Հայտնի տղամարդիկ դեմ են կանանց նկատմամբ բռնություններին

Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկում տեղի ունեցավ Կանանց ռեսուրսային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայտնի տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: Լուսանկարներում պատկերված էին ամենատարբեր ոլորտի տղամարդ ներկայացուցիչներ` թվով 28-ը, ովքեր լուսանկարվել էին «Ես դեմ եմ կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնություններին» գրությամբ պաստառներով:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ԶԼՄ բաժնի ղեկավար, դեռահասների ծրագրի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսն իրականացվում է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում, որը մեկնարկել է նոյեմբերի 25-ից և տևելու է  մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածը. «Կա մի կարծրատիպ, թե կանանց նկատմամբ բռնություն գործադրելը տղամարդկանց մոտ ավանդույթ է դարձել: Այս կարծրատիպը փոխելու համար` մենք որոշեցինք դիմել հասարակության մեջ հայտնի տղամարդկանց, ովքեր հեղինակություն են վայելում, և ցույց տալ, որ իրենք էլ են դեմ կանանց նկատմամբ բռնություններին»:

Էլվիրա Մելիքսեթյանի կարծիքով` այսօր կանանց նկատմամբ բռնությունների դեպքերը շատ ավելի են բարձրաձայնվում. «Ներկայումս մենք ունենք տասնյակ անգամ շատ հեռախոսազանգեր, սակայն ենթադրում եմ, որ ոչ թե դեպքերն են շատանում, այլ ավելի բարձրաձայնվում են: Մենք ունենք մի քանի ակնառու դեպքեր, ինչպես` Մարիամ Գևորգյանի, Զարուհի Պետրոսյանի դեպքերը, որոնք թույլ տվեցին շատ ավելի դեպքեր բարձրաձայնել: Մեր իրականության մեջ սա լուրջ հիմնախնդիր է: Դիմողները շատ տարբեր հարցերով են դիմում: Շատ զանգեր են լինում, որոնք վերաբերում են ամուսնու կամ սկեսրոջ պատճառով տեղի ունեցած ընտանեկան վեճերին, երբեմն` երբ առհասարակ ամուսնական կապեր չեն լինում: Լինում են հեռախոսազանգեր, որոնք վերաբերում են փողոցում բռնաբարության դեպքերին: Իրավիճակները շատ տարբեր են, բայց բոլորը մի խնդրի են վերաբերում»:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ԶԼՄ բաժնի ղեկավարն ընդգծում է, որ հատկապես գյուղական շրջաններում ընտանեկան բռնությունը շատ տարածված երևույթ է. «Խնդիրն այն է, որ ընտանիքի անդամները երևույթը հաճախ որպես ընտանեկան բռնություն չեն վերագրում: Գյուղական շրջաններում դեպքերն այնքանով են շատ, որ դրանք բարձրաձայնելու ելքեր չկան: Ընտանիքի անդամները չեն գիտակցում, որ երևույթը բռնություն է: Եվ երբ դանակը ոսկորին է հասնում, այդ ժամանակ են միայն բարձրաձայնում, և մենք կարողանում ենք օգնության հասնել»:

Գյուղական շրջաններում մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով` կենտրոնը սեպտեմբերին Գյումրիից Երևան քայլարշավ էր իրականացրել. «Շրջաններում ինֆորմացիայի լուրջ պակաս կա: Քանի որ այն մեծ հաջողություն ունեցավ, մենք պլանավորում ենք երկու տարվա ընթացքում նոր քայլարշավ իրականացնել»:

Էլվիրան ենթադրում է, որ իրենց հիմնականում դիմում են միջին տարիքի մարդիկ: Մեր այն հարցին, թե հայ տղամարդիկ  երբևէ օգնություն ստանալու նպատակով դիմե՞լ են իրենց կենտրոն, Մելիքսեթյանը պատասխանեց. «Իմ պրակտիկայում եղել է երկու դեպք, երբ տղամարդիկ են զանգահարել և իրենց բարեկամ կանանց համար օգնություն  խնդրել: Բայց ես չեմ հանդիպել այնպիսի դեմքերի, երբ տղամարդիկ են իրենց համար օգնություն խնդրել»:

Ցուցահանդեսին ներկա` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ում լուսանկարը ևս փակցված էր, մեզ հետ զրույցում կարևորեց կանանց նկատմամբ բռնությունների դեպքերը կանխարգելելու համար պաշտոնատար անձանց գործառույթների շրջանակի ամբողջ իրացումը. «Նկատի ունեմ այն, որ հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործողություններով կամ անգործությամբ Հայաստանում ոչ միայն՝ կանանց, այլև ընդհանրապես բռնությունը լայն տարածում ունի: Կարծում եմ` հասարակության մոտ ճիշտ արժեհամակարգ ձևավորելու ուղղությամբ անհրաժեշտ է համապատասխան քայլեր իրականացնել: Պետք է անպայման բացահայտվեն բոլոր տեսակի բռնության դեպքերը, և պետք է կարողանանք նաև որոշակիորեն պատժելիություն մտցնել: Երբ անընդհատ բռնություններ են տեղի ունենում և պատժելիության տեսանկյունից հեռու են մնում, բնականաբար, հասարակությունը տոգորվում է բռնություններ իրականացնելու և անպատժելի մնալու ցանկությամբ: Սրա արդյունքում էլ դեպքեր են գրանցվում»:

Ա. Մարտիրոսյանը կարծում է, որ բռնությունն ազգային մտածելակերպի հետ կապված խնդիր չէ. «Հայ ընտանիքներում կանանց նկատմամբ ակնածանքն ու դրական վերաբերմունքը միշտ էլ եղել է, և այդ հարգանքն է, որ թույլ չի տվել նրանց բռնության ենթարկել: Կանայք էլ, որպես օրենք, ընտանիքի, օջախի պաշտպանը լինելով հանդերձ` հեզ հարսներ են եղել, և հարգանքը փոխադարձ է եղել»:

Իսկ «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» հ/կ նախագահ Մամիկոն Հովսեփյանի կարծիքով այս խնդիրը կանխարգելելու համար ամենակարևորը հասարակության իրազեկվածության բարձրացումն է. «Երբ երեխան տանը տեսնում է բռնություն, հետո էլ դպրոցում ճնշումների և ծաղրանքի է ենթարկվում, թե տղամարդն ավելի բարձր է, իսկ կինը` ցածր, կնոջն այն դարձնում է այնպիսի հոգեբանությամբ, որ ինքը պետք է ճնշված լինի: Եթե ընտանիքում բռնություն կա, այն պետք է արագ կասեցնել, որ երեխան չտեսնի և չսովորի»:

Մեր այն հարցին, թե կանանց նկատմամբ բռնությունների դեպքերի լուսաբանումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, փաստաբան, ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանը պատասխանեց. «Լուսաբանման հարցին երկակի ձևով  կարող ենք մոտենալ: Կան լուսաբանումներ, որոնց արդյունքում տուժողի վիճակն ավելի է վատթարանում, մասնավորապես, եթե չեն ապահովում նրա անձնական տվյալների պաշտպանությունը, երբ հնարավորություն են տալիս նրան նույնացնել` խոչընդոտելով նրա` նույն համայնք վերադառնալու խնդրին: Հաճախ կինը, որը օգնություն ստանալու նպատակով Ոստիկանություն կամ հ/կ-ներ է դիմում, պատրաստ չէ իր հետ պատահած դեպքն ամբողջ աշխարհով մեկնաբանել: Մյուս կողմից` ճշգրիտ լուսաբանումն ունի կանխարգելիչ նպատակներ»:

Թումասյանը կարծում է, որ դեպքերի թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է և՛  բարձրացնել իրազեկվածությունը, և՛ նախատեսել համապատասխան ծառայություններ, և՛ պետք է ընդունել հոգեբանական վիճակը. «Այսինքն` մենք ունենք այս երևույթը և սրա դեմ պետք է պայքարել, ընդ որում` ոչ միայն քաղաքում, այլև գյուղական համայնքներում»:

Տեսանյութեր

Լրահոս