«Հենց որ հոպարը նախագահ չլինի, թող էդ Սաշիկի որդին փորձի Երևանում ռագատկայով կրակել»

«Մենք շատ հետաքրքիր երկրում ենք ապրում: Նման բռնապետություն աշխարհում չկա. որպես կանոն` բռնապետների ասածները կատարվում են 100 տոկոսով, մեզ մոտ չգիտես ինչու այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը:

«Օրինակ` բացառված է, որ բռնապետի ընտանիքի անդամն ընտրություններից երկու ամիս առաջ կրակի, մարդկանց վիրավորի, խուլիգանություն կատարի: Նրանք, որպես կանոն, գոնե այս ընթացքում օրինապաշտ են լինում, այդ ընթացքում ատամները և մագիլները սրում են, որ ընտրություններից հետո հարձակվեն իրենք քաղաքացիների վրա: Մեզ մոտ հակառակն է, մեզ մոտ լսող չկա: Հիմա ինձ հետաքրքիր է` Սերժ Սարգսյանը չի՞ ասում իր հարազատներին` «խելոք պահեք ձեզ` գոնե էս երկու ամիսը», թե՞ ասում է՝ լսող չկա: Սրանցից ո՞րն է ավելի իրատեսական:

Որն էլ լինի՝ շատ վատ է, որովհետև բռնապետի բնութագիրն ամբողջական չէ: Լավ կլինի, որ այդպես լինի: Օրինակ` մեր պարագայում, երբ մեզ  կեղծ, շինծու հոդվածներով բանտերը նետեցին և հետո էլ սուսուփուս բաց թողեցին, որովհետև չէին կարող ապացուցել, այդ ժամանակ չէին հարցնում, թե ես հանցագործություն կատարե՞լ եմ, թե՞ չէ:

Ինձ 27 տարվա սանկցիայով էին վերցրել: Բա գնա եղբորդ որդուն վերցնել տուր հիմա: Ամբողջ քաղաքը և հանրապետությունը դրա մասին է խոսում: Թե՞ իրեն կարելի է օրը ցերեկով մարդկանց գնդակահարել: Էդ հիմա է տենց անում, այ որ սա վերընտրվեց, հետո կտեսնեք`ի՞նչ կանի: Հասարակությունը լռում է, ոչինչ չի ասում, էդ խուլիգանն իր խուլիգանությունը, իր այլանդակությունը կատարում է, որովհետև անպատիժ է: Հենց որ հոպարը նախագահ չլինի, ես կցանկանամ, թող էդ Սաշիկի որդին փորձի Երևանում ռագատկայով կրակել, ոչ թե հրազենով: Երբ հոպարը և մի ամբողջ պետություն կանգնած են նրա մեջքին հրթիռներով, հրազենով, ոստիկաններով և անվտանգությամբ, այդ ժամանակ, իհարկե, կարող ես ամեն տեսակ այլանդակություններ անել»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:

Վերջինս նաև ասաց, թե ուրախ է, որ դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանն, ի վերջո, մի երկու բան խոսեց»:

«Ճիշտ է` ասաց, որ 5000-6000 դիմում է ստացել, որը շատ վատ ցուցանիշ է Հայաստանի համար,  պետք է լիներ ամենաքիչը 56 հազար: Բայց եթե իրեն այսպես պահի, կամաց-կամաց դառնա Մարդու իրավունքների պաշտպան, ապա այդ թիվը կքառապատկվի»,- ասաց ՀԱԿ անդամը:

Տեսանյութեր

Լրահոս