Թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը մեկնարկեց

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Երևանում կազմակերպվեց «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տեղանքների աղտազերծում` անվտանգ քիմիկատների կառավարմում ծրագրի շրջանակներում» սեմինարը: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը։

Ծրագրի հիմնական նպատակն է ժամկետանց պեստիցիդների և, հատկապես, կայուն օրգանական աղտոտիչների պաշարների ոչնչացման արդյունքում մարդու առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցության կրճատումը, ինչպես նաև վարակված տեղանքների աղտազերծումը:

Ինչպես սեմինարի բացմանը նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ նախաձեռնել է մի ծրագիր, որի նպատակն է մարդկանց առողջության պահպանումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը` քիմիկատների անվտանգ կառավարման ծրագրի շրջանակներում ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացման և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տեղանքների աղտազերծման միջոցով: «Այսօր մեկնարկում է ծրագրի նախապատրաստական փուլը»,- ասաց նախարարը` հավելելով, որ ծրագրի նախապատրաստական գործընթացի իրականացման համար Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը տրամադրել է 140 հազար ԱՄՆ դոլար նախապատրաստական դրամաշնորհ: Բացի այդ, այս ծրագրի շրջանակներում ստեղծվելու է ղեկավար կոմիտե, որտեղ ներգրավված են լինելու մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

Ա. Հարությունյանը նշեց, որ բոլոր երկրներում օրգանական աղտոտիչներն ունեն լուրջ ազդեցություն մարդու առողջության վրա, ուստի անհրաժեշտություն կա վարելու միասնական քաղաքականություն, ինչպես նաև ուսումնասիրել և հայտնաբերել դրանց ոչնչացման եղանակները: Ըստ նրա` բնապահպանության նախարարությունը միջազգային կոնվենցիաների շրջանակներում իրականացրել է լայնածավալ աշխատանքներ, որոնք վերաբերում են ժամկետանց թունաքիմիկատների պահպանմանն ու տեղափոխմանը:

Նշենք, որ նախկին Խորհրդային միության  այլ հանրապետությունների պես Հայաստանը դեռևս տուժում է պլանային տնտեսությունից ժառանգություն մնացած բազմապիսի բնապահպանական խնդիրներից: Զարգացած գյուղատնտեսությունը խթանում էր պեստիցիդների լայնածավալ կիրառումը: 1980-ականների սկզբում նախաձեռնվել է համամիութենական մի ծրագիր, որի համաձայն բաշխման համակարգի պահեստներից պետք է հավաքվեին արգելված և ժամկետանց բոլոր պեստիցիդները և կուտակվեին ու թաղվեին համապատասխան ինժեներական լուծումներով կառուցված գերեզմանոցներում կամ թափոնատեղիներում: 1990թ-ի դրությամբ հաշվարկվել էր, որ Հայաստանում գոյություն ունի շուրջ 600 նմանատիպ պահեստային բազա:

Բնապահպանության նախարարի խոսքերով` թունաքիմիկատների ամենամեծ գերեզմանոցն այսօր գտնվում է Նուբարաշենում, և թափոնների ոչնչացման ծրագիրն առաջին հերթին սկսելու են այդ գերեզմանոցից, որտեղ պահպանում է շուրջ 500 տոննա վտանգավոր թափոններ:

Ա. Հարությունյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար կուսումնասիրվի միջազգային փորձը, դրանից հետո կորոշվի, թե որ եղանակով է հարկավոր իրականացնել ժամկետանց պեստիցիդների և հարակից նյութերի ոչնչացումը: «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից 4.7 մլն դոլար նախատեսված է այս աշխատանքները իրականացնելու համար: Առաջին փուլի ավարտից հետո անմիջապես կսկսենք երկրորդ փուլը»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է թունաքիմիկատների ոչնչացման եղանակներին, ապա նախարարը նշեց, որ կան մի քանի եղանակներ, մասնավորապես` տեղում կոնսերվացնել և այդպես պահպանել, որը նախարարը քիչ հավանական է համարում: Երկրորդ` ժամկետանց պեստիցիդները անվտանգ եղանակներով փաթեթավորել, տեղափոխել և այլ երկրում ոչնչացնել: «Իսկ թե որ տարբերակը կընտրենք, դա թողնում ենք մասնագետների որոշմանը, բայց վստահ եմ, որ մենք կըտրենք ամենաճիշտ եղանակը»,- ասաց նա:

Ա. Հարությունյանը նշեց, որ ծրագիրը կսկսվի 2013թ-ի առաջին կիսամյակում:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Քոր-Բիզոն նշեց, որ սա բարդ, բայց կարևոր ծրագիր է: «Վստահ եմ, որ քաղաքական և ֆինանսական պարտավորությունները, զուգակցելով թափանցիկ համագործակցության հետ` ներառյալ շահագրգիռ պետական գերատեսչությունները և հասարակական կազմակերպությունները, կնպաստեն ծրագրի հաջորդ իրականացմանը»,-ասաց Պ.Քոր-Բիզոնը:

Տեսանյութեր

Լրահոս