«Մեր թեկնածուն կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը»

«Ընդդիմությունը պարտադիր կունենա իր թեկնածուն, որի մասին կլսեք»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս նշեց, որ իրենք մինչև հունվարի 4-ը ժամանակ ունեն, և իրենց թեկնածուի առաջադրման մասին կհայտարարեն 10 օր առաջ, 15 օր առաջ, թե հունվարի 4-ին, ըստ Գուրգեն Եղիազարյանի, ավելի կարևոր չէ, քան այն, ինչի մասին նա մինչ այդ էր խոսում, և չի կարծում, թե «դրանից էն տղան խելքի կգա` մարդկանց վրա չի կրակի, և սիբիրախտն էլ ինքն իրեն կվերանա»:

Լրագրողները հետաքրքրվեցին. «Դուք նկատի ունեիք ՀԱԿ-ի՞ թեկնածուին, թե՞ միասնական թեկնածուին»:

«Ես, «էն տղան» ասելով, նկատի ունեի Սերժ Սարգսյանի եղբորորդուն (ծիծաղում է,-Ա.Ս.), Բելաջիոյի դեպքերն ի նկատի ունեի, սիբիրախտ ասելով` նկատի ունեի, որ գյուղնախարարությունում, երևում է, սրիկա է նստած և լափում է մեր և ձեր գումարները, ինչի արդյունքում ստանում ենք հիվանդություն, որը հետո պետք է մի ամբողջ հասարակություն տնքա դրա տակ: Ինչ վերաբերում է Ձեր ասածին, թե մեր թեկնածուն երբ կհայտարարվի, ասացի` մինչև հունվարի 4-ը, և եթե անձամբ իմ կարծիքն եք հարցնում, այդ թեկնածուն կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Իսկ 168.am-ի հարցին` ինչպե՞ս կվերաբերվեք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը, և այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի ՀԱԿ-ի դիրքորոշումը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. « Իմ անձնական կարծիքն է, որ մեր թեկնածուն կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես ինքս, ճիշտն ասած, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, այլ թեկնածու չեմ տեսնում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս