Մասնագիտական կարծիք. YouTube-ի հայտնի գաղտնի ձայնագրությունը հնարավոր է բացահայտել

Կիրակի օրը համացանցում հայտնված Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնի ձայնագրությունը մեծ աժիոտաժ է առաջացրել:

Շատերն Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) մեղադրեցին գաղտնալսման մեջ: ԱԱԾ-ն, իր հերթին, այսօր տեղեկատվություն տարածեց, որ որևէ կապ չունի այդ գաղտնալսման և նյութի տարածման հետ: Ո՞վ է ձայնագրել և տարածել այդ նյութն ինտերնետում, արդյոք տեխնիկապես հնարավո՞ր է պարզել, թե ով է տարածել այն ինտերնետում: 168.am-ն այս հարցերը փորձեց պարզել մասնագետներից:

«Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  իրավապահ մարմինները կարող են այդ ամենը բացահայտել: Իհարկե, հեշտ չէ, սակայն հնարավոր է դա բացահայտել:

Հարցին՝ հնարավո՞ր է ուղղակի YouTube-ին նամակ գրել այդ առնչությամբ և պատասխան ստանալ: «Այո, նման ընթացակարգ գոյություն ունի, եթե պետությունը համարում է, որ ինչ-որ տեղեկատվություն YouTube-ում խախտում է իր օրենքները, ապա կարելի է հեշտությամբ Google-ին դիմել և նշել, որ այս կայքը կամ այսինչ նյութը խախտում է ՀՀ օրենսդրությունը, և Google-ը Հայաստանից այդ կայքի նկատմամբ հասանելիությունը կփակի»,- ասաց Գ. Սաղյանը՝ ավելացնելով, որ դա գործող մեխանիզմ է: Ըստ Սաղյանի, սակայն, երկրի Կառավարությունը պետք է գրի այդ դիմումը, քանի որ քաղաքացին նման իրավասություն չունի:

«Կառավարությունը կարող է անել դա, քանի որ հենց կառավարությունն է ներկայացնում ժողովրդին, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ են ընտրությունները, որպեսզի ընտրված քաղաքական գործիչները ներկայացնեն ժողովրդին: Ես կարծում եմ՝ հաքերական մեթոդներով ինչ-որ բան, ըստ երևույթին, հնարավոր է պարզել,  բայց հազիվ թե, ավելի հեշտ կլինի դա իմանալ սոցիալական ինժեներիայի միջոցով»,- ասաց Գ. Սաղյանը՝ ավելացնելով, որ դա հնարավոր է անել նաև տարբեր անուղղակի հետքերի շնորհիվ, որոնք թույլ կտան բացահայտել, թե ո՞վ է դա կատարել:

Օրինակ՝ ֆորումներում մեկը կարող է հպարտանալ, ասելով՝ տեսեք, ես դրել եմ այդ ձայնագրությունը, կամ մոտավորապես պատկերացնել, թե այդ խոսակցությունը ե՞րբ է տեղի ունեցել, և ըստ այդմ պարզել:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ դատական որոշում լինելու դեպքում կարելի է դիմել Google-ին՝ պարզելու համար այդ ամենը: «YouTube-ին կարելի է դիմել ու պահանջել տեղադրողի IP-ները միայն քրեական գործի շրջանակներում՝ այսինքն՝ եթե դատարանի համապատասխան որոշում լինի, հակառակ պարագայում, եթե պարզապես մարդը, օրինակ՝ տուժողը, դիմի, այդ տվյալները նրան պարզապես չեն տրամադրի, քանի որ դա կդիտվի՝ որպես անձնական տվյալների բացահայտում»,-  ասաց Ս. Մարտիրոսյանը:

Այլ հարց է, սակայն, թե այդ ձայնագրությունը տեղադրելիս, այն տեղադրողն իր IP- հասցեն փոխե՞լ է այլ երկրի վրա, թե՞ այն պարզապես տեղադրել է որևէ ինտերնետ սրճարանից:

Տեսանյութեր

Լրահոս