Բաժիններ՝

Դոլարի ստվերն ու ստվերային դոլարայնացումը

Կամ՝ ինչպես են բանկերը նպաստում դոլարայնացման աճին

ՀՀ Կենտրոնական բանկի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի համաձայն, դոլարայնացման մակարդակը Հայաստանում աճում է։ Թեպետ նախորդ ամսվա համեմատ աննշան չափով այդ երևույթը նվազում է, սակայն թե՛ նախորդ տարվա վերջի դրությամբ, թե՛ 12 ամսվա կտրվածքով նկատելի աճ կա։

Այսպես, Կենտրոնական բանկը դոլարիզացիայի մակարդակը չափում է 5 տարբեր ուղղություններով, որոնցից 3-ի գծով դոլարիզացիայի մակարդակն աճել է տարվա սկզբի համեմատ (տես աղյուսակը)։
Որպես կանոն, դոլարիզացիայի մակարդակը նկարագրելու համար դիտարկվում է առաջին ուղղությունը՝ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը։ 2012թ. հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 45%։ Նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.5 տոկոսային կետով, սակայն 2011թ. դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 3.2 տոկոսային կետով (2011թ. դեկտեմբերի վերջին դոլարայնացման մակարդակը 41.8% էր)։


Նշենք, որ այս ցուցանիշով վերը նշված 41.8%-ը եղել է նվազագույն ցուցանիշը վերջին տարիների ընթացքում։ Նախորդ տարվա սկզբին այն 45.5%-էր, սակայն մարտ-ապրիլ ամիսներից սկսած դոլարայնացման մակարդակը սկսեց նվազել։ Դրան որոշ չափով նպաստել էր այն հանգամանքը, որ բանկային համակարգում դոլարայնացման մակարդակի իջեցման նպատակով ԿԲ-ն 2011-ի փետրվարին սահմանել էր առևտրային բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ԿԲ-ում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նոր նորմատիվներ՝ ավելի բարձր նորմատիվներ։ Այդ քայլը մինչև տարվա վերջ տվեց սպասված արդյունքը։ Սակայն այս տարվա հունվարին ցուցանիշն աճեց միանգամից 1.9 տոկոսային կետով։ Նշենք, որ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը դեռ փետրվարին կանխատեսում էր, որ դոլարայնացման մակարդակն աճելու է՝ տնտեսության մեջ ռիսկայնության աճին զուգահեռ։ «Այս տարի, կապված և տնտեսական աճի սպասվող տեմպերի անկման, և մի շարք այլ գործոնների հետ, այդ թվում` ներքին տնտեսական, ֆինանսական տիպի անկայունության խնդիրների հետ, դոլարիզացիայի մակարդակը բարձրանալու է»,- ասաց Բ. Ասատրյանը։ Իսկ ինչո՞վ է վատ դոլարայնացման բարձր մակարդակը։ Այդ թեմայով կարելի է տարբեր ուսումնասիրություններից երկար մեջբերումներ անել։ Սակայն սահմանափակվենք համառոտ դիտարկմամբ։ Դոլարայնացման բարձր մակարդակը ազգային տնտեսությունները դարձնում է առավել խոցելի և մեծացնում է կախվածությունը համաշխարհային արժութային և հումքային տատանումներից։ Այս «հիվանդությունն», ի դեպ, բնորոշ է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներին, և ֆինանսական բլոկի պատասխանատուները (այդ թվում` և Հայաստանում) ձգտում են «բուժել» այն տարբեր եղանակներով։ Օրինակ՝ արգելելով արտարժույթով առևտուրը, սահմանելով բանկային ավելի խիստ նորմատիվներ արտարժութային ավանդների համար։ Ժամանակ առ ժամանակ չեն խուսափում նաև հոգեբանական ազդեցության ձևերից՝ կոչ անելով բնակչությանը խնայողությունները պահել ազգային արժույթով։
Ի դեպ, նշենք, որ ԿԲ ջանքերն ամենից շատ արդարանում են հենց բնակչության՝ ֆիզիկական անձանց դեպքում։ Այսպես, դոլարայնացման չափման 5 ուղղություններից միայն երկուսում է նվազում արձանագրվել, և այդ երկուսն էլ կապված են ֆիզիկական անձանց ավանդների հետ։ Այսպես՝ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների տեսակարար կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում (D3) տարվա սկզբի` հունվարի համեմատ, նվազել է և այժմ կազմում է 54.3%։ Իսկ ժամկետային ավանդների պարագայում (D4) ցուցանիշը 75.5%-ից իջել է 74.3%։ Այդուհանդերձ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները մնում են ամենադոլարայնացված ուղղությունը։ Սակայն, եթե դիտարկում ենք դոլարայնացման դինամիկան` փոփոխությունները, ապա պարզվում է, որ այդ հիվանդության բուժմանն ամենից շատ խանգարում են բանկերը։ Նրանք աստիճանաբար մեծացնում են արտարժութային վարկերի տեսակարար կշիռն իրենց վարկային պորտֆելներում։ Այսպես, ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի տեսակարար կշիռը այդ նույն հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի մեջ այս տարվա հոկտեմբերին կազմել է 63.7%։ Մինչդեռ հունվարին այդ ցուցանիշը 61.1% էր, իսկ 2011թ. հունվարին՝ 56.8%։ Բանկերի վարքագիծն, իհարկե, կարելի է արդարացնել, քանի որ բանկերն իրենց վարկային միջոցները ներգրավում են հիմնականում արտաքին աղբյուրներից և արտարժույթով։ Սակայն փաստն այն է, որ նրանք նպաստում են դոլարայնացմանը։ Ավելացնենք նաև, որ դոլարայնացման այս ցուցանիշները միանշանակ չեն, քանի որ հաշվի են առնում միայն բանկային փողերը՝ ավանդներ, ընթացիկ հաշիվներ, վարկեր և այլն։ Մինչդեռ բնակչության մոտ կանխիկ շրջանառվում է մեծ քանակությամբ արտարժույթ, որը չի արտացոլվում այս գնահատականներում։ Այսինքն՝ գոյություն ունի ստվերային դոլարայնացում։ Ի դեպ, Բ. Ասատրյանը նույնպես խոսել էր այս երևույթի մասին, նշելով, որ իրական դոլարայնացումն ավելի բարձր է, քան ԿԲ ներկայացրած թվերը, քանի որ իրականն ընդգրկում է նաև ստվերը։ Իսկ ստվերը, Ասատրյանի գնահատմամբ, 80%-ով դոլարային է։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս