Բաժիններ՝

Մարտին Հակոբյանին Գյումրիում չե՞ն ճանաչում

Ավերիչ երկրաշարժիչ հետո նա հսկայական աշխատանքներ է կատարել աղետի գոտում

1988թ. Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից անցել է ուղիղ 24 տարի: Շատ երկրներ, կազմակերպություններ ու անհատներ Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին: Նրանցից շատերի անունները հայտնի են հասարակությանը, շատերի մասին էլ երբևէ ոչինչ չի ասվել: Այս հարցում`բոլորս մեր մեղքի չափաբաժինն ունենք:

Նման մարդկանցից է 83-ամյա Մարտին Հակոբյանը, ով երկրաշարժի օրերին իր ձեռքն է մեկնել գյումրեցիներին: Մ. Հակոբյանը ծառայել է սովետական բանակում, Հանրապետության վաստակավոր նորարար է: Բանակից վերադառնալուց հետո որպես վարորդ ընդունվել է աշխատանքի առաջին ավտոբուսային պարկում և որոշ ժամանակ անց դարձել է նույն պարկի տնօրենը:

-Մարտին պապիկ, հիշո՞ւմ եք` որտե՞ղ էիք գտնվում երկրաշարժի օրը:

-Այդ օրը ես գտնվում էի Մոսկվայում: Ինձ վիրահատել էին, ծանր վիճակում հիվանդանոցում էի գտնվում: Կրտսեր որդիս՝ Արմենս էր իմ մասին հոգ տանում: Հիշում եմ`այդ օրը, երբ հիվանդասենյակից որդիս դուրս եկավ, հեռուստացույցն անջատեց, որ կարողանամ քնել: Հանկարծ արթնացա, միացրեցի հեռուստացույցը: Իմացա, որՀայաստանում երկրաշարժ է եղել, սկսեցի արտասվել: Որդիս ներս մտավ ու ասաց, թե ինչո՞ւ եմ լաց լինում, չէ՞ որ Գյումրիում ոչ մի բարեկամ-ծանոթ չունեմ: Նրան պատասխանեցի՝ «Մի բուռ ազգ ենք, մեկս մյուսի բարեկամն ենք, ինչպե՞ս կարող եմ լաց չլինել, այդպիսի աղետ է եղել»: Տղայիս խնդրեցի, որ հաջորդ օրն առավոտյան ժամը 8:00-ին մեքենա բերի և ինձ Երևան տեղափոխի: Ես ցանկանում էի իմ հնարավորության սահմաններում ժողովրդիս ձեռք մեկնել: Տղաս չէր ցանկանում տանել, որովհետև դեռևս յոթ կար ունեի, և վախենում էր, որ ճանապարհին ինձ հետ կարող է ինչ-որ բան պատահել: Ես նրան ասացի, որ, եթե ուզում է մահճակալի վրա պառկած մեռնեմ՝ պետք է թողնի ինձ այստեղ, իսկ եթե ուզում է, որ ապրեմ, պետք է տանի ինձԵրևան: Հաջորդ առավոտյան Հայաստան վերադարձանք: Երբ գնացի հիմնարկ, տեսա, որ աշխատողներից ոչ մեկն աշխատանքի չի եկել, բացի մեկից: Նրան հարցնում եմ, թե ո՞ւր են աշխատողները, պատասխանում է, թե հանրապետությունում սգի օր է հայտարարված, դրա համար էլ ոչ մեկն աշխատանքի չի եկել: Զայրացա. «Ինչպե՞ս՝ սգ իօր է, ամբողջ աշխարհը խառնվել է իրար, փորձում է մի բանով օգնել, իրենք սգի օրը տանը նստած են անցկացնո՞ւմ»: Ասացի, որ բոլորին շուտ հավաքի: Այդ ժամանակ ինձ զանգահարեց ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար Հրանուշ Հակոբյանն ու ասաց, որ Լեհաստանից 100 զինվորականներ են եկել` աղետի գոտում փրկարարական աշխատանքներ կատարելու համար, և հարցրեց, թե կարո՞ղ եմ նրանց ընդունել ու տեղավորել: Ես մեծ սիրով ընդունեցի նրանց:

– Իսկ ի՞նչ եղավ հետո, կպատմե՞ք Ձեր երազի մասին:

– Այս ամենից հետո` որոշեցի Սոչի գնալ և մի փոքր հանգստանալ, քանի որ դեռևս ամբողջովին չէի ապաքինվել: Այդ ժամանակ ինձ մոտ էր աշխատում հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Հայկազ Շահինյանը: Մի օր էլ երազիս իմ մեռած որդին` Էդուարդս է գալիս և ասում. «Պապ ջան, ինչո՞ւ որբ քույր և եղբոր համար տուն չես կառուցում»: Արթնացա, Շահինյանին երազս պատմեցի և ասացի, որ պետք է Հայաստան վերադառնամ և որդուս ցանկությունը կատարեմ: Երբ վերադարձա և երազիս մասին աղջկաս պատմեցի, հուզվեց: Ես էլ ասացի, որ պետք է անպայման գնամ Սպիտակ, այդ որբ քույր և եղբորը գտնեմ ու նրանց համար տուն կառուցեմ: Հիշում եմ՝հաջորդ օրը, երբ գնում էի Սպիտակ, անձրևում էր: Հասանք Սպիտակ: Փայտից բարաքներ էին դրված, որը ծեծում էի՝ չէին բացում, փակ էր: Մի բարաքից մարդ դուրս եկավ: Երբ նրան երազս պատմեցի, զարմացավ և միանգամից զանգահարեց Սպիտակի քաղաքապետին, պատմեց տեղի ունեցածը: Քաղաքապետն ասաց, որ Գեղասարի գյուղսովետի նախագահ Միշա Սահակյանն իր մոտ է, թող միասին գնան և Արսեն դայիի ծոռների համար, ովքեր որբ են մնացել՝ տուն կառուցեն:Միասին գնացինք Գեղասար: Ես չգիտեի, թե այն որտե՞ղ է գտնվում, սարերով-լեռներով գնում էինք: Երբ հասանք, գտանք նրանց վրանը…մի շաբաթում լուծեցի բոլոր կազմակերպչական խնդիրները և երկու օրվա ընթացքում կառուցեցի բոլոր անհրաժեշտ իրերով և սարքավորումներով հագեցած բնակարան: Վերջում էլ տան հինգ անդամներին 1000-ական ռուբլի նվիրեցի: Մի կին` Նուշիկ Նահապետյան անունով, ինձ իր ձեռքով գրված մի բանաստեղծություն նվիրեց: Այն մինչև այսօր պահում եմ: Մեջբերեմ մի քանի տող.

Ինչ խոսք, օ իմ եղբայր, գտնեմ ես քեզ օրհնելու,

Որ ցանկացար դու մեր գյուղում որբերին տուն շինելու:

Մարտուն եղբայր պատվական, հանդիպեցիր Միշային

Եվ դուք եկաք Գեղասար` լացող աչքեր սրբելու:

Աստված պահի բալեքիդ, ապրեն երկար, բախտավոր,

Հայը այդպես կլինի, մեր անծանոթ լավ եղբայր…

Լենինականում էլ թվով 32 դպրոցներ եմ կառուցել: Լենինականի մանկավարժական ինստիտուտը կառուցելուց հետո իրենց կողմից հուշանվերներ եմ ստացել: Իսկ գիտնական, ռեկտոր Կարապետ Հովսեփյանն էլ ինձ իր գրած ստեղծագործություններն է նվիրել` «ԹանկագինՄարտինՀակոբյանին, հայրենասեր հայ մարդուն, որը փրկության լույս ճառագեց աղետի գոտում» մակագրությամբ: Բախտավո րեմ, որ Լենինականի Մայակովսկու անվան դպրոցի պիոներներն ինձ որպես նվեր վզկապ են ուղարկել, այն մինչև այսօր պահում եմ:

-Մարտին պապիկ, Գեղասարի ընտանիքի հետ որևէ կապ այսօր կա՞:

-Ոչ, ցավոք, չկարողացա նրանց գտնել:

-Վերջին անգամ երբ Գյումրիում էիք, ի՞նչ փոփոխություններ նկատեցիք:

-Ծիծաղ այդքան էլ շատ չտեսա: Իհարկե, մեծ գործեր են արվել, բայց մեր կառավարությունն ավելի հետևողական պետք է լինի, որ հաջորդ սերունդն այդ վերքերը չտեսնի: Գյումրիի վերքերը շատ-շատ են, բոլորս միասին` մեր ուժերի չափով, պետք է ձեռք մեկնենք: Գյումրեցիներն իմ բարեկամներն են, ես սիրում եմ նրանց: Աշխարհի ամենաուժեղ և արժեքավոր տղամարդիկ ու կանայք Գյումրիում են: Կուզենայի, որ գյումրեցիների հումորն ավելի շատ լիներ, և ծիծաղը միշտ նրանց երեսինլ իներ:

– ՀՀ կառավարությունը Ձեզ հիշո՞ւմ է:

-Ոչ…Ես չեմ սպասում, որ ինձ կմեծարեն, պաշտոն կտան: Ինձ ոչինչ պետք չի, ցավն այն է, որ ժողովուրդն ինձ չի ճանաչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս