Գագիկ Ծառուկյանը` ժողովրդավարության փորձաքար
Անցած հանգստյան օրերին էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին և որոշում է կայացրել չառաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այս երկու լուրերն էլ պաշտոնապես ո՛չ հերքվեցին, ո՛չ հաստատվեցին:
Այսինքն` առնվազն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին լուրը հաստատվեց, ինչից էլ բխում էր մյուս տեղեկատվության` Ծառուկյանի չառաջադրվելու մասին լուրը: Այսինքն` տրամաբանությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինչ արդյունքում որոշում է կայացրել չառաջադրվել: Կամ, որ գրեթե նույնն է` Սերժ Սարգսյանը նրան հորդորել, ստիպել կամ գուցե սպառնացել է` հրաժարվել նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու` արդեն իսկ կայացրած որոշումից: Համենայնդեպս, այն, որ հատկապես վերջին օրերին լրատվական դաշտում չափազանց ակտիվ գործող ԲՀԿ-ն այս տեղեկությունների հրապարակումից հետո դեռևս լռություն է պահպանում, վկայում է այն մասին, որ ինչ-որ լուրջ փոփոխություն նրանց ծրագրերում տեղի ունեցել է:
Անկախ նրանից` վերջնականապես կհաստատվե՞ն այս տեղեկությունները, թե՞ կհերքվեն, դրանք հերթական անգամ վկայում են մեր քաղաքական դաշտի, մեղմ ասած, դեգրադացվածության, հակաժողովրդավարական լինելու մասին:
Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման հասարակական, քաղաքական, արժեքային ու մշակութային հարթություններում բացասական նշանակության մասին բազմիցս ենք գրել: Սակայն դրանից ամենևին չի բխում, որ կարող է ընդունելի համարվել որևէ կերպ Գագիկ Ծառուկյանին խոչընդոտելու, նախագահի ընտրություններում նրա առաջադրումը կանխելու քայլը` եթե անգամ դա պայմանավորված լինի ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու, այլ պետության ու հասարակության շահերը պահպանելու ազնիվ մղումներով: Ճիշտ հակառակը:
Եթե Գագիկ Ծառուկյանն անկեղծ է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր որոշման մեջ, եթե դրա հիմքում ընկած չէ ստվերային, կուլիսային պայմանավորվածությունը, ապա որքան էլ դա հաճելի լինի կամ ոչ` նա պետք է իրավունք ունենա առաջադրելու իր թեկնածությունը և պայքարելու նախագահի պաշտոնի համար: Դա է պահանջում ժողովրդավարությունը: Եթե մենք անկեղծ ենք ժողովրդավարական երկիր ունենալու մեր ցանկությունների, տեսլականների մեջ, ապա չկիսելով Ծառուկյանի մշակութաբանական տիպը, պետք է ամեն ինչ անենք նրան պայքարելու հնարավորությունից զրկելու ցանկացած ապօրինի քայլի դեմ:
Կրկնում ենք` եթե նրա` մինչև այժմ կատարած գործունեությունն իշխանության հետ պայմանավորվածության արդյունք չէր: Սա չափազանց կարևոր վերապահում է, քանի որ, եթե նա զբաղվում էր իմիտացիայով (ինչի հավանականությունը շատ մեծ է), ապա նրա` որոշումներ կայացնելու կամ դրանցից հրաժարվելու գործընթացը ևս պետք է տեղավորվի այդ տրամաբանության մեջ:
Այս իմաստով ներկայիս իրավիճակը որոշակիորեն հիշեցնում է 2003 թվականի նախագահական ընտրությունները: Այն ժամանակ գործող նախագահի հետ պայքարում էր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինիս և Գագիկ Ծառուկյանի միջև, իհարկե, ուղղակի զուգահեռ անցկացնելը սխալ կլինի, քանի որ նրանք միանգամայն տարբեր արժեքային համակարգերի ու միջավայրերի կրող են:
Պարզապես Ստեփան Դեմիրճյանը, ով քաղաքականության մեջ էր հայտնվել հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների հետևանքով` իր վրա նաև չափազանց մեծ բարոյական պատասխանատվություն կրելով, համարվում էր քաղաքական փորձառություն չունեցող գործիչ, և շատերը մտահոգություն էին հայտնում, որ նա չի կարող արդյունավետ գործել նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում:
Բայց Ստեփան Դեմիրճյանը հաղթեց ընտրություններում` թեկուզ միայն նրանով, որ իշխանական մեքենայի դեմ պայքարում ստացավ այնքան ձայն, որ իշխանությունը ստիպված եղավ գնալ երկրորդ փուլի: 2003 թվականի ընտրությունները մինչև օրս համարվում են Հայաստանի ամենախայտառակ, ամենակեղծված ընտրությունները, այսինքն` որոշակի վերապահումներով, կարելի է արձանագրել, որ Ստեփան Դեմիրճյանը հաղթեց նաև երկրորդ փուլում, սակայն նրանից խլվեց հաղթանակը:
Այն ժամանակ հասարակության մեջ կար որոշակի շերտ, որը փորձում էր Քոչարյանի «հաղթանակն» արդարացնել նրանով, որ այդպիսով Ստեփան Դեմիրճյանը չդարձավ նախագահ: Ակնհայտ է, սակայն, որ այսօր Հայաստանը միանգամայն այլ պետություն կլիներ, եթե հաղթեր ոչ թե այդ մտածողությունն ու դրանով առաջնորդվող հակաժողովրդավարական իշխանությունը, այլ այն թեկնածուն, ով ստացել էր հասարակության վստահությունը: Եթե անգամ այդ թեկնածուն պակաս արժանի էր համարվում հասարակության մի մասի կողմից: Սա ժողովրդավարության դասագրքային ճշմարտություն է, որը գուցե առանձին իրավիճակներում ոչ հաճելի կամ վտանգավոր է թվում:
Բայց դա է ժողովրդավարությունը, որից ավելի արդյունավետ համակարգ, ինչպես Չերչիլն էր ասում, մարդկությունը դեռևս չի գտել:
Մեծ հաշվով, նույն երկընտրանքն առկա է նաև այսօր: Եթե իսկապես ցանկանում ենք ունենալ ժողովրդավարական պետություն, ապա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա նախագահական ընտրություններում առաջադրվելու և պայքարելու հավասար իրավունք: Անգամ, եթե նա արտահայտում է լյումպենի շահերն ու ցանկությունները: Եթե Հայաստանում մեծամասնություն է կազմում լյումպենը, ապա թող հաղթի մեծամասնությունը ներկայացնող թեկնածուն: