Բաժիններ՝

Հեռո՛ւ մնացեք մոնոպոլիստից

Հայաստանի խոշորագույն հարկատու «ՀայՌուսգազարդ» ընկերությունը միշտ եղել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Եվ քանի որ նրա գործունեությունն առնչվում է լայն զանգվածներին, գրեթե ողջ բնակչությանը, ապա բնական է, որ ընկերության գործողությունների նկատմամբ արձագանքը շատ ավելի զգայուն է և բուռն, քան, ասենք, մեկ-երկու թաղամաս սպասարկող հացի փռի դեպքում։  Բնականաբար, շատ են լինում նաև քննադատություններ՝ ուղղված այս ընկերության հասցեին։

Սակայն ոչ բոլորն են քննադատում։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ ինքնակամ ստանձնել են Հայաստանի ամենահարուստ ընկերություններից մեկի փաստաբանի դերը և փորձում են պաշտպանել նրան իրենց գործընկերների քննադատություններից։

Ինչ են ասում Հայաստանի գազային մոնոպոլիստի համար սրտացավ այս մարդիկ։ Նախ՝ նշում են, որ ընկերության հասցեին քննադատությունները գոնե մասամբ փաստերով հիմնավորված չեն։ Հետո խորհուրդ են տալիս համեմատել տարածաշրջանում գոյություն ունեցող գներն ու նոր միայն եզրակացություններ անել։ «Փաստաբաններն»՝ իրենք, այդ համեմատությունը երևի արել են և հանգել իրենց սեփական եզրակացությանը՝ Հայաստանի գազի սակագները սուբսիդավորվում են Ռուսաստանի կողմից, որն այն վաճառում է ոչ շուկայական արժեքով, «ՀայՌուսգազարդն» էլ, իր հերթին, եկամտի ցածր սահման է հաստատել արդեն երկրի ներսում գազը վաճառելիս, և հենց այդ պատճառով էլ Հայաստանի ամենախոշոր հարկատուն ցածրեկամտային ընկերություն է:

Հիմա սկսենք հերթով.

  1. Գազի գնի համեմատություն։ Ինչպե՞ս կարելի է Հայաստան ներմուծվող գազի գինը համեմատել այլ երկրների հետ, եթե այլ երկրների դեպքում գինը հայտնի է, իսկ մեր դեպքում՝ ոչ։ Էներգետիկայի նախարարն ասում է մի թիվ, Մաքսային կոմիտեի տվյալները՝ մեկ այլ թիվ։ Նման դեպքերում նախ՝ հարկավոր է նախարարից պարզաբանում ստանալ, թե ինչու են գազի գնի ցուցանիշները տարբերվում, հետո միայն մտածել գործընկերներին դասեր տալու մասին։
  2. «ՀայՌուսգազարդի» 20%-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, այսինքն՝ մենք՝ ՀՀ հարկատուներս, այդ ընկերության բաժնետերեր ենք։ Իսկ ցանկացած բաժնետեր, որպես կանոն, տարին վնասով փակելու համար ընկերության ղեկավարությանը գովեստի խոսքեր չի շռայլում։
  3. «Փաստաբաններն» իրենք էլ նշում են, որ «ՀայՌուսգազարդը» եկամտի ցածր սահման է հաստատել արդեն երկրի ներսում գազը վաճառելիս։ Մենք ավելին կասենք. ոչ միայն ցածր սահման է հաստատել, այլև գազը երկրի ներսում վաճառում է ինքնարժեքով, կամ չի բացառվում՝ ինքնարժեքից ցածր գնով։ «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը ասուլիսների ժամանակ միշտ նշել է, որ իրենք ոչ թե բարեգործական կազմակերպություն են, այլ բիզնես ընկերություն, որը շահույթի համար է աշխատում։ Շահույթ հետապնդող ընկերությունը չի կարող ապրանքն ինքնարժեքից ցածր վաճառել։ Եթե վաճառում է և վնասներ է արձանագրում, ապա բնական է, որ պետք է առաջանա մի պարզ հարց՝ ինչո՞ւ։

«Փաստաբանները» հիշեցնում են, որ «ՀայՌուսգազարդը» հսկայական ներդրումներ է կատարել, այդ թվում՝ մոտ 400 մլն դոլար հատկացվել է Հրազդանի ՀԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման համար: Սակայն արդեն ոչ ոք չի հիշում՝ ե՞րբ էր նախատեսվում շահագործման հասցնել 5-րդ բլոկն, ու ոչ ոք չգիտի՝ ե՞րբ դա վերջապես տեղի կունենա։

Ինչ վերաբերում է վնասը ներդրումներով արդարացնելու փորձերին, ապա հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդի» գլխավոր սեփականատերը՝ «Գազպրոմը», շատ ավելի լուրջ ներդրումներ է անում. մարդիկ ծովի հատակով  խողովակ են կառուցում։ Ուրեմն ինչ՝ «Գազպրոմը» պետք է շահույթ չունենա՞։ Ամենևին։ «Գազպրոմն» աշխատում է շահույթով, այն էլ ինչպիսի շահույթով։

«Մենք աշխատում ենք աշխարհի 51 երկրներում, մենք զբաղեցնում ենք աշխարհում առաջին տեղը՝ զուտ շահույթի և արդյունավետության առումով»,- հպարտությամբ նշում է ընկերությունը՝ НТВ հեռուստաալիքով ցուցադրվող իր գովազդային հոլովակում։

Ու, չնայած սրան, «Գազպրոմին» ավելի շատ են քննադատում։ Օրեր առաջ RepRisk կազմակերպությունը «Գազպրոմին» համարել էր Ռուսաստանի ամենաշատ քննադատվող և ամենավատ համբավ ունեցող ընկերությունը։ Իսկ «ՀայՌուսգազարդին» Հայաստանում քննադատում են ոչ թե վնասով աշխատելու, այլ անկեղծ չլինելու համար։

Նշենք նաև, որ «Գազպրոմի» նշված հոլովակն ավարտվում է հետևյալ խոսքերով՝ «Գազպրոմ՝ ազգային հարստություն»։ «ՀայՌուսգազարդի» պարագայում, ցավոք, նման հոլովակ նկարելն անհնարին է. ո՛չ շահույթ ունի, ո՛չ էլ մերն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս