Հայաստանում արդեն հնարավոր է սրտի աշխատանքի հեռակա ուսումնասիրություն իրականացնել
Դեռևս 2012թ. հունիսին «ԴիջիԹեք» բիզնես-ֆորումի շրջանակներում ներկայացվել էր նաև «Մոբայլ առողջություն» նախագիծը, որը հնարավորություն էր տալիս բջջային հեռախոսով լսել սրտի աշխատանքը:
Այդ ժամանակ դրսի մասնագետների ներկայացրած նորարարությունները ոչ միայն զարմանալի, այլև անհասանելի էին մեզ թվում: Այսօր, սակայն, աշխարհում ակտիվորեն զարգացող մոբայլ առողջապահական ծառայությունները հասանելի են նաև Հայաստանում: Հեռաբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ Գեորգի Չալտիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում մեկնարկում է բջջային հեռախոսակապի հիման վրա աշխատող մի համակարգ, որը թույլ է տալիս օնլայն ռեժիմով տեղեկանալ հիվանդի սրտի աշխատանքին` դրա ռիթմի փոփոխություններին, և այլն:
«Հայաստանում մեկնարկող հեռակա ՍԷԳ (էլեկտրասրտագրության)` սրտի մոնիտորինգի ծրագիրը հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեն` շաբաթը 7 օր և 24 ժամ շարունակ կապի մեջ լինել իրենց բժշկի հետ և անընդհատ վերահսկողության տակ գտնվել»,- ասաց Գ. Չալտիկյանը:
Ըստ նրա` տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների շնորհիվ հիվանդն ազատվում է բժշկին այցելելու ամենօրյա անհարմարությունից, սակայն, միևնույն ժամանակ, գտնվում է բժշկի հսկողության տակ: Հիվանդն անընդհատ վերահսկողության տակ կարող է գտնվել` չափերով փոքրիկ սարքը կրելով կրծքին, որն անընդհատ նկարում է նրա սրտի աշխատանքը և այդ տվյալներն ինտերնետին միացված բջջային հեռախոսի միջոցով ավտոմատ ուղարկում է բժշկին: Այսպիսով, նման սարքերի շնորհիվ հիվանդն ու բժիշկն անընդմեջ կապի մեջ են լինում:
«Նման տեխնոլոգիաներն առողջապահության ոլորտում կիրառության պարագայում կոչված են նվազեցնել հիվանդի մոտ առկա ռիսկերը և հնարավորինս արագ կանխարգելել հնարավոր վտանգները: Սրտի աշխատանքի ցանկացած փոփոխություն միանգամից հայտնի է դառնում բժշկին, քանի որ բժշկի մոտ գտնվում են հիվանդի սրտի աշխատանքի հին և արդեն նոր տվյալները»,- ասաց Գ. Չալտիկյանը:
Նրա խոսքով` մոբայլ առողջապահության լուծումների կիրառման աճի տեմպերը նկատելի են հատկապես զարգացած երկրներում` Ճապոնիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ուր այն առաջնահերթություն է համարվում: Արդյունքում, Մեծ Բրիտանիայում, ըստ Գ. Չալտիկյանի, հնարավոր է դարձել մինչև 40 տոկոս կանխարգելել և նվազեցնել ռիսկերն ու մահացության ցուցանիշը մի շարք քրոնիկ` սրտային, թոքային և այլ հիվանդությունների դեպքում, որոնք կարիք ունեն անընդհատ բժշկական հսկողության:
Հեռակա էլեկտրասրտագրության ծառայության արժեքը կախված է տարբեր գործոններից: Օրինակ, երկարատև՞ է դա կիրառվել, թե՞ ընդամենը մի քանի օր: Երկարատև կիրառության պարագայում ծառայության գինը կնվազի: 5-7 օրվա համար սրտի մոնիտորինգի ծառայությունը կարժենա մոտ 70-80 հազար դրամ:
Այս ծառայությունն առաջարկվում է դեռևս ընդամենը մեկ երևանյան կլինիկայում` «Քանկորում», սակայն հետագայում դրանց թիվը կավելանա, քանի որ ներկայումս բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ: Հայաստանում մոբայլ առողջապահական ծառայությունների մեկնարկն առայժմ տրվում է միայն սրտի մոնիտորինգի իրականացման համար, սակայն այդ ծառայությունների ցանկը, ըստ Հեռաբժշկության հայկական ասոցիացիայի նախագահի` հետագայում կավելանա: Հետագայում հնարավոր կլինի հսկել թոքերի վիճակը կամ արյան ճնշումը, շաքարի և թթվածնի պարունակությունն արյան մեջ, և այլն: