լավ իմաստով` փառասիրության ձգտում կա: Նրանք ուզում են նաև ինչ-որ պաշտոններ ունենալ, և դա նորմալ է, նրանք պետք է աճեն:
Ես պարզապես նրանց առաջարկեցի գալ այստեղ` ինքնուրույն գիտական աշխատանքներ իրականացնելու համար. լինել գիտական խմբի ղեկավար, լինել փոխտնօրեն, և այլն: Մինչդեռ դրսում այդ ամենին հասնելն այդքան էլ հեշտ չէ: Այսինքն` կարիերային աճը, որը շատ կարևոր է երիտասարդի համար, մենք այստեղ ինչ-որ կերպ կարողացանք ապահովել: Եվ, հավատացեք, տարբեր երկրներից` Չեխիայից, Ամերիկայից, Շվեդիայից, Գերմանիայից, մեր գիտնականները վերադարձան:
– Փաստորեն, այդ առումով ինստիտուտում սերնդափոխություն արեցիք:
– Այո, նաև համալրեցինք ինստիտուտը երիտասարդ կադրերով` բուհերի շրջանավարտներով: Նշեմ, որ մենք շատ ենք կարևորում նաև արհեստավարժ գիտնականներին, որովհետև կրթության մակարդակը բավականաչափ իջել է և, իհարկե, արդեն այս հարցում մեր ավագ սերնդի գիտնականները մեզ շատ են օգնում: Հիմա երիտասարդի վրա պետք է ավելի շատ չարչարվես, որպեսզի նրան արհեստավարժ դարձնես, քան մի 20 տարի առաջ էր:
Մեր մյուս նվաճումներից մեկն էլ այն է, որ մենք ինտեգրվեցինք կրթական գործընթացին: Այսինքն` ինստիտուտում այսօր գործում են 3 ամբիոններ` մոլեկուլային և բջջային կենսաբանության, կենսաինֆորմատիկայի և կենսաինժեներիայի և կենսատեխնոլոգիայի: Դրանցից մեկը համատեղ է Սլավոնական համալսարանի հետ: Ուսանողները, 1-ին կուրսից սկսած, մեզ մոտ են գալիս, և, փաստորեն, նրանք միանգամից մուտք են գործում գիտություն:
Մեր ինստիտուտի գիտնականների դասախոսություններն են լսում և մասնակցում փորձարարական աշխատանքներին: Այս ամենը թույլ է տալիս նաև մեր երիտասարդ գիտաշխատողներին, թեկնածուական ատենախոսությունները պաշտպանելուց հետո, դասավանդման գործընթացի մասնակից դարձնել: Փաստորեն, այսօրվա դրությամբ ինստիտուտը կարելի է համարել գիտաուսումնական կենտրոն, որտեղ ունենք հայ և արտասահմանից եկած ուսանողներ: Վերջիններիս համար դասախոսություններն անգլերենով են կարդացվում: Գրեթե մեր բոլոր գիտնականները` երիտասարդ և ոչ երիտասարդ, վերապատրաստվել և աշխատել են դրսում` արևմտյան ճանաչված գիտական կենտրոններում և համալսարաններում, դա ևս, կարծում եմ, կարևոր է, այսինքն` մենք լավ ենք ինտեգրված միջազգային գիտական տարածք, ինչը շատ կարևոր է:
– Նշեցիք, որ երիտասարդ գիտնականներից շատերը դրսում էին աշխատում, և նրանց փորձեցիք բերել Հայաստան: Մի բան է բերելը և նրանց այստեղ որոշակի պաշտոն առաջարկելը, մեկ այլ բան է ֆինանսավորելը: Այս հարցերը ինչպե՞ս կարողացաք լուծել: Աշխատավարձը որքանո՞վ է գրավիչ նրանց համար:
– Իհարկե, գրավիչ չեն այստեղի աշխատավարձերը: Այդ մասին բոլորը գիտեն: Չեմ ցանկանում նույնը կրկնել, առավելևս, որ այդ մասին անընդհատ ասվում է: Ավելին, ժողովրդի մոտ տպավորություն է ստեղծվել, որ գիտնականն անընդհատ լացում է և ասում է` «Չունեմ, չունեմ…»:
Եկեք դրա մասին չխոսենք. բոլորը գիտեն, որ պետբյուջեից գիտությանը շատ քիչ գումարներ են տրվում: Բայց կան նաև լրացուցիչ հնարավորություններ, օրինակ` մեզ մոտ ամբիոններ են ստեղծվել, երիտասարդ գիտականները կարող են դասավանդել: Բացի այդ, կարելի է մասնակցել դրամաշնորհների մրցույթներին: Այն գիտնականը, ով ունի լավ տպագրված աշխատանքներ, ինքը հեշտությամբ կարողանում է դրսից միջազգային դրամաշնորհներ ստանալ:
Բացի այդ, կան ռեինտեգրացիոն դրամաշնորհներ. եթե դու աշխատեցիր, օրինակ` Գերմանիայում կամ Եվրամիության այլ երկրներում և ուզում ես վերադառնալ հայրենիք, ապա դու կարող ես ստանալ ռեինտեգրացիոն դրամաշնորհ: Հայաստան վերադառնալով` այդպիսով ունենում ես գումար` այստեղ գիտական ենթակառուցվածք ստեղծելու համար: Տվյալ դեպքում` կարևորում եմ սարքավորումների ձեռքբերումը: Այդ գումարով դու նաև քո գիտական խումբը կարող ես ստեղծել ու երկու տարի դրսի միջոցներով աշխատել: Իսկ երբ ոտքի կանգնես` ինքդ արդեն կարող ես լուրջ միջազգային դրամաշնորհների դիմել:
Ամբողջ աշխարհում գիտնականը, այսպես ասած` «նստած է» դրամաշնորհային ծրագրերի վրա: Այլ բան է, որ ԱՄՆ-ում, Եվրամիության երկրներում կան մեծ թվով ազգային դրամաշնորհներ, իսկ մեզ մոտ դրանք շատ քիչ են, սակայն կան միջազգային լավ դրամաշնորհներ, և եթե դու ունես լավ հոդվածներ և լավ գիտնական ես, ապա կարող ես այդպիսի արտասահմանյան դրամաշնորհների դիմել` բոլորի հետ հավասար իրավունքներով:
Շատ կարևոր են նաև մեր ազգային դրամաշնորհները: Օրինակ` Գիտության պետական կոմիտեն անցավ դրամաշնորհների տրամադրման նոր համակարգի` անկախ փորձագիտությանը, որի արդյունքում` դրամաշնորհները թվով կրճատվեցին, բայց ավելացվեցին գումարները, ինչը, կարծում եմ, շատ ճիշտ էր, քանի որ այս դրամաշնորհներով արդեն կարելի է լուրջ աշխատանք իրականացնել: Մեր ինստիտուտի գիտնականները ներառյալ` երիտասարդները, ստացել են այդ դրամաշնորհներից և դրանցով կարողացել են ձեռք բերել նյութեր և սարքավորումներ:
Մեր երիտասարդներն ազգային դրամաշնորհներ են ստացել նաև ՀՀ ԳԱԱ-ից և Գիտության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամից (ԳԱՏԱՀ)-ից: Նման ծրագրերը շատ են օգնում. նախ` աշխատավարձն է բարձրացնում, և երկրորդ` դրամաշնորհներով կարողանում ես նաև ձեռք բերել որոշ սարքավորումներ, աշխատելու համար անհրաժեշտ նյութեր և, ինչը ևս շատ կարևոր է` մասնակցել արտասահմանյան գիտաժողովների աշխատանքներին:
Այս տեսանկյունից ես որոշ առաջընթաց տեսնում եմ: Սակայն, եթե բյուջեից գումարներ ավելացվեին, թեկուզ ոչ աշխատավարձի, այլ գոնե սարքավորումների համար, ապա գիտության ոլորտում շատ բան կփոխվեր: Եթե ես ունեմ լավ սարքավորում, ապա ես լավ մակարդակի աշխատանք կարող եմ անել, հետևաբար` կունենամ նաև տպագրված լավ հոդված և ես ինքս կդիմեմ դրսի դրամաշնորհների և կկարողանամ ստանալ շատ ավելի մեծ գումար: Դա շատ կարևոր է:
Ես կցանկանայի, որ կառավարությունը գումարներ հատկացներ ինստիտուտներին` զուտ սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար, որովհետև մենք ունենք ներուժ, մենք ունենք հայկական բնածին «լավ գեներ», և մեզ այսօր պետք են լավ սարքեր, որպեսզի մենք կարողանանք առավել լավ աշխատել: Մեր ինստիտուտում վիճակը վատ չէ, մենք ունենք սարքավորումներ, բայց հիմնականում դրանք ստանում ենք արտասահմանյան դրամաշնորհների միջոցով:
– Ապագա զարգացումների և ծրագրերի մասին կպատմե՞ք:
– Պետք է փորձենք հնարավորինս շատ միջազգային դրամաշնորհներ բերել ինստիտուտ, որովհետև դա է մեզ աշխատելու հնարավորություն, նոր գիտելիք և կիրառական արդյունքներ տալիս, որի միջոցով մենք կարողանում ենք մակարդակով աշխատանքներ անել: Պետք է կարողանանք պահպանել այն, ինչը որ կա, աշխատել, որպեսզի մեր երիտասարդները կարողանան այստեղ արդյունավետ ստեղծագործել:
– Ավելացնելու բան ունե՞ք, գուցե չհարցրեցի:
– Կուզեմ խոսել երիտասարդների մասին: Մեզ անընդհատ ասում են` երիտասարդացրեք ինստիտուտները: Ուզում եմ նաև ասել, որ դա ինքնանպատակ չի կարելի դարձնել: Ասածս այն է, որ երիտասարդացումը չպետք է լինի ինքնանպատակ, մեզանից պահանջեցին` ես արեցի, բայց մենք չարեցինք զուտ պահանջից ելնելով, ուղղակի մեզ մոտ դա ստացվեց:
Օրինակ` մեզ մոտ երիտասարդացվեց ինստիտուտը, մենք ինչ-որ արհեստական բան չարեցինք` որևէ մեկին աշխատանքից չհեռացրեցինք և փոխարենը երիտասարդ նոր կադրի չբերեցինք:
Սակայն, երբ այսօր մեր ինտիտուտի մոտ 60%-ը երիտասարդներ են, հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Ինչպե՞ս պետք է նրանց պահենք: Իրենց կարիերային աճը մենք ապահովում ենք, երիտասարդը պաշտպանում է` բարձրանում է նրա պաշտոնը: Բայց այդ կարիերային աճի և հետագա զարգացումների համար գումարներ չկան:
Այժմ ես դիմում եմ դրանով հետաքրքրված ատյաններին և պատասխանատու մարդկանց: Ինչ-որ ձևով կարելի է նախատեսել, որ բազային ֆինանսավորումը հաշվի առնի այն, որ մարդիկ աճում են: Բոլորին թվում է, որ գրեթե բոլոր ինստիտուտներում մարդիկ այստեղ թոշակի են անցնում և մարում են, բայց դա այդպես չէ, մենք չենք մարում:
Բայց հիմա մենք ի՞նչ անենք. մարդը պաշտպանում է, ես նրան խմբի ղեկավար եմ նշանակում, իսկ գումարները ես որտեղի՞ց վերցնեմ նրա աշխատավարձն ավելացնելու համար, եթե տարիներով բազային ֆինանսավորումը չի փոխվում: Պետք է հաշվի առնել երիտասարդների աճը: Օգնեք մեզ, որպեսզի փոխենք այս վիճակը, որպեսզի այս երիտասարդներին վաղը մենք իսկապես կարողանանք պահել մեր երկրում: