Կհանդիպե՞ն Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը

«Դեռ ոչ մի եզրակացություն չեմ անում»,- այսօր Ազատության հրապարակից մեկնարկած երթից առաջ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` ի պատասխան հարցին` ի՞նչ եզրակացություն եք անում դաշնակցականների, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներից:

Լևոն Զուրաբյանից նաև հետաքրքրվեցին` հնարավո՞ր է, որ Ծառուկյանը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպի: «Ինչո՞ւ պետք է բացառվի նման բան»,- պատասխանեց ՀԱԿ համակարգողը:

Այսինքն` չե՞ք բացառում նման հանդիպումը՝ ճշգրտող հարցին ի պատասխան, Լ. Զուրաբյանն ասաց. «Ո´չ, չեմ բացառում»: Իսկ այդպիսի հանդիպում ծրագրված կա՞, թե՞ պարզապես տեսականորեն եք ասում՝ հարցին էլ, Լ. Զուրաբյանը պատասխանեց.

«Լսեք, ես, իհարկե, հասկանում եմ, որ այս լարված պահին ուզում եք ստանալ ինֆորմացիա, բայց քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են, և ոչ մի նորություն, ոչ մի վերջնական բան դեռ չկա, ես ձեր բնական հետաքրքրասիրությունը չեմ կարող բավարարել, կներեք»:

Կարդացեք նաև

Նաև ավելացրեց, թե բանակցություններն ինտենսիվորեն քննարկվում են, և ինչ-որ նորություն լինելու դեպքում կտեղեկացնի այդ մասին:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին տեղեկություն էր տարածել «Ազատություն» ռադիոկայանը: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր»,- նշում է «Ազատությունը»` նաև ավելացնելով, որ այդ տեղեկությունն, ըստ էության, չի հերքել նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:

Ավելացնենք, որ նույն օրը` դեկտեմբերի 8-ին, նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ու ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս