Հմայակ Հովհաննիսյանի պատասխանը տիկին Քլինթոնին
ԱՄՆ պետքարտուղար, մեծարգո տիկին Քլինթոնի իրավունքն է բացեիբաց արտահայտել իր վերաբերմունքը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ծավալման հեռանկարի կապակցությամբ: Տիկին Քլինթոնի բացախոսությունը միանգամայն ողջունելի է ոչ միայն այն իմաստով, որ գալիս է ապացուցելու նրա հավատարմությունը Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի կողմից որդեգրված բաց քաղաքականության սկզբունքներին, այլ նաև այն իմաստով, որ ապացուցում է, թե որքանով լուրջ են արևմտյան քաղաքական շրջանակներում ընկալվում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին նոր շունչ հաղորդելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերը:
Սա լավ դաս է մեր տնաբույս քաղաքական գործիչներին և վերլուծաբաններին, ովքեր երկար ժամանակ ապավինում էին այդ ծրագրերը «սապոնե պղպջակ» ներկայացնելու և դրանց նկատմամբ քամահրական վերաբերմունք ցուցաբերելու փորձերին:
Ինչ վերաբերում է տիկին Քլինթոնի գնահատականների բովանդակային իմաստավորմանը, ապա պետք է ընդգծեմ, որ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ-ի իրավունքն է նորաստեղծ խորհրդային անկախ պետություններին «գայթակղեցնել» տարբեր կարգի առաջարկություններով: Եթե տվյալ պետությունների ժողովուրդները առաջարկությունները համարեն իրենց զարգացման և բարգավաճման համար նպաստավոր, ապա դրանց իրականացմանն ընդառաջ գնալը նրանց բացառիկ իրավունքն է:
Այս մոտեցումն էլ է բխում ԱՄՆ հիմնադիր հայրերի կողմից ժամանակին որդեգրված սկզբունքներից, ինչը տիկին Քլինթոնը պարտավոր է հաշվի առնել: Եթե Ռուսաստանն այսօր փորձում է ինտեգրացիոն ծրագրերի իրականացման հարցում համոզել հայ ժողովրդին ոչ թե 11-րդ Կարմիր բանակի սպառնալիքով, այլ զարգացման, բարգավաճման նոր հեռանկարներ Հայաստանի առջև բացելու պատրաստակամությամբ, ապա մտացածին է ՌԴ-ին վերագրել «վերախորհրդայնացման» ինչ-ինչ մտադրություններ:
Մեր, այլ ոչ թե տիկին Քլինթոնի բացառիկ իրավունքն է` ընդունել կամ մերժել Վլադիմիր Պուտինի առաջարկությունները, հավատալ կամ չհավատալ ՌԴ-ին: Նույնը պետք է ասեմ նաև այն հարցի կապակցությամբ, թե արդյոք միմյանց հակասո՞ւմ են, թե՞ ներդաշնակ են եվրասիական ինտեգրման և եվրաինտեգրման նպատակները: Այս հարցում նույնպես որոշման իրավունքը պատկանում է մեր ժողովրդին: Ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսաստանյան գործիչները պարտավոր են դա գիտակցել, այլապես կզրկվեն մեր ժողովրդի վստահությունից:
Եթե Պողոսը քեզ ասում է, որ պատրաստակամ է քեզ հետ բարեկամություն անել միայն Պետրոսի հետ չմերձենալու դեպքում, ապա, հասկանալի է, նրա նկատմամբ վստահություն չես տածի: Սա ճիշտ է` ինչպես` սովորական մարդկային փոխհարաբերություններում, այնպես էլ` միջպետական փոխհարաբերություններում: Ուրեմն եկեք մեր բոլոր գործընկերների հետ խոսենք մարդկային արժանապատվության դիրքերից:
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ