Ո՞վ է իրավունք տվել ՀՀԿ-ին՝ նրանց ինչ-որ տեղ կոխել, եթե նրանք հայտարարում են, որ այլընտրանք են

Երբ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նաև ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովում ՀՀԿ ներկայացուցիչ  Դավիթ Հարությունյանին զրկեց ձայնի իրավունքից, վերջինս հայտարարեց, որ դա հենց այնպես չի թողնի: Հարությունյանն իր խոսքի տերը եղավ. նա և ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն ԱԺ են ներկայացրել մի օրենսդրական փոփոխություն, որի ընդունման արդյունքում՝ Էթիկայի հանձնաժողովում քաղաքական ուժերի հարաբերակցությունը կփոխվի, և ընդդիմության ներկայացուցիչը հնարավորություն չի ունենա նեղել ՀՀԿ-ական պատգամավորին:

Կարելի է զարմանալ, թե ինչ օպերատիվությամբ Դավիթ Հարությունյանը կատարեց այդ փոփոխությունը, քանի որ այսօր ԱԺ-ում քննարկվում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը, որը կառավարության կողմից ստացել է դրական եզրակացություն, և որպես հրատապ հարց՝ ընդգրկվել ԱԺ օրակարգում:

Նույնիսկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը չի հասցրել քննարկել այս նախագիծը, թեև ըստ օրենքի՝ պարտավոր էր: Այս փոփոխությունը վերաբերում է  ԱԺ կանոնակարգ-օրենքի 14 և 24 հոդվածներին: 14 հոդվածը վերաբերում է ԱԺ խմբակցությունների ստեղծման կազմին և նրանց ընդդիմադիր կամ իշխանական լինելուն, իսկ 24-ը՝ Էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգին:

Ըստ գործող օրենքի 14-րդ կետի՝ «Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, և խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձ Կառավարության կազմում ընդգրկված չէ»:

Բայց հիմա խնդիր է առաջացել, քանի որ ԲՀԿ-խմբակցությունը կազմավորվելուց հետո  ոչ կոալիցիա մտավ, ոչ էլ հայտարարեց, որ ինքն ընդդիմադիր է, այլ ընդամենն այլընտրանք է: Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Հարությունյանն առաջարկում են փոփոխությունը, ըստ որի՝ «Խմբակցությունը համարվում է իշխանական, եթե խմբակցություն uտեղծած առանձին կուuակցության կամ կուuակցությունների դաշինքը կազմած կուuակցություններից որևէ մեկի առաջադրած անձը ընդգրկված է Կառավարության կազմում, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիuտում հանդեu է գալիu Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու և ընդդիմադիր չլինելու մաuին հայտարարությամբ:

Ընդդիմադիր, ինչպես նաև սույն պարբերությունում նշված հատկանիշներին չհամապատասխանող մյուս խմբակցությունները համարվում են ոչ իշխանական խմբակցություններ»: Այս փոփոխության արդյունքում ԲՀԿ-ն այլևս չի կարող համարվել այլընտրանք, այլ ստանում է պաշտոնական կարգավիճակ` «ոչ իշխանական»:

Այս փոխոփությունը հնարավորություն կտա հավասարակշռել ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմը, որտեղ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան փոքրամասնություն է: Նախագծի քննարկումը բուռն վիճաբանության տեղիք տվեց: Նախ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ընդվզեց` ո՞վ է իրավունք տվել ՀՀԿ-ին՝ «նրանց ինչ-որ տեղ կոխել, եթե նրանք հայտարարում են, որ այլընտրանք են»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանելով ՀՅԴ խմբակցության մեկ այլ անդամի`Վահան Հովհաննիսյանի մեղադրանքներին, հայտարարեց. «Ինձ ուզում եք ահաբեկել, մի անգամ ահաբեկեցիք, չգիտեմ ուր հայտնվեցիք, հիմա էլ եք ուզում ահաբեկեք»: ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն էլ խնդրեց իրենց խմբակցությանն իր անունով կոչել.

«Իշխանություն, ընդդիմություն և նրանք, մենք նրանք չենք, մենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ենք, բարի եղեք մեզ մեր անունով կոչել»: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Պարոն Արսենյան, ձեր լսողության հետ ինչ-որ բան է կատարվում, ստուգեք ձեր լսողությունը»: Սա ընդամենը չնչին մասն է ԱԺ կանոնակարգ-օրենքի քննարկումից: Պարզ է, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը կոպիտ սխալ է թույլ տվել՝ հնարավորություն տալով, որ ընդդիմությունն այս հանձնաժողովում ունենա մեծամասնություն, և այդ սխալն այսօր կուղղվի:

Տեսանյութեր

Լրահոս