«Աղջիկս խանգարվել է, հավատացեք, բայց արդարադատություն իրականացնողնե՞րը…»
Երեկ խմբագրություն էր եկել Արարատի մարզի Նորաբաց գյուղի Նոր թաղամասի թիվ 1 բնակելի տան բնակչուհի Մարուսյա Դանիելյանը և խնդրում էր տարիներ շարունակ դատական ատյաններում վիճարկվող իր խնդրի մասին ահազանգել համապատասխան մարմիններին, քանի որ, ըստ նրա՝ դատարանների կողմից արձակված որոշումների հիմքում մի շարք կեղծիքներ են տեղ գտել:
Նախ նշենք, որ որպես բողոքի նշան՝ այս տարեց կինը երկու անգամ ինքնահրկիզման փորձ է կատարել, որոնցից մեկը կանխել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, իսկ մյուս դեպքում՝ միջամտել են լրագրողները: Մ. Դանիելյանն Արցախի Զարդախաչ գյուղից Հայաստան է տեղափոխվել 1992թ.:
«Բազմազավակ մայր եմ, հինգ երեխա ունեմ: Լինելով գյուղի միակ բարձրագույն կրթություն ունեցող մանկավարժը՝ դպրոցում եմ աշխատել և կրթել եմ մի ամբողջ գյուղ:
Հինգ երեխաներս բարձրագույն կրթություն ունեցող լավ մասնագետներ են: Արցախյան պատերազմի ժամանակ եղել եմ դիրքերում՝ ազատամարտիկների կողքին: Մասնակցել եմ հերոսամարտին, մարտնչել նրանց հետ»,- պատմում է Մ. Դանիելյանը, ով ամուսնու հետ 1992թ. ոտքով Զարդախաչից հասել է Արարատի մարզի Նորաբաց գյուղ: Նրանց փախուստից հետո ադրբեջանցիներն այրել են ամբողջ գյուղը, այդ թվում նաև՝ նրանց տունը, ունեցվածքն ու փաստաթղթերը: Ինչևէ, սկզբում ապրել են Նորաբաց գյուղի անասնապահական ֆերմայի անասնագոմում, քանի որ ոչինչ չեն ունեցել: «Տղաս Մոսկվայում էր աշխատում:
Երբ եկավ, մեր վատ վիճակը տեսավ՝ շատ ազդվեց: Ես շատ մեծ տանջանքով հինգ երեխա եմ մեծացրել, ուսման եմ տվել ու առանց ոչնչի, ընդամենը մեր երեք կովերի հետ ոտքով հասել էինք Մասիս: Երեխաներիցս միակ տղաս որոշ ժամանակ անց մեզ գումար տվեց, որպեսզի հողատարածք գնենք»,- պատմում է նա:
1993թ. նոյեմբեր ամսին նույն գյուղի բնակիչ Աշոտ Մինասյանից 1 մլն ռուբլով գնել են 800ք տնամերձ հողամաս, սակայն, քանի որ Մ. Դանիելյանն անձնագիր չի ունեցել՝ առուվաճառքի գործարքը նոտարական կարգով ձևակերպել են նրա դստեր՝ Արևիկ Ասրիյանի անվամբ՝ հետագայում անձնագիր ստանալուց հետո մոր անունով անվանափոխելու պայմանով:
Ա. Ասրիյանը առուվաճառքի գործարքը կատարելուց հետո մեկնել է ՌԴ և 1994-ից մինչ օրս այնտեղ է ապրում: «Շատ մեծ տառապանքով փայտյա տնակ տեղադրեցինք հողատարածքում, հետագայում արդեն 1995թ. ամուսնուս հետ կամաց-կամաց պատեր շարեցինք, սենյակներով, խոհանոցով տուն ստեղծեցինք ու մինչև այսօր ապրում ենք»,- պատմում է Մ. Դանիելյանը, ով 2006թ. անձնագիր է ստացել ու աղջկան խնդրել է անվանափոխության գործընթացը կատարել: Ասում է՝ աղջիկը Ռուսաստանում ապրելու տարիներին իր մասին լուր ընդհանրապես չի տվել:
Միայն մեկնումից որոշ ժամանակ անց ամուսինը զանգահարել ու իրեն տեղեկացրել է, որ Արևիկը ծանր վիճակում է, վատառողջ է, իսկ երեխան գտնվում է մանկատանը: «Դեռ այն ժամանակ անձնագիր չունեի: Որ իմացա աղջկաս հետ կատարվածը, շատ վատ եղա: Լաց լինելով գնացել եմ ԱԱԾ, չոքել եմ աշխատակիցների ոտքերի առաջ, խնդրել, աղաչել եմ, որ ինձ առանց անձնագրի ուղարկեն Ռուսաստան, աղջկաս կորցնում էի: Էնտեղ հասկացան, որ շատ վատ վիճակում եմ, ու իմ մեղքով չէ, որ անձնագիր չունեմ: Ինձ Ղարաբաղից անձնագրի փոխարեն ինչ-որ 9-րդ ձև կոչվող տեղեկանք էին տվել, որը շատ տեղերում չէր անցնում:
Պատկերացրեք, որ, հասկանալով դրությունս ու օգնության ձեռք մեկնելով՝ ուրիշի անձնագրով ինձ ուղարկեցին Ռուսաստան»,- պատմում է Մ. Դանիելյանը, ով աղջկան ծանր վիճակում հայտնաբերելով` վեց ամիս խնամել է նրան, ոտքի է կանգնեցրել և վերադարձել Հայաստան:
«Բետոնի վրա, սառը, էդքան ծանր գործերգ Հազարումի հիվանդություն ստացա էդ վեց ամսվա մեջ ու… Ու աղջիկս ինձ փոխհատուցեց ամենավերջին մարդու նման»,- շարունակում է Մ. Դանիելյանը:
Ա. Ասրիյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
2006թ. Մ. Դանիելյանն անձնագիր ստանալուց հետո դստերը խնդրել է անվանափոխության գործընթացը կազմակերպել, սակայն վերջինս հրաժարվել է մոր սեփականությունը կամովին վերադարձնել: 2010թ. Մ. Դանիելյանն ամուսնու հետ հայց է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Ա. Ասրիյանի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
«Դատարան ներկայացրեցինք բոլոր այն տեղեկանքները, փաստաթղթերը, որով ապացուցվում էր այն փաստը, որ այդքան տարի մենք բնակվել ենք Նորաբաց գյուղի Նոր թաղամասի 1 տանը, վճարել ենք բոլոր հարկերը, կոմունալ վարձերը և այլն: Գյուղապետը, գյուղի բնակիչները, բոլորը վկայեցին այն մասին, որ մենք ենք կառուցել այդ տունը, բնակվել այնտեղ 1993-ից, իսկ աղջիկս երբևիցե այդ տուն ոտք չի դրել:
Ամբողջ գյուղը վկայություն տվեց, որ նրան նույնիսկ չեն էլ ճանաչում»,- ասում է Մ. Դանիելյանը՝ որպես ասվածի ապացույց ներկայացնելով բոլոր փաստաթղթերը: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Լ. Արազյանը, ըստ Մ. Դանիելյանի՝ կատարելով գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, հայցապահանջը բավարարել է և ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել Մ. Դանիելյանի և նրա ամուսնու՝ Ռուբեն Ասրիյանի սեփականության իրավունքը 0,089հա հողամասի և դրա վրա եղած բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ:
Այնուհետև օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կադաստրային մարմինները նույն թվականին կատարել են պետական գրանցում ամուսինների անվամբ, որոնց տրվել է թիվ 2799401 սեփականության վկայականը: «Բանից պարզվեց, աղջկաս ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, և Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը բողոքը վարույթ է ընդունել: Նրանք սկսեցին նոր պատրվակ հորինել, իբրև թե ես խարդախությամբ եմ տիրացել իմ սեփականությանը:
Այդ ժամանակահատվածն օգտագործելով՝ աղջկաս ներկայացուցիչը վճիռը նոր երևան եկած հանգամանքներով բողոքարկելու հիմքեր ստեղծելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով իմ դեմ քրեական գործ հարուցել, իբր ես խարդախությամբ փորձել եմ տիրանալ նրա սեփականությունը հանդիսացող Նորաբաց գյուղում գտնվող անշարժ գույքին:
Ինչքան ջանացին մի բան սարքել՝ չստացվեց: Ես գյուղում շատ հարգված, դիրքերում կռված, զինվորների կողքին դժվարություններ հաղթահարած կին եմ: Բոլորն ինձ ճանաչում են` որպես կռվող, արդար մարդ: Միայն մի դժբախտություն ունեմ՝ աղջիկս, որը, համենայնդեպս, հոգեպես խանգարվածի արարքներ է կատարում, ու ես չգիտեմ՝ ինչպե՞ս պաշտպանել իրեն ու ինչպե՞ս պաշտպանեմ ինձ»,- լաց լինելով, բայց ամեն դեպքում` աղջկան պիտակավորելուց խուսափելով՝ շարունակում է պատմել Մ. Դանիելյանը:
Այնուամենայնիվ, Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2010թ. մարտի 18-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: 2012թ. Արարատի մարզի դատախազի տեղակալ Հ. Հակոբյանի կողմից որոշում է կայացվել Ա. Ասրիյանի կողմից սուտ մատնություն կատարելու և Մ. Դանիելյանին ծանր հանցագործության մեջ մեղադրելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին: Ինչպես նաև որոշում է կայացվել Ա. Ասրիյանին ՀՀ քր. օր-ի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ա. Ասրիյանն առայսօր հետախուզման մեջ է գտնվում, և քանի որ նրա գտնվելու վայրը չի պարզվել, որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնել: Մ. Դանիելյանը 2012թ. սեպտեմբեր ամսին պատահաբար հայտնաբերել է, որ կրկին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում Ա. Ասրիյանի անվամբ, այն դեպքում, երբ քրեական գործի հարուցման ընթացքում անշարժ գույքը եղել է արգելանքի տակ։
«Հասկանո՞ւմ եք, խայտառակ անօրինականություններով դատարանների հետ ապօրինի համաձայնության գալով՝ նրա ներկայացուցիչը կարողացել է կրկին Արևիկի անունով տունը սեփականաշնորհել, այն դեպքում, երբ այն գտնվում էր արգելանքի տակ: Ինչպե՞ս է Անշարժ գույքի կադաստրը պետական գրանցում կատարել այդ տան վրա, եթե այն եղել է արգելանքի տակ: Կադաստրային մարմինները տեղեկացված էին, որ քրեական գործ կա հարուցված, Արևիկը գտնվում է հետախուզման մեջ, քրգործի վերջնական ավարտը հիմք պետք է լիներ նոր երևան եկած հանգամանքների համար, բայց…
Ես Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կեղծարար դատավորների անունները հրապարակել եմ և դիմում-բողոքներով ուղարկել եմ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին ու պատրաստ եմ ապացուցել թվարկածս անօրինականությունները: Հույս ունեմ, որ հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը, Գլխավոր դատախազն ու Արդարադատության նախարարը կարձագանքեն: Չի կարելի Ղարաբաղյան պատերազմն ատամներով պաշտպանած մարդկանց էս խաղաղ պայմաններում զրկել սեփական քրտինքով վաստակած չորս պատից:
Այո, հարազատ աղջիկս է, բայց հավատացեք, նա խանգարվել է, չի հասկանում՝ ինչ է անում, բայց դատարանն էլ հո արդարադատություն իրականացնելու համա՞ր է: Նույնիսկ՝ եթե վեճը հարազատների միջև է: Կադաստրային մարմիններն ինչպե՞ս կարող էին նման ապօրինություն կատարել»,- ասում է նա:
Մ. Դանիելյանն այժմ դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացրած ՀՀ Արարատի մարզի Նորաբաց գյուղի Նոր թաղամասի թիվ 1 տան պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցապահանջում մատնանշվել են Պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի այն կետերը, որոնք պետական գրանցման սահմանափակման համար հիմք պետք է հանդիսանային:
Դեկտեմբերի 14-ին Վարչական դատարանում կընթանա այս գործով նիստը, որին մենք կմասնակցենք և կտեղեկացնենք ընթացքի մասին:
«168 ԺԱՄ»