Առաջադրվե՞լ, թե՞ չառաջադրվել`ահա խնդիրը. մամուլ
«Շաբաթ օրվա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո չէին դադարում լուրերը, թե դեկտեմբերի 10-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող կոնյակի գործարանում ԲՀԿ քաղխորհրդի նիստ կանի և կհայտարարի չառաջադրվելու մասին: Ասում էին, որ շաբաթ օրը Ծառուկյանը նախագահին ասել է՝ ոչ առաջադրվելու եմ, ոչ սատարելու եմ:
Ինչպես տեսանք, երեկվա նիստը չկայացավ: Ապա տեղեկություններ տարածվեցին, թե այսօր է սպասված նիստը լինելու: Սակայն պարզվում է՝ էլի չի լինելու: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատել է նաև ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Իսկ թե երբ կլինի, խոսնակը դժվարացավ պատասխանել. որոշում դեռևս չկա: Մեր տեղեկություններով, այդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ից ոչ շուտ: Ըստ լուրերի, այդ օրը մոսկովյան հայտնի շրջանակների հետ հանդիպում է նախատեսվում Ռոբերտ Քոչարյանի հետ, որն ազդելու է ԲՀԿ առաջնորդի որոշման վրա:
Իրենք՝ ԲՀԿ-ականները, տեղյակ չեն, թե բրյուսելյան այցից ու Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո ինչ է որոշել Գագիկ Ծառուկյանը՝ առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Նրանք ասում են, որ տեղեկություններ ստանում են մամուլից և ավելի քիչ են տեղեկացված, քան լրագրողները: Ինքը՝ Ծառուկյանը, ասում են, երեք օր է՝ գրեթե ոչ մեկի հետ չի շփվում: ԲՀԿ վերնախավը բաժանվել է երկու մասի՝ առաջադրվելու կատաղի կողմնակիցներ և հակառակորդներ: Երկու թևն էլ թաքնված շանտաժ են անում և պատերի տակ ասում. եթե հակառակ որոշում կայացվի, մանդատները վայր կդնենք»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: