Կանաչ տարածքների ոչնչացման և քաղաքում կուտակված աղբի պատճառով ագռավներն ու կաչաղակները շատացել են Երևանում
Երևանի փողոցներով շրջելիս` անհնար է չնկատել կաչաղակների և ագռավների ծերտի հետքերը: Բացի այդ` Երևանի բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են բողոքել, որ առավոտյան արթնանում են ոչ թե երգեցիկ թռչունների ձայներից, այլ կաչաղակների և ագռավների կռկռոցից:
168.am-ն այս խնդիրների շուրջ զրուցել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանի հետ:
Մեր այն հարցին, թե Երևան քաղաքում ո՞ր երգեցիկ թռչուններին կարելի է հանդիպել, պրն Ղասաբյանը պատասխանեց. «Ամենալավ ու գեղեցիկ երգող թռչունը սև կեռնեխն է: Նրան կարելի է հանդիպել քաղաքի գրեթե բոլոր պուրակներում: Այն միջին չափսի, դեղին կտուցով սև թռչուն է: Կապույտ քառակեռնեխի կարելի է հանդիպել քաղաքի ավելի ծայրամասային շրջաններում: Այն այնքան էլ լավ չի երգում: Կարելի է հանդիպել նաև սևուկ կարմրատուտերի, մեծ և փոքր երաշտահավերի և ուրիշ թռչունների»:
Մեր մյուս հարցին, թե արդյոք Երևանում նվազե՞լ է երգեցիկ թռչունների քանակը, Ղասաբյանն ասաց, որ տեսակային կազմը գրեթե նույնն է մնացել, բայց քանակը նվազել է. «Սրա պատճառներից մեկն այն է, որ կանաչ տարածքները նվազում են: Բացի դրանից էլ` շատ հաստաբուն ծառեր են կտրել, տեղը` թփուտներ են: Եթե առաջ հաստաբուն ծառերին շատ թռչուններ էին ապրում և երգում, ապա ծառերը կտրելուց հետո այլ թռչուններ սկսեցին բնակվել այդտեղ: Որքան շատ կանաչ տարածք է ասֆալտ ու բետոնի տակ անցել»:
Խոսելով ագռավների և կաչաղակների թվաքանակի շատացման մասին, Մամիկոն Ղասաբյանը մանրամասնեց, որ քաղաքում ագռավազգիներից հանդիպում են անտառային կաչաղակը, սովորական կաչաղակը, սերմնաքաղ և մոխրագույն ագռավները: Իսկ նշված տեսակներից քաղաքում հիմնականում բնադրվում են մոխրագույն ագռավն ու կաչաղակը:
Ղասաբյանի կարծիքով` քաղաքի կեղտոտ լինելու հանգամանքը նպաստում է ագռավների և կաչաղակների թվի շատացմանը. «Եթե առաջ ագռավները միմիայն գիշերում էին քաղաքում, ապա հիմա նաև բնադրվում են: Նրանք աղբն եք փորփրում և շներին ու կատուներին այդ առումով մրցակից են դարձել: Սանիտարական աշխատանքներ անելուն զուգահեռ` նրանք քաղաքը նաև կեղտոտում են: Բացի այդ` ոչնչացնում են մանր երգեցիկ թռչուններին: Լինելով խելացի թռչուններ` ագռավներն ու կաչաղակները քանդում են երգեցիկ թռչունների բները, նրանց ձագերին են բռնում»:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչն այս խնդրի լուծումը տեսնում է քաղաքը մաքուր պահելու մեջ. «Կանաչ զանգվածները պետք է ոչ թե պակասեցնել, այլ շատացնել, մենք դեռ շարունակում ենք պակասեցնել: Մենք պետք է ամեն կանաչ խոտի ու ծառի համար կռիվ տանք: Ինչո՞ւ են շատացել ասթմայով հիվանդները, ինչի՞ հետ է դա կապված: Ինչ-որ ժամանակ հետո հիվանդ սերունդ ենք ունենալու: Սա լուրջ խնդիր է, պետք է դեմն առնել ու ասել` «Վե՛րջ, կանաչ տարածքներն այլևս չենք ոչնչացնում: Պետք է այլ ճանապարհով գնալ»: