ԲՀԿ-ն սատարում է Սերժ Սարգսյանին

Նախագահական ընտրություններում չառաջադրվելու և որևէ այլ թեկնածուի չսատարելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունից հետո ամենաքննարկվող հարցերից մեկն  այն է, թե իրականում ինչպե՞ս է ընտրություններում իրեն դրսևորելու մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը: Այդ հարցը քննարկվում է քաղաքական պայմանավորվածությունների, գործարքների, ակնկալիքների, հույսերի, քաղաքական խորամանկության և մի շարք այլ հարթություններում, բացի գործնականից: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստանն» իր երեկվա հայտարարությամբ գրեթե ուղղակիորեն ասել է, որ սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Բանն այն է, որ որքան էլ ԲՀԿ-ն չեզոք դիրքորոշում որդեգրի, այդ կուսակցությունն ունի ընտրությունների վրա ազդելու գործնական, լեգիտիմ լծակներ: Խոսքը, տվյալ դեպքում, ԲՀԿ-ի մարզային կառույցների, ԲՀԿ-ական գործարարների կոլեկտիվների, ի վերջո, փողի մասին չէ: ԲՀԿ-ն` որպես խորհրդարանական խմբակցություն, ունի մեկական անդամ Հայաստանի մոտ 2000 ընտրական հանձնաժողովներում: Ընտրություններին թեկնածու չառաջադրելու մասին հայտարարությունը ԲՀԿ-ին չի զրկում այդ անդամներն ունենալու իրավունքից:
Առիթ ունեցել ենք գրելու, որ քաղաքական կուսակցությունների հետ ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաների իրական, չհայտարարվող նպատակներից մեկը կարող էր լինել խորհրդարանական մյուս ուժերի հետ ընտրական հանձնաժողովների տեղերի շուրջ համաձայնության գալը:

Ընտրական հանձնաժողովներն, ինչպես հայտնի է, բաղկացած են 8 անդամներից` մեկական անդամ ունեն խորհրդարանական ուժերը` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ևս երկու անդամի իրականում նշանակում է իշխանությունը` նախագահականը, տարբեր կառույցների ներկայացուցիչների անվան տակ: Այսինքն` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը՝ ևս երկու իշխանական անդամների հետ, ընտրական հանձնաժողովներում ունենում են այնքան անդամներ, որքան մնացած ուժերը` միասին վերցրած: Եթե Ծառուկյանն առաջադրեր թեկնածությունը, իշխանությունը լուրջ խնդիրներ էր ունենալու հենց այս հարթությունում` ընտրական հանձնաժողովներում, որտեղ կատարվում է ընտրակեղծիքների ամենամեծ չափաբաժինը:

Հիմա, երբ ԲՀԿ-ն հայտարարում է, որ չեզոքություն է պահպանելու և չի սատարելու որևէ թեկնածուի, հարց է առաջանում` ի՞նչ են անելու ընտրական հանձնաժողովներում ԲՀԿ-ի մոտ 2000 անդամները:
ԱԺ ընտրություններում այդ անդամների ճնշող մեծամասնությունը նշանակվել է իշխանության հետ փոխհամաձայնությամբ, այդ անդամների մեծ մասն աչք է փակել ՀՀԿ-ի ընտրակեղծիքների վրա, քանի որ իշխանությունն էլ իր կողմից՝ աչք է փակել ԲՀԿ-ի` բոլորին հայտնի գործողությունների վրա: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի չեզոքության դեպքում այս 2000 անդամների մեծ մասն անցնելու է իշխանությանը` ՀՀԿ-ի հետ համաձայնությամբ կամ առանց դրա:

Իրականում ընտրական հանձնաժողովներում իշխանությանն անհրաժեշտ է ոչ թե ԲՀԿ-ի անդամների գործուն աջակցությունը, այլ անգամ չմասնակցությունը, պասիվությունը: Բավական է միայն, որ ԲՀԿ-ական անդամները չմասնակցեն, ասենք, հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների ընտրություններին, և իշխանությունը կստանա իրեն անհրաժեշտ պատկերը, այն է` մեծամասնություն և ղեկավար անդամներ ընտրական հանձնաժողովներում: Բուն ընտրությունների օրը ԲՀԿ-ական անդամները ևս կարող են «զբաղված լինել կարևոր գործերով» (ինչպես իրենց կուսակցության առաջնորդն էր վարվում բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ), իսկ ներկա լինելու դեպքում` ձեռնպահ քվեարկել վիճահարույց հարցերի քվեարկության ժամանակ: Դա հնարավորություն կտա իշխանությանը՝ ընտրական հանձնաժողովներից ԿԸՀ ուղարկել արձանագրություններն այն տեսքով, որն անհրաժեշտ կլինի «ամենաարդար և թափանցիկ ընտրությունների» անցկացման համար:

Մի խոսքով, առնվազն այս պահին կարելի է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն` հայտարարելով չեզոքության մասին, Սերժ Սարգսյանին գործնական աջակցություն են ցուցաբերում: Հակառակի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հրապարակվեն ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների անուններն ու կուսակցական պատկանելությունը, և պարզվի, որ նրանց մի մասը ՀԱԿ-ի, «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն են: Դրա համար ԲՀԿ-ն պետք է հատ-հատ աշխատի 2000 անդամներից յուրաքանչյուրի հետ, բացատրի, որ իրենք չեզոքություն են պահպանելու, ինչը չի նշանակում՝ սատարել Սերժ Սարգսյանին:

Բայց հազիվ թե դա տեղի ունենա, քանի որ արդեն իսկ ԲՀԿ մարզային կառույցների որոշ կարկառուն ներկայացուցիչներ հայտարարում են, որ չեզոքություն` նշանակում է՝ սատարել կայունությանը, իսկ կայունություն կարող է ապահովել միայն Սերժ Սարգսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս