«Կարող են Մոսկվայում տարրական լուսանկար անել, հետո այնպես ներկայացնել, կարծես աշխարհը դրա շուրջ է պտտվում»

«Նման հայտարարություններ շատ են եղել` Իրանի և այլ երկրների հետ կապված, բայց իրականության մեջ որևէ նոր բանի չի բերել: Դժվար է սա միանգամից գնահատել, թե նշանակում է, որ ԱՄՆ-ը որդեգրում է այսպիսի կամ այնպիսի քաղաքականություն: Դա ընդամենը կարող էր լինել կոշտ հայտարարություն` ինչ-ինչ տակտիկական հարցեր լուծելու համար»,- 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հայտարարությանը` ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը դեկտեմբերի 6-ին Դուբլինում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է հակազդել Ռուսաստանի` տնտեսական ինտեգրացիայի հնարքով Խորհրդային Միության նոր տարբերակ ստեղծելու փորձին: «Մենք նկատում ենք որոշ քայլեր` տարածաշրջանի վերախորհրդայնացման ուղղությամբ»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղարը:

Անդրադառնալով Մաքսային միության և Եվրոպական միության Ազատ առևտրի գոտու շուրջ զարգացումներին` Մանվել Սարգսյանն ասաց.  «Տնտեսությունը զարգանում է, դառնում է ինտերնացիոնալ, վիզային ռեժիմները վերացվում են, ստեղծվում է ազատ առևտրի գոտի,այդ պրոցեսներն իրենք են ընթանում առանց աղմուկի: Նկատի ունեմ` այդ ամենը բնականոն գործընթացներ են:  Մենք կարող ենք խոսել ինչ-որ որակյալ միավորման մասին այն ժամանակ, երբ ստեղծվեն կազմակերպչական և միասնական ղեկավարում ունեցող կառույցներ, ինչպես Եվրամիությունն է»:

Իսկ Եվրասիական միության մասին խոսակցությունները քաղաքագետը համեմատեց ԱՊՀ-ի կազմավորման հետ. «ԱՊՀ-ն էլ էր այդպես, մի քանի հազար օրենքներ ստորագրեցին, հետո անցան տասնամյակներ, իրենք էլ հայտարարեցին, որ բացի վիզային ռեժիմից՝ որևէ բան չի էլ աշխատում: Ավելի շուտ ինձ թվում է, որ Ռուսաստանը փորձում է աշխարհաստրատեգիական ազդեցության ինչ-ինչ մեխանիզմներ ստեղծել:

Այսինքն` նա առաջարկում է մի բան, որը երբևէ չի լինելու, բայց այդ առաջարկները, հարաբերություններն օգտագործում է իրեն շրջապատող երկրներից բազմաթիվ պայմանավորվածություններ վերցնելու համար: Այդ մեկը մենք ակնհայտորեն տեսնում ենք»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ այս գործընթացները կապ չունեն կոնկրետ կառույց ստեղծելու հետ, այլ պարզապես միտված են ամրացնելու Ռուսաստանի անվտանգությունը և ազդեցությունը: «Սա մեծ երկրներին բնորոշ հասարակ քաղաքականություն է, բայց այն, որ ասում են, թե վերականգնում են Խորհրդային Միությունը` ինչ-որ կառույցի ձևով, դա լրիվ ուրիշ է, այդպիսի բան չկա: Սա աշխարհաքաղաքական մեխանիզմ է, գաղափար, որի տակ որոշակի խնդիրներ են լուծում»:

Մանվել Սարգսյանը գտնում է, որ  Հայաստանի առջև դրված չէ որևէ ընտրություն, քանի որ եվրոպական ինտեգրացիան և Եվրասիական միությունը համարժեք գործընթացներ չեն: «Սրանք տարբեր գործընթացներ են: Ո՞վ է Հայաստանին ասում` ինչո՞ւ ես անվտանգության խնդիրները Ռուսաստանի հետ կապում: Ոչ ոք,- ասաց նա` շարունակելով,-  Երբ Ռուսաստանի քաղաքականությանը նայում ենք անվտանգության տեսանկյունից, այստեղ պետք է խորապես հասկանալ, թե իրականում նա ի՞նչ քաղաքականություն է իրականացնում:

Սա կարող է շատ մեծ վտանգներ ներկայացնել: Այստեղ հարցը պետք է դիտարկել անվտանգության պրիզմայով, այլ ոչ թե՝ տնտեսական կամ քաղաքական»,- ասաց Մանվել Սարգսյանը` հիշեցնելով Վրաստանի փորձը, երբ վերջինս դուրս եկավ ԱՊՀ-ից և սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը ծանր հետևանքներ ունեցավ նրա համար:

Իսկ մեր հարցին` այս գործընթացները որևէ ձևով կապո՞ւմ եք նախագահական ընտրությունների հետ, Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Դա մերոնք են շատ հմուտ այդ ամենն այդպես ներկայացնում, շատ ավելի լուրջ, քան կա: Խաղեր են խաղում: Տեսա՞ք` Ծառուկյանը եկավ, մի օրվա մեջ բացահայտվեց, որ թղթեր են լրացնում, ինչ ուզում՝ անում են: Ես գիտեի, որ այդպես էլ պետք է լիներ: Այստեղ արհեստական լրջացումներ են տալիս` ներքաղաքական շահերից ելնելով: Կարող են Մոսկվայում տարրական լուսանկար անել, հետո այնպես ներկայացնել, կարծես աշխարհը դրա շուրջ է պտտվում»:

Քաղաքական ուժերի նման պահվածքը քաղաքագետը բացատրեց «ծառայի և տիրոջ հոգեբանությամբ», երբ «ծառան գիտի, որ ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում և փորձում է թաքնվել տիրոջ փեշի տակ», այսինքն` ձգտում է ստանալ աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնի աջակցությունը: «Սա լրջագույն խնդիր է և երրորդ աշխարհին բնորոշ աշխարհընկալում»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս